Մատչելիության հղումներ

Երևանը և Բաքուն ուսումնասիրում են ՄԱԿ-ի դատարան միմյանց ներկայացրած առարկությունները


Նիդերլանդներ - ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի շենքը՝ Խաղաղության պալատը Հաագայում, արխիվ
Նիդերլանդներ - ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի շենքը՝ Խաղաղության պալատը Հաագայում, արխիվ

Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերով ապրիլի 21-ին Հայաստանը սահմանված ժամկետում ներկայացրել է նախնական առարկություններ Ադրբեջանի հայցադիմումի վերաբերյալ։

Միաժամանակ, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի հրապարակած պարզաբանման համաձայն, Հայաստանը ստացել է նաև Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Հայաստանի ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ։

Հայաստանի կողմից ներկայացրած նախնական առարկությունները վերաբերում են Ադրբեջանի հայցադիմումում տեղ գտած պահանջների մեծ մասին, ասված է հաղորդագրությունում:

Հայաստանն իր ամբողջական հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրել է Դատարան այս տարվա հունվարի 23-ին, միաժամանակ ստանալով նաև Ադրբեջանի ամբողջական հայցադիմումն ընդդեմ Հայաստանի։

«Դատարանի Կանոնների համաձայն պետություններն իրավունք ունեն ներկայացնել նախնական առարկություններ (Preliminary Objections) մյուս կողմի ամբողջական հայցադիմումի վերաբերյալ՝ այն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում։ Նախնական առարկություններով պետությունները բարձրացնում են Դատարանի իրավազորության բացակայության և հայցապահանջների անընդունելիության վերաբերյալ փաստարկներ և հիմնավորումներ։

Նախնական առարկություններ ստանալուց հետո Դատարանն իր Կանոնների համաձայն կասեցնում է գործի ըստ էության քննությունը մինչև նախնական առարկությունների վերաբերյալ որոշում կայացնելը», - ասված է հաղորդագրությունում:

Կողմերը հնարավորություն ունեն ներկայացնել իրենց դիտարկումները մյուս կողմի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ Դատարանի կողմից սահմանվելիք ժամկետում։

Պաշտոնական Երևանն իր հայցադիմումում ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի խտրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և հատուցել պատճառած վնասը։ Բաքուն, իր հերթին, Դատարանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի խտրական վերաբերմունքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG