Մատչելիության հղումներ

Փաշինյանը վստահեցնում է՝ ինքը Արցախը չի հանձնել, ամեն ինչ արել է, որպեսզի բանակը պատրաստ լինի պատերազմի


Փաշինյանը վստահեցնում է՝ ինքը Արցախը չի հանձնել, ամեն ինչ արել է, որպեսզի բանակը պատրաստ լինի պատերազմի: Այս մասին Հայաստանի վարչապետը հայտարարեց Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Պրահայում տեղի ունեցած հանդիպմանը։

Հանդիպման մասնակիցներից մեկը՝ ներկայանալով որպես արցախցի, Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է խաղաղության գնում՝ հողեր զիջելով․ նա հորդորեց վարչապետին թողնել պաշտոնը և «ավելի խելացի մարդկանց» թողնել հարցի լուծումը։ Կառավարության ղեկավարը պնդեց՝ ինքն Արցախը չի հանձնել, այլ արել է «ամեն ինչ», որպեսզի բանակը պատրաստ լինի պատերազմին։

«Իսկ, կներեք, դուք ինչո՞ւ եք Չեխիայում ապրում», - արձագանքեց Փաշինյանը՝ շարունակելով, - «ես Արցախը չեմ հանձնել։ 2018 թվականից ես ամեն ինչ արել եմ, որ Պաշտպանության բանակը պատրաստ լինի պատերազմի։ Ամեն ինչ արել եմ»։

Վարչապետը պնդեց, թե հողերի զիջումը առանցքային խնդիր է եղել բանակցային ողջ գործընթացում և եթե մեկը կասի, թե ինքը պատրաստվում էր հող չզիջել՝ կստի։ Կառավարության ղեկավարը հավաստիացրեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրել է «30 հազար զինվորի» գերությունից փրկելու համար, և «եթե հիմա ԼՂ-ում ապրում են հայեր, չէին ապրելու»։

«Մեր խնդիրն այն է, որ մենք մի տեղ ապրել ենք, ուրիշ տեղ հայրենիք ենք համարել և սովորաբար որտեղ ապրել ենք, այդտեղ հայրենիք չենք համարել», - չեխահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի առաջնորդը։

«Այդ հողերը, որ ասում եք՝ հանձնել ենք, քանի մարդ էր ապրում այդ հողի վրա։ 30 տարվա ընթացքում քանի՞ մարդ էր ապրում այդ հողի վրա։ Ի՞նչ ավելացված արժեք էր ստեղծվում այդ հողերի վրա մեր բանակի համար, մեր պետության համար, քանի՞ կոպեկի հարկ է գեներացվել, որ մեր զինվորն ավել աշխատավարձ ստանա։ Համարյա՝ ոչ մի բան»,- պնդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով վերջ դնել «հայրենիքը հեռվից սիրելու սովորությանը»:

«Հողը դուք եք հանձնել, որ հաղթանակած հողը թողել եք, եկել եք երջանիկ կյանքով ապրում եք Պրահայում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

XS
SM
MD
LG