Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու ուղղությամբ


10-ամյա Կարոն մայիսի 2-ին պիտի մայրիկի հետ Կարմիր խաչի մեքենայով Ստեփանակերտից երևանյան հիվանդանոց գար, բայց նախօրենին տեղեկացան, որ դա հնարավոր չէ։

Տղան տասնյակի հասնող ծանր հիվանդություններ ունի։ Վերջին օրերին մի քանի անգամ շնչահեղության նոպաների մեջ է ընկել, գիտակցությունը կորցրել։

«Ես մենակ իմ երեխայի համար չեմ ուզում ասել։ Հստակ էդ օրվա հիվանդներից չորսին արդեն գիտեմ, որ իրոք ամեն րոպեն իրանց կյանքի համար թանկ է», - ասում է Կարոյի մայրը՝ Նարինե Դանիելյանը։

Նա պատմեց, որ մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում մի փոքրիկ աղջնակ, որ իրենց հետ Երևան պիտի գար, շարունակում է պայքարել կյանքի համար, լեշմանիոզ ունի, մայրը հղի է, հայրը մի քանի օր առաջ կաթվածից մահացավ։

12 օր է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ոչ մի շարժ չեն իրականացնում Լաչինի միջանցքով։

«Դա մեր որոշումն է։ Մենք բոլոր պատկան մարմիններին տեղյակ ենք պահել դրա մասին։ Հիմա մենք գտնվում ենք բանակցությունների փուլում բոլոր որոշում կայացնողների հետ, քանի որ պետք է պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար», - ասում է Կարմիչ խաչի միջազգային կոմիտեի արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը։

Նա շեշտում է, որ Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցակետի պաշտոնական տեղակայումից հետո տեխնիկական հարցեր կան քննարկելու. - «Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել։ Պետք է էս նոր իրավիճակում էլ հասկանալ, թե արդյոք պայմանները նույնն են մնում»։

«Ինչո՞ւ են բանակցությունները ձգձգվում, ծանր հիվանդներ, նրանց թվում փոքրիկներ ամենժամյա կյանքի վտանգի տակ են։ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն է թվիթերյան գրառմամբ ահազանգել. - «Ադրբեջանի բռնատիրական ռեժիմն ապրիլի 29-ից արգելափակել է նույնիկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շարժը։ Այժմ էլ Ադրբեջանը փորձում է հիվանդների և Կարմիր խաչի աշխատակիցների անձնագրերը ստուգել։ 30 հիվանդ սպասում է տեղափոխությանը»։

Արդրբեջանն է արգելում Կարմիր խաչի երթևեկը Լաչինի միջանցքով։ Այս մասին Արցախի օմբուդսմենն էլ է գրել։ Այսօր առողջապահական գերատեսչությունը հայտարարեց, թե Շուշիի մոտ ճամփան փակած ադրբեջանցի ուժայիներն են պահանջում, որ Կարմիր խաչի վարորդների ու հիվանդների անձնագրերն ու մեքենաները ստուգեն։

Էթերի Մուսայելյանը կրկնում է՝ իրենց որոշումն է Լաչինի միջանցքով հիվանդների չտեղափոխել, քանի դեռ պարզաբանված չեն բոլոր հարցերը։ Արդյո՞ք Ադրբեջանը անընդունելի պայմաններ է առաջադրում։ Կազմակերպության ներկայացուցիչն ասում է, որ իրենց բանակցությունների դետալները հրապարակման ենթակա չեն։

«Հանրապետական տանում եմ, ասում ա՝ ինքը մանկականի հիվանդ ա, մենք չենք կարա իրան ընդունենք։ Բա որտե՞ղ մնաց Հիպոկրատի երդումը, որտե՞ղ մնաց մարդասիրական սկզբունքը, որտե՞ղ ա օրենքը... Ես չեմ հասկանում սա ինչ ծրագիր ա, ի՞նչ կանխամտածված եղեռնի են տանում... Իմ էրեխեն ի՞նչ մեղավոր ա, որ բլոկադայում ա», - վրդովվում է Նարինե Դանիելյանը։

Քանի դեռ երևանյան հիվանդանոցն անհասանելի է, Նարինե փորձում է որդու վիճակը թեթևացնել Ստեփանակերտում, բայց չի ստացվում։ Մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում մեկ գիշեր պահել են ու «կքննարկենք երևանյան մասնագետի հետ» խոսքերով մայր ու որդուն տուն ուղարկել. - «Ապարատի տակից միանգամից անջատեցին, երեխային ուղարկեցին տուն՝ էնքան որ գլխից ցրեն»։

Մանկական հիվանդանոցը նյարդաբան չունի, Հանրապետականում 4-ը կան, ինչո՞ւ նրանց չեն հրավիրում՝ եթե փոքրիկի առողջության հարցն է, դժգոհում է մայրը. - «Չի կարելի՞ էդտեղից մի հատ նյարդաբան տանել ժամանակավոր ա, թե ինչ ա... Իսկ թվում ա, արդեն մենք էն իրավիճակում ենք, որ մենք օրենքների հետևից չպիտի ընկնենք»։

Մանկական բուժմիավորումից տեղեկացրին, որ անհրաժեշտության դեպքում կապ են հաստատում հայաստանյան մասնագետի հետ։ Ինչ վերաբերում է տղայի հոսպիտալացմանը, ապա կարծում են, որ դրա կարիքը չկա։ Այսքանը։

Մայրն ասում է՝ երեխաս ձեռքիցս գնում է, խեղդվում հազի նոպաների մեջ. - «Մարդ եմ, չհասցնեմ երեխայիս հիվանդանոց, ի՞նչ պիտի լինի էդ պահին երեխայիս հետ»։

Մուկովիսցիդոզ, էպիլեպսիա, շաքարային անկանոնություն, ոսկրային խնդիր. Կարոյի ախտորոշումների ոչ ամբողջական ցանկն է։ Նարինեն չի կասկածում, որ եթե արցախյան վերնախավում ծանոթ-բարեկամ ունենար կամ փող, կկարողանար որդուն տեղափոխել։ Ամիսներ առաջ, երբ դարձյալ Կարմիր խաչի մեքենայով Երևան էին գալիս, հասկացավ, որ մեքենայում բոլորը չէ, որ հիվանդ են. - «12 հոգով անցած անգամ մենք գնացել էինք Հայաստան, որից 4-ն էին իրական հիվանդներ»։

Ի ծնե հաշմանդամությամբ ապրող որդու մեկ ամսվա թոշակը նրան անհրաժեշտ մեկ օրվա դեղերի գումարն է՝ 45 հազար դրամ։ Երեք օր առաջ կարոն 10 տարեկան դարձավ, հազի նոպաների արանքում հասցրեց ոսկյա խաչ նվեր ստանալ։ Ումի՞ց։ Ասաց՝ Բեթմենից։

XS
SM
MD
LG