Մատչելիության հղումներ

Գյումրիում մեկնարկում է առաջին միջազգային թատերական փառատոնը


Գյումրիում այսօրվանից մեկնարկում է առաջին միջազգային թատերական փառատոնը։

17 օր Գյումրին հյուրընկալելու է շուրջ 500 արտիստների ու թատերական գործիչների։ Փառատոնը մեկնարկում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Մեծ լռություն» ներկայացմամբ, որը նվիրված է Մեծ եղեռնի զոհ դարձած մտավորականներին։

Ապրիլի 24-ը որպես բացման օր ընտրելը նպատակ ունի ցույց տալու, որ Ցեղասպանությունից հետո էլ հայկական մշակույթը զարգանում է, ասում է Մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանը. - «Եվ հենց ապրիլի 24-ին մենք հաստատում ենք մեր ստեղծարար լինելը, մեր մշակութային լինելը, վերածնված ու հեռանկար ունեցող ազգ լինելու գաղափարը»։

Թատերական փառատոնին մասնակցում են երկու տասնյակից ավելի թատրոններ ու թատերական խմբեր Երևանից, մարզերից, նաև Վրաստանից ու Ռուսաստանից։

Արտասահմանից մասնակցելու այլ հայտեր ևս են եղել, սակայն Գյումրիի դրամատիկական թատրոնի տեխնիկական հագեցվածությունը թույլ չի տալիս ավելի մեծ քանակի հյուրեր ընդունել, ասում է նախագծի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը. - «Ցավոք սրտի, էն մեծ միջազգային թատերախմբերը, որոնց հետ մենք բանակցում ենք թատերական ներկայացումներ բերելու համար, այն տեխնիկական հնարավորությունները, որ մենք ուղարկում ենք մեր Գյուրիի դրամատիկական թատրոնի, մեղմ ասած, ցավալի է, և շատ թատերախմբեր և մեծ մենեջերներ զարմանում են, որ ցավոք սրտի, տարիներ շարունակ էս տեխնիկական միջոցներին ուշադրություն չի դարձվել և գործածվում են միջոցներ, որոնք վաղուց արդեն իրանք չգիտել էլ, որ էդ միջոցները գոյություն ունեն, կամ իրենց թանգարաններում են ցուցադրվում, որ ժամանակին էս տեխնիկական միջոցներով են աշխատել։։

52 մլն դրամ է փառատոնի բյուջեն, որի առյուծի բաժինը՝ շուրջ 43 մլն դրամը, ԿԳՍՄ նախարարությունն է տրամադրել։10 մլն դրամ տրամադրել է Երևանի քաղաքապետարանը և խորհրդանական 1,5 մլն դրամ՝ Գյումրիի քաղաքապետարանը։

Տիգրան Վիրաբյանի խոսքով, Գյումրիի սուղ բյուջեն թույլ չի տալիս մշակութային մայրաքաղաքին վայել ծախսեր անել, դրա համար փորձում են այլ աղբյուրներ գտնել. - «Հայաստանի երկրորդ քաղաքի, որը մենք ասում են մշակութային մայրաքաղաք, տարեկան միջոցառումների բյուջեն 30 միլիոն դրամ է ընդամենը, մինչը մայրաքաղաքինը՝ 2 միլիարդ և ավելի։ Դա, կարծում եմ, ուղիղ խոսում է այն մասին, որ մենք էստեղ անելիք ունենք, և պետությունը անելիք ունի, որովհետև հռչակել մշակույթի մայրաքաղաք և չտալ ֆինանսական հնարավորություն, քաղաքը չունենա ֆինանսական հնարավորություն, պիտի առնվազն մենք կարողանանք այլ մեծ քաղաքների ֆինանսական, ստեղծագործական ներուժը օգտագործենք»։

Փառատոնի շրջանակներում ներկայացումներից բացի, կլինեն քննարկումներ, հատկապես թատերական բուհերի ուսանողների ու թատերական գործիչների համար։ Փառատոնի վերջին երկու օրերին էքսպերիմենտալ ներկայացում-քննարկումներ կլինեն, որոնց արտերկրի թատրերական խմբեր են մասնակցելու։ Նաև վարպետության դասեր կլինեն։

«Գյումրի կգան թատերախմբերի Իրանից, թատերախմբերի կլինեն Ֆրանսիայից և բեմադրիչներ։ Նաև մայիսի 8-ին աշխարհահռչակ Ռոբերտ Ստուրուան իր վապետության դաս-քննարկումը կանցկացնի Գյումրու թատերական ինստիտուտի ուսանողների հետ», - փոխանցեց Վիրաբյանը։

Թեև փառատոնն անցկացվում է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, Գյումրիի թատրոնից փառատոնին ներկայացում ընդգրկված չէ։ Գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանն ասում է, թե իմաստ չուներ, քանի որ գյումրեցի հանդիսատեսը աճեմյանցիների խաղացանկին ծանոթ է։ Դրա համար որոշել են փառատոնի օրերին հյուրախաղերով այլ մարզեր գնալ. - «Հայաստանը մի քիչ նման ա շերեփուկի. մեծ գլուխ՝ Երևան և փոքր փոչ՝ մնացած բոլոր շրջանները։ Չէ։ Պետք է իսկապես էնպես անել, որ էս հաղորդակցությունը ընդամենը փոքր Հայաստանում շատ լինի... Շատ սեղմ լինի, շատ մտերմիկ լինի, որպեսզի բոլոր իրար հետ շփվեն։ Սա է զարգացման նախադրյալը»։

Արյդոք շարունակական կլինի Գյումրիի թատերական միջազգային փառատոնը։ Մշակույթի փոխնախարարի խոսքով՝ դա կախված է այս փառատոնի արդյունքներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG