Մատչելիության հղումներ

Չարլզ 3-րդը թագադրվեց


Լոնդոնում այսօր կայացավ Չարլզ 3-րդ միապետի թագադրությունը։

Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին Չարլզ 3-րդի գլխին դրեց թագը՝ ասելով՝ «Աստված պահապան թագավորին», որից հետո Միացյալ Թագավորության ողջ տարածքում համազարկ արձակվեց։

Չարլզ 3-րդը երդվեց հավատարմորեն ծառայել Բրիտանիայի և այն երկրների ժողովուրդներին, որոնց ղեկավարն է, պահպանել օրենքները։

Չարլզ 3-րդի թագադրության հանդիսավոր արարողությանը մասնակցում էր Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ըստ նախագահի գրասենյակի՝ Խաչատրյանը մասնակցել է նաև Չարլզ 3-րդի անունից կազմակերպված ընդունելությանը և կարճ առանձնազրույցներ ունեցել թագավոր Չարլզ 3-ի, ՄԹ վարչապետ Րիշի Սունակի, ՄԹ ԱԳ նախարար Ջեյմս Քլեվերլի հետ։

Արարողությանը մասնակցում էին աշխարհի շուրջ երեք տասնյակ թագավորական տների ներկայացուցիչներն, այդ թվում` Իսպանիայի և Շվեդիայի թագավորները, Մոնակոյի իշխանը ու Ճապոնիայի կայսերական տան թագաժառանգ Ակիշինոն։

Թագադրության արարողությանը մասնակցելու համար Լոնդոնում էր նաև Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենը։

Այսպիսով Վաշինգտոնը չի խախտել ավանդույթը, ըստ որի, ԱՄՆ նախագահները երբեք չեն մասնակցում Մեծ Բրիտանիայի միապետերի թագադրության արարողություններին։

Այսօրվա արարողությանը ներկա էին նաև Չարլզ 3-րդ-ի որդիները՝ թագաժառանգ Ուիլյամը և արքայազն Հարին։

Ի տարբերություն ավագ եղբոր՝ Հարին իր հոր թագադրության արարողությանը մասնակցել է միայնակ։ Նրա կինը՝ դերասանուհի Մեգան Մարքլն ու երկու զավակները գերադասել են մնալ Միացյալ Նահանգներում։

XS
SM
MD
LG