Մատչելիության հղումներ

«Մտածում եմ, որ իմ տեղս էնտեղ է, ես օր առաջ ուզում եմ գնամ». Հայաստանում ապաստանած արցախցի


Իննա Բաբայան
Իննա Բաբայան

Բերձորի մանկապարտեզի տնօրենից՝ դերձակ։ 44-օրյա պատերազմի հետևանքով տուն, աշխատանք կորցրած Իննա Բաբայանը ամուսնու ու որդու հետ հարմարվել է երևանյան նեղլիկ բնակարանում, որտեղ ավելի շատ կարի մեքենայի չխկչխկոցն է լսվում... զրույցները մնացին Արցախում։

«Կարուձևը եղավ իմ մանկության հոբբին, որը էսօր դարձավ եկամտի աղբյուր», - ասում Իննան։ - «Ես ավելի շատ ասում եմ սա իմ արտադրամասն ա, ուղղակի համատեղությամբ նաև գիշերում եմ։ Ուզում փոքրիկ ինչ-որ մի բան անեմ, բայց անընդհատ Արցախի հետ կապող։ Անգամ պատվերներ ունեցա, որ վրեն Շանելի նշանով, Նայքի նշանով... ճիշտն ասած, նման պատվերներ չեմ ընդունում։ Ու մեկ էլ որ ասում են՝ կտորը ես բերեմ, դուք կարեք, ասում եմ՝ եթե թուրքական չի, այո»։

Փոքրիկ արտադրամասի թեմատիկան ցավոտ տեղն է՝ Արցախը՝ Տատիկ -Պապիկի արձանի գլխավորությամբ։ Սրտի աշխատանք պատկերող զարկերը վկայում են՝ Տատիկ-Պապիկը ողջ են. - «Առօրյայում էլ կրում անպայման Տատիկ-Պապիկ։ Ուզում եմ, որ Արցախի լինելությունը մենք անընդհատ կոչ անենք մարդկանց, չմոռանանք»։

Հազարավոր տեղահանված արցախցիների պես, Իննան էլ անթիվ խնդիրներ ունի, այդ մասին շատ չի խոսում, ասում է՝ միևնույն է չեն լուծվում։ Բայց հիշողություններն են տանջում. - «Ցանկացած քաշաթաղցու, ցանկացած բերձորցու որ հարցնեք ամենաշքեղ տունը, երևի թե սաղն էլ կասեն, որ իմ տունն էր։ Որովհետև իսկապես տաս տարի մենք ստեղծել ենք էն, ինչ որ ես երազել եմ ունենամ։ Ամեն ինչ ունեինք... էնտեղ թողեցինք։ Ճիշտն ասած, հիմա հիշողությունով ապրում ենք, բայց կարծում եմ, առաջ շարժվելու համար նաև էդ հիշողությունը մեզ ուժ է տալիս»։

Հիմա զրոյական կետից է սկսել։ Փոքրիկ բիզնեսը ոտքի կանգնեցնելու համար հենց անծանոթ հայրենակիցներն են օգնում։ Արցախցի մի աղջիկ իր մոդելային ծառայությունն է առաջարկել, մեկ ուրիշը՝ մարքեթինգ։ Արդեն արտերկրից՝ Վիեննայից, Մոսկվայից պատվերներ ունի։

Իր կողմից ամեն մի պատվիրատուին մի գրություն է ուղարկում։ Ասում է՝ բարի խոսքը ուժ ունի, հուսով է, որ այդ փորքիկ գրությունները բումերանգի պես իրեն հաջողություն կբերեն։

«Հիմա յուրաքանչյուր արցախցուն դա օդի պես անհրաժեշտ է», - ասում է Իննան ու հոգոցով հավելում, որ տան խնդիրը դեռ լուծված չէ։ Պետական կառույցները հիպոթեքի վկայականը տվեցին ու գլուխներն ազատեցին. - «Ու իրանք էդ թուղթը տալով, մտածում են, որ ապահովել են։ Բայց նման կետեր, նման պայմաններ չկար, որ պետք ա կանխավճար վճարենք, վարկային պատմությունը... Էսօր սաղս գիտենք, որ մենք չունենք բանկային լավ պատմություն։ Կոնկրետ ես դեռ կանխավճար՝ 500-ից մինչև 800 հազար չունեմ, որ սկսեմ էդ գործարքը։ Ընդամենը մեյլիս մեջ ունեմ սերտիֆիկատի թուղթը, և մինչև հոկտեմբեր ժամանակ»։

Ստեփանակերտում տուն կգնի, թե չէ, դեռ չգիտի, երկմտում է. - «Ամենի հետ հույս ենք կապում, ռուսի հետ հույս ենք կապում, ստեղի կառավարության հետ, ամենի հետ, որ չէ, ո՞նց կարան, Արցախը ո՞նց կարան տան... Չէ, դա հնարավոր չի, դա անհավատալի ա։ Հավատացեք, իմ ամբողջ բարեկամությունս այնտեղ են, իրանք էն ձև են խոսում, որ ինձ են ավելի ուժ տալիս։ Իրանք են ինձ ասում՝ լավ ա, դու ես բլոկադայի մեջ, մեզ ինչ ա էղել... Ինչ-որ տեղ, ես ստեղ լինելով, իրանք՝ էնտեղ, ես ինձ ոնց որ դավաճան զգամ։ Մտածում եմ, որ իմ տեղս էնտեղ է, ես օր առաջ ուզում եմ գնամ։ Որ ասում են, թե ճանապարհը բացվի, և այնտեղ մարդիկ չեն մնա, ոչ։ Հարյուր քսանը [հազարը] կավելանա, չի պակասի։ Իմ կարծիքով, իմ նման շատերը կան ստեղ, որ սպասում են ճանապարհը բացվելուն»։

Երևանյան փոքրիկ սենյակում Արցախից բերված իրերը դեռ ճամպրուկների ու արկղերի մեջ են։ Իննան ասում է, որ չի ուզում այստեղ տնավորվել, բայց 100 օրն էլ անցավ, Արցախի կյանքի ճանապարհը փակ է ու փակ։

XS
SM
MD
LG