Մատչելիության հղումներ

Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ. Նիկոլ Փաշինյան


Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ, հայտարարեց Հայաստանի վարչապետ Փաշինյանը՝ Պրահայում պատասխանելով «Ազատության» հարցին՝ որո՞նք են այն հարցերը, որոնց շուրջ վաշինգտոնյան բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մնացել են տարակարծիք։

«Չնայած Պրահայում և Սոչիում եղել է արձանագրումը, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց մենք խաղաղության պայմանագրի նախագծի մեջ դեռևս չենք կարողանում համաձայնության հասնել այն ձևակերպումների շուրջ, որոնք մեզ վստահություն կտան, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ տարընթերցումներ կան նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում, և դրանք պահպանվում են:

«Հաջորդ կարևորագույն հարցը՝ ցանկացած պայմանագիր, նույնիսկ ամենամիանշանակ գրվածները ունենում են տարընթերցումներ․ ինչպե՞ս պետք է այդ տարընթերցումները լուծվեն։ Դելիմիտացյիայի պրոցեսի հետ կապված խնդիր կա, շատ կարևոր խնդիր է ի վերջո՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո խաղաղության երաշխավորման հարցը։ Նկատի են առնվում և՛ միջազգային մեխանիզմները, և՛ տեղայինը, մասնավորապես, զորքերի և ուժերի դիրքավորման հետ կապված հարցերը՝ ով որտեղ, ինչպես պետք է դիրքավորվի, արդյոք մենք չպետք է ունենանք դելիմիտարիզացված՝ ապառազմականացված գոտի։ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում կան տարընթերցումներ, և դրանք պահպանվում են։ Այդ հարցերի շուրջ կարող է լինել որոշակի շարժ, բայց եթե տարբերությունը 1 կմ էր, դարձավ՝ 999 մետր, այո, որոշակի մոտեցանք, բայց ճեղքը շարունակում է մնալ շատ մեծ», - նշեց վարչապետը:

Հայաստանն աշխատում է տարբերակի վրա, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարթակում

Հարցին՝ Հայաստանը ո՞ր տարբերակով է շարժվում, որ Արցախի հարցը առկախվի և ռուս խաղաղապահները գնան, թե՝ որ Արևմուտքը անվտանգության երաշխիքներ տա Արցախում ապրող հայերին, Փաշինյանը պատասխանեց՝ Հայաստանն աշխատում է տարբերակի վրա, որ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարթակում, որը պիտի ունենա որոշակի միջազգային ներգրավվածություն․ «հակառակ դեպքում այդ թեման և օրակարգը Ադրբեջանի կողմից կարող է ուղղակի մոռացության մատնվել»։

Միևնույն ժամանակ, վարչապետը պնդեց, թե Վաշինգտոնում սկսված քննարկումը կարող է շարունակվել Մոսկվայում՝ հերքելով պնդումները, թե արևմտյան ու ռուսական նախագծեր կան, որոնք իրարից տարբերվում են։

«Երբեմն կարդում եմ նյութեր, լսում հարցազրույցներ, ուզում եմ հասկանամ՝ մարդիկ էդ ինչի՞ մասին են խոսում։ Եթե ես վարչապետը չլինեի, կմտածեի՝ ինչ-որ բան չգիտեմ», - ասաց Փաշինյանը, հավելելով, թե Արևմուտքից եղել են մոտեցումներ, բայց ոչ տարբերակ՝ թղթի վրա գրված։

«Մոտեցումը բանավոր է, և եթե դա դնենք, թղթի վրա, կարող է պարզվել, որ սխալ ենք հասկացել, էդքան էլ տենց չի։ 2022 թվականի օգոստոսին ռուսական կողմը ներկայացրել է գրավոր առաջարկ, մենք ընդունել ենք, Ադրբեջանը՝ մերժել է։ Մենք չենք տեսել Ռուսաստանի կողմից այդ տարբերակը երկրորդ անգամ սեղանին դնելու գործընթաց», - նշեց վարչապետը։

Ճշգրտող հարցին՝ Սոչիում նման փորձ չեղա՞վ՝ Փաշինյանը կրկնեց իր պատասխանը, որ նման փորձ Մոսկվան այլևս չի արել։

«Որ պահին, որ դա դրվի սեղանին, մենք պատրաստ ենք դրանով առաջ գնալ։ Բայց Ռուսաստանի Դաշնությունը ինչքանո՞վ է հետապնդում էդ տարբերակը», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը։

«Մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, եթե Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել, այո, մենք պատրաստ ենք»

Դիտարկմանը, որ Բաքուն ՄԱԿ-ում ներկայացրել է պահանջ՝ Հայաստանը պետք է վերադարձնի «դեռևս օկուպացված 8 գյուղերը», Երևանն էլ ի պատասխան նշում է, որ Ադրբեջանն էլ իր հերթին է գյուղեր օկուպացրել, օրակարգում դրանց փոխանակման կամ վերադարձի հարց կա՞, Փաշինյանն արձագանքեց՝ «եթե Ադրբեջանը պատրաստ է ետ վերադարձնել, մենք պատրաստ ենք»:

«Մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, և գյուղը մենակ գյուղապետարանի շենքը չի, կամ, ենթադրենք, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար, պատրա՞ստ է Ադրբեջանը վերադարձնել, [եթե պատրաստ է], այո, մենք պատրաստ ենք: Բայց այստեղ ուրիշ հարց կա. ենթադրենք՝ Ադրբեջանի կամ՝ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա,և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում: Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի», - ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ շատ հնարավոր է՝ ոչ թե դա տեղի ունենա, նոր ստորագրվի խաղաղության պայմանագիր, այլ պայմանագիրը ստորագրվի այն մասին, թե դա ֆիզիկապես ինչպես և ինչ ժամկետներում պետք է տեղի ունենա:

«Մենք պատրաստ ենք՝ ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք, այլ՝ ստորագրենք, նոր հետ գնան, մենք էլ, իրենք էլ, բայց դա պետք է գրվի և ստորագրվի այնպես, որ տարընթերցման տեղիք չտա», - հավելեց Նիկոլ Փաշինյանը:

«Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին

Հայաստանի ղեկավարը նաև ասաց, որ Իլհամ Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին, ինչի մասին պաշտոնական Բաքուն բազմիցս էր հայտարարել 44-օրյա պատերազմից առաջ: Հարցին՝ինչու է այդ մասին հիմա միայն խոսվում, մինչդեռ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում էր Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի, Արցախի ինքնորոշման մասին, Փաշինյանն ասաց․ «Մենք այդ ճանապարհով գնալիս է, որ հանդիպել ենք էս խնդիրներին: 30 տարի մենք ասում էինք ինքնորոշում, ինքնորոշում՝ առանց ֆունդամենտալ պրոբլեմը հասկանալու։ Այո, մենք մեր խնդիրը չենք ախտորոշել մինչև վերջ: Խնդիրները մենք դրել ենք, ձևակերպել ենք և գնացել ենք այդ խնդիրների հետևից»:

«Այո, պետք է դնել [իրատեսական խնդիրներ], բայց դրա համար պետք է նախ իրականությունը հասկանալ և ըմբռնել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ազատության» հարցին՝ «որոշումներ կայացնելուց առաջ չէ՞, որ պետք է հասկանալ և ըմբռնել», Հայաստանի վարչապետը պատասխանեց. - «Այո, պետք է որոշումներ կայացնելուց առաջ հասկանալ և ըմբռնել։ Ճիշտ եք անում, որ այդ հարցը հասցեագրում եք մեր կառավարությունը, բայց այդ հարցը պետք է հասցեագրել բոլորիս, մեր պետությանը, որովհետև կառավարությունը ինչքան էլ կառավարություն լինի, եթե նույնիսկ էդքան խորը հենց առաջին վայրկյաններից տիրապետի խնդրին, ինքը չի կարա սենց գա և ծորակը փակի, ասի՝ վերջ, էսօրվանից մենք փոխում ենք մեր դիտանկյունը, որովհետև կառավարություն ը հանրության մաս է, մանավանդ այն կառավարությունը, որ ժողովրդի հետ և ժողովրդով է եկել իշխանության»:

«Դատապարտում եմ թքելու բոլոր փորձերը, բոլոր մարդկանց վրա»

Պատասխանելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին առնչվող միջադեպի վերաբերյալ հարցին, թե ինչպես է վերաբերում, երբ Հանրապետության երկրորդ պաշտոնյան թքում է մարդու վրա, որը իր կառավարությունը հայտարարել էր որպես բարձրագույն արժեք, Փաշինյանն ասաց. - «Պաշտոնյան էլ է մարդ, ինքն էլ արժեք և դա չի նշանակում, որ իրա վրա կարելի է թքել, ես դատապարտում եմ թքելու բոլոր փորձերը, բոլոր մարդկանց վրա»:

«Իհարկե, սխալ է տեղի ունեցել, բայց այդ սխալը տեղի է ունեցել ոչ թե նրա համար, որ այդ սխալի հեղինակը Հանրապետության երկրորդ պաշտոնյան է, տեղի է ունեցել նրա համար, որ այդ հանրապետության երկրորդ պաշտոնյան մարդ է, այ, եթե ինքը լիներ աստված էդ սխալն իրան թույլ չէր տա», - ասաց վարչապետը:

XS
SM
MD
LG