Մատչելիության հղումներ

Աշխատանքի օրվա կապակցությամբ վարչապետն ու նախագահը շնորհավորական ուղերձներ են հղել


«Աշխատանքը և կրթությունն են բոլոր խնդիրների լուծման բանալին»

«Աշխատանքը և կրթությունն են մեր ունեցած բոլոր խնդիրների լուծման բանալին», - հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձում։

«Գիտելիքի վրա հիմնված աշխատանքն առաջընթաց է, կրթություն է, արդյունավետություն ու ստեղծագործական հաճույք: Հենց այս սկզբունքի վրա են հիմնված այն տնտեսական հաջողությունները, որ այսօր ունենք: Հենց այս սկզբունքի վրա հիմնվող հարյուրհազարավոր աշխատողներն ու տնտեսվարողներն են ապահովում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի տպավորիչ եկամուտները, հենց նրանք են մեծացնում հարգանքն աշխատանքի և կրթության նկատմամբ, ապացուցելով, որ գիտելիքի վրա հիմնված աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել անհավատալի հաջողությունների», - ասված է ուղերձում, որը հրապարակել է վարչապետի աշխատակազմի լրատվականը։

«Աշխատանք՝ հիմնված գիտելիքի վրա և գիտելիք՝ ամրացած աշխատանքով ու փորձով. ահա այն սկզբունքը, որ արդիական ու մրցունակ պետք է դարձնի մեր տնտեսությունը, մեր բանակը, մեր դիվանագիտությունը, մեր կրթական համակարգը և ընդհանրապես՝ մեր պետությունը: Ընդ որում, բազմաթիվ ոլորտներում կարևորելով ստանդարտների հաստատումը, գիտելիքի ստանդարտացումն ամենևին էլ օգտակար չենք համարում, որովհետև պատշարին հարկավոր է ի՛ր գործի համար անհրաժեշտ գիտելիքը, փականագործին ի՛ր, դիվանագետին ի՛ր, զինվորականին ի՛ր: Բայց միանշանակ է և աներկբա, որ միայն գիտելիքի վրա հիմնված աշխատանքը կարող է զարգացման բերել և առաջընթացի», - հայտարարում է վարչապետը։

«Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա առիթով և շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով բարձրացնում են Հայաստանը: Հատուկ շնորհավորում ու ողջունում եմ այն օտարերկրացիներին, ովքեր աշխատանքի և տնտեսական գործունեության վայր են ընտրել մեր երկիրը: Բարով եք եկել», - ասված է ուղերձում։

«Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական, անդուլ ու նվիրված աշխատանքի արդյունքում»

Աշխատանքն ինչպես անհատի ու քաղաքացու, այնպես էլ պետության բարեկեցության ու զարգացման առաջնային գրավականն է, իր ուղերձում ասել է նախագահ Վահագն Խաչատրյանը՝ շեշտելով՝ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական, անդուլ ու նվիրված աշխատանքի արդյունքում:

«Մեր անկախ պետականությունն էլ յուրովի աշխատանքի արդյունք է», - ասել է նախագահը՝ շարունակելով․ - «Այսօր մեր երկրի զարգացման օրակարգը ձևավորվում է Հայաստանի քաղաքացիներիս համատեղ, միասնական աշխատանքով և այդ աշխատանքի արդյունքում էլ մենք կկառուցենք մեր երազանքի հայրենիքը՝ նորարարական, զարգացած, ժողովրդավար ու ապագային նայող Հայաստանի Հանրապետություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG