Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական բանակցություններում  ԱՄՆ-ը առաջընթաց է տեսնում


Վաշինգտոնում երեք օր ընթացած հայ-ադրբեջանական բանակցություններում Միացյալ Նահանգներն առաջընթաց է տեսնում, ողջունում ու խրախուսում շարունակել դրանք, «Թվիթեր»-ում գրել է Միրզոյանի ու Բայրամովի հետ երեկ հանդիպած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ առանց հստակեցնելու՝ ո՞ր հարցերում է այդ դրական տեղաշարժը։

Փաշինյանը երեկ հաստատել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները կոնկրետ փաստաթղթի շուրջ են ընթանում։

«Այս պահին մենք պիտի արձանագրենք այսօրվա խնդիրը, որը ԼՂ հայության անվտանգության խնդիրն է»

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» ասում են՝ դա խաղաղության համաձայնագրի նախագիծն է։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող Սարգիս Խանդանյանի խոսքով՝ վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում քննարկվում է Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքի հետքաշման, դրանից հետո սահմանազատում անելու, ինչպես նաև՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրման հարցերը։

Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները Ադրբեջանը կտրականապես մերժում է, արդեն երկու տարի է՝ ոչ միայն դուրս չի գալիս Հայաստանի ինքնիշխան տարածքից, այլև՝ նոր հատվածներում է առաջանում։

Ուստի հարցերից որի՞ շուրջ է հաջողվել մոտեցնել տեսակետները, ի՞նչ առաջընթացի մասին էր խոսում ամերիկյան կողմը։

«Առաջընթացի կամ բանակցությունների ընդհանրապես բովանդակության վերաբերյալ այս պահին շատ ասելիք չունեմ, բանակցությունները ընթանում են, և կարծես թե ամերիկյան բանակցությունները այսօր ավարտվում են: Մեր ամբողջ խնդիրն է, որպեսզի միջազգային հանրության, միջնորդների ճնշումն այնքան մեծանա Ադրբեջանի, որ Ադրբեջանը ի վերջո զորքերը հետ քաշի Հայաստանի ինքնիշխան տարածքից, որը նաև լավ հիմք կհանդիսանա խաղաղության համաձայնագրի ստորագրման համար», - ասաց նա:

Իշխանական Սարգիս Խանդանյանը բանակցություններից ոչ մի մանրամասն չբացահայտեց, այդ թվում՝ թե Արցախի մասով ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Հարցին՝ Ադրբեջանի հետ բանակցություններում հայկական կողմը բարձրացնում է Արցախի ինքնորոշման հարց, ՔՊ-ական պատգամավորը խոսեց միայն Բաքու-Ստեփանակերտ միջազգային տեսանելի մեխանիզմի ներքո երկխոսությունից։

«Այս պահին մենք պիտի, կարծում եմ, արձանագրենք այսօրվա խնդիրը, որը Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության խնդիրն է, իրավունքների խնդիրն է, և առաջ շարժվենք այդ խնդիրները հասցեագրելու ուղղությամբ: Խոսքը Բաքու-Ստեփանակերտ միջազգային տեսանելիության պայմաններում երկխոսության մեխանիզմի մասին է, և հենց սրա շուրջ էլ մենք փորձում ենք արդյունքների հասնել», - ասաց Խանդանյանը:

«Այս իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է»

Եթե անգամ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն էլ հաջողվի գլուխ բերել, ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը միևնույն է՝ խնդիրներ է տեսնում։ Ասաց՝ դա կնշանակի Արցախը թողնել Ադրբեջանի հետ միայնակ:

«Մեզ համար առաջընթացը կարող էր այն լինել, որ մենք Արցախի ինքնորոշման հարցը կարողանայինք իսկապես տեղավորել այդ փաստաթղթում, ուրիշ առաջընթացի մասին ես չեմ կարող արձանագրել», - նշեց Թովմասյանը:

Ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ վաշինգտոնյան բանակցությունների արդյունքների հարցում վատատես է։

«Այս բանակցություններում մեկ էլ պատահաբար հայտնվում է Ռուբեն Ռուբինյանը, ով Թուրքիայի հետ բանակցությունների «մասնագետ է», այսինքն` այս իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է՝ ամեն ինչից հրաժարում», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը:

Այսօր հայ-ադրբեջանական քննարկումների վերջին օրն է։ Փակման նիստին, Պետդեպարտամենի հաղորդմամբ, երեկոյան կմասնակցի նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ Նիստը Երևանի ժամանակով 21։45 է նշանակված։

Իլհամ Ալիևն ասել էր՝ Միրզոյան-Բայրամով հաջորդ բանակցությունները տեղի կունենան Ռուսաստանում՝ մայիսին, Երևանից միայն հաստատում են, որ բանակցություններ նախապատրասվում են, բայց օրը չեն հստակեցնում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG