Մատչելիության հղումներ

Արցախում ապրող ՀՀ քաղաքացիներն ահազանգում են՝ փաստաթղթերի ժամկետները լրանում են, դրանք թարմացնելու հնարավորություն չունեն


Ստեփանակերտ
Ստեփանակերտ

«Մարդիկ կոնկրետ կանգնում են խնդիրների առջև»․ Արցախում ապրող Հայաստանի քաղաքացիներն անձնագրի ժամկետը լրանալուց հետո ոչ նոր անձնագիր են ստանում, ոչ էլ կարողանում են հնի ժամկետը երկարաձգել, ահազանգում է «Վերնատուն» վերլուծական կենտրոնի ղեկավար Արշակ Աբրահամյանը։

Շրջափակված Արցախից չեն կարող մարդիկ հասնել իրենց հայաստանյան գրանցման վայրեր։ Ժամկետանց անձնագրերի պատճառով շատերը զրկվում են ֆինանսական միակ աղբյուրից։

«Կան նաև թոշակառու տարիքի քաղաքացիներ, ովքեր իրենց կենսաթոշակը ստանում են Հայաստանի Հանրապետությունից Արցախ փոխանցումների միջոցով, հաշվի առնելով նաև բանկային քարտերի հնարավորության սահմանափակման հետ կապված, հիմնական խնդիրը դրանում է կայանում, որ մարդիկ զրկված են անձնագրի միջոցով հավելյալ գործարքներ կնքելու հնարավորությունից», - «Ազատությանը» փոխանցեց «Վերնատուն» վերլուծական կենտրոնի ղեկավարը։


Արշակի ընտանքիը 9 տարի առաջ է հաստատվել Արցախում, Հրազդանի գրանցում ունեն, հիմա նրա կենսաթոշակառու մայրիկի բանկային քարտի ժամկետը լրացել է, անձնագրինը շուտով կլրանա՝ փաստաթղթերը թարմացնելու տարբերակ չկա։

Արշակ Աբրահամյանն ասում է՝ այսպիսի բազմաթիվ ահազանգեր է ստացել այլ քաղաքացիներից։

«Թեկուզ կարճաժամկետ, թեկուզ անձնագրին փոխարինող փաստաթուղթ տրվի, որպեսզի մարդիկ կարողանան իրենց նպաստները, թոշակները ստանան Հայաստանի Հանրապետությունից, որովհետև շատ հաճախ նրանց միակ եկամուտի աղբյուրը, շրջափակման պայմաններում, հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունից եկող նպաստները, թոշակները և այլ, թեկուզ բարեկամների կողմից ուղարկված գումարները, որով նրանք գոյատևում են շրջափակման պայմաններում։ Բնականաբար, այդ հարցը թեկուզ կարճաժամկետ, բայց որոշակի լուծումներ ես ակնկալում եմ, որ պետք է լինեն», - ասաց «Վերնատուն» վերլուծական կենտրոնի ղեկավարը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս խնդիրը երեկ քննարկել է համապատասխան մարմինների հետ՝ լուծման հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով, տեղեկացնում են պաշտպանի գրասենյակից և այս խնդրին բախված քաղաքացիներին հորդորում դիմել իրենց։

Հստակ թիվ չկա, թե քանի հոգի է այժմ անձը հաստատող ժամկետանց փաստաթղթով մնացել Արցախում։

«Մարդիկ եկել են, Արցախում ծավալում են իրենց գործունեությունը, իրենց գործունեությամբ փորձում են Արցախը պահել հայկական, և չլինի այնպես, որ ստիպված, այդ ֆինանսական կոմպոնենտի բացակայության պատճառով, մարդիկ զրկվեն իրենց մինիմալ եկամուտներից և ստիպված թողնեն և հեռանան Արցախից, ինչը հենց Ադրբեջանի ուզածն է», - ասաց Աբրահամյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG