Մատչելիության հղումներ

Տեղում իրավիճակը հարաբերական կայուն է․ ԳՇ պետ


Տեղ գյուղում իրավիճակը հարաբերական կայուն է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զինված ուժերի Գշխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ չպատասխանելով հարցին, թե արդյո՞ք այսօր Տեղում սահմանազատման աշխատանքներ են իրականացվում։

«Ես դրա հետ գործ չունեմ», - ասաց Ասրյանը՝ շեշտելով՝ Գլխավոր շտաբի պետը սահմանազատման հարցերով չի զբաղվում։

«Սահմանազատման և սահմանագծման աշխատանքների համար ստեղծված է համապատասխան հանձնաժողով, այդ հանձնաժողովն այդ աշխատանքներով զբաղվում է, Գլխավոր շտաբի պետն ունի ներկայացուցիչ հանձնաժողովի կազմում, ձեր պատասխանները կարող է տալ հանձնաժողովը», - ասաց Ասրյանը։

Մարտի 30-ին Բաքուն հայտարարեց, թե Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նախ հայտարարեց, որ ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել, ապա մեկ այլ հայտարարությամբ տեղեկացրեց, որ սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում այդ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է՝ առանց հստակեցնելու, թե ինչի մասին է խոսքը։

Մինչ Տեղի բնակիչներն ահազանգում էին, որ ադրբեջանցիներն ամրանում են իրենց դաշտերում, կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դարձյալ առանց մանրամասներ ներկայացնելու, կրկնեց՝ իրավիճակի որոշ բարելավում կա․ - «Մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»։

Օրեր անց Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Փաշինյանը տեղեկացրեց, որ Տեղ գյուղում այդ 5 կմ խնդրահարույց սահմանից 1.4-ն արդեն ճշգրտվել է։

Հարցին, թե վաչապետի հայտարարությունից օրեր անց այդ թիվը փոխվե՞լ է, Ասրյանը պատասխանեց․ - «Կիլոմետր, հեկտար, այդպիսի հարցեր զինվորականին մի տվեք։ Զինվորականն ունի հենակետ, շրջան, դիրք»։

Ճշտող հարցին, թե քանի՞ դիրք ենք հետ բերել, ԳՇ պետը պատասխանեց․ - «Մենք կանգնած ենք Տեղի մատույցներում, մեր համապատասխան մատույցների վրա, իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ, իսկ ինչ վերաբերում է, թե ինչքան ենք տարել, ինչքան ենք բերել՝ պաշտոնական լրահոսում»։

ԳՇ պետը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանցիներն էլ տեղակայված են հայկական ստորաբաժանումների բնագծերի դիրքերի դեմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG