Մատչելիության հղումներ

Գյուղի տարածք ներխուժած ադրբեջանցիները մեկ սանտիմետր անգամ հետ չեն գնացել. ահազանգում է Տեղի համայնքի բնակիչը


Տեղ գյուղի տարածք ներխուժած ադրբեջանցիները մեկ սանտիմետր անգամ հետ չեն գնացել, «Ազատության» հետ զրույցում այսօր ահազանգեց համայնքի բնակիչներից մեկը՝ ընդգծելով, որ այսօր էլ ադրբեջանցիները շարունակել են բնակիչներին պատկանող հողերում խրամատներ փորել։

«Տեղ գյուղի տակից մի սանտիմետր հետ չեն գնացել ադրբեջանցիք։ Իրանք էլ ինժեներական աշխատանքները շարունակում են։ Նույնպես էլ մենք։ Ադրբեջանցիները հենակետեր են սարքում, խրամատներ են քանդում», - ասաց նա։

Վարչապետն այդպես էլ չհստակեցրեց, թե արդյոք սահմանային ճշգրտման արդյունքում ադրբեջանցիները դուրս են եկել Հայաստանի սուվերեն տարածքից

Վարչապետ Փաշինյանը երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պնդել էր, թե Տեղ գյուղի տարածքում 11 կիլոմետր սահմանային հատվածից 5-ը եղել է վիճարահույց, սակայն այդ 5 կիլոմետրից 1,4 կիլոմետրը ճշգրտվել է և մնացել է 3,6 կիլոմետրանոց հատվածը։ Վարչապետը պարզաբանել էր, թե ճշգրտում ասելով նկատի ունի, որ սահմանային գծի վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերն ունեն ընդհանուր կարծիք։ Սակայն նա այդպես էլ չէր հստակեցրել՝ սահմանային ճշգրտման արդյունքում ադրբեջանցիները դուրս եկե՞լ են Հայաստանի սուվերեն տարածքից, թե հենց այդ նույն ճշգրտման արդյունքում որոշվել է, որ մարտի 30-ին ադրբեջանցիները զբաղեցրել են իրենց պատկանող հողերը։

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Արցախ տանող ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Ադրբեջանը հինգ կետում սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել։

«Էսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ այդ պրոբլեմատիկ հատվածը կրճատվել ա ևս 1,4 կիլոմետրով։ Ի՞նչ ա դա նշանակում։ Դա նշանակում ա, որ ևս էդքան սահման ճշգրտվել ա։ Այսինքն՝ ի՞նչ ա նշանակում սահմանը ճշգրտվել ա։ Նշանակում ա, որ և' մենք, և' ադրբեջանցիք այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծը անցնում է էստեղով։ Դա նշանակում ա նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են էդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են էդ սահմանից որոշակի հեռավորության վրա», - ասել էր Փաշինյանը։

Ճշտող հարցին, թե արդյո՞ք ադրբեջանցիները տեղակայվելու են Հայաստանի սուվերեն տարածքից դուրս, նա արձագանքել էր. - «Տեսեք, էդ պրոբլեմատիկ հատվածը, որտեղ իրանք գտնվում էին, մեր գնահատմամբ, Հայաստանի ինքիշխան տարածքում։ Նախկին իմ արած հայտարարությամբ ինքը 5 կիլոմետրից ավելի էր էդ պրոբլեմատիկ հատվածը։ Հիմա էդ հինգ կիլոմետրը դարձել ա 3,6։ Այսինքը՝ սահմանապահները իրար հետ աշխատել են, սահմանային կետը ճշգրտել են և տեղակայվել են որոշակի հեռավորության վրա»։

Տեղ համայնքում անհանգստացած են՝ արդյո՞ք դա նշանակում է, որ իրենց կորցրած վարելահողերը այդպես էլ հետ չեն ստանալու։

«Ես իմ հողերից չեմ հրաժարվելու». Տեղի բնակիչ

«Այսինքն ի՞նչ ա նշանակում։ Ես չեմ հասկանում։ Մենք մեր հողերից հրաժարվե՞նք... Ո՞նց կարա տենց հայտարարություն անի վարչապետը։ Ես ասում եմ՝ մի սանտիմետր հետ չեն գնացել։ Ի՞նչն ա ճշտվել, ես չեմ իմանում։ Այսինքն ի՞նչ, սահմանագծում-սահմանազատում արեցին, ճշտվե՞ց... տհե՞նց ա կոչվում... Ես չեմ հասկանում։ Հետո ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ հողերից չեմ հրաժարվելու, մեր հայրենիքից չեմ հրաժարվելու, այդ թվում Արցախը Հայաստանի անբաժանելի մասն ա։ Մինչև իմ արյան վերջին կաթիլն էլ լինի, պայքարելու եմ», - ասաց ներկայանալ չցանկացած բնակիչը՝ հավելելով, որ Տեղ համայնքում ժողովուրդը դեռ սպասում է կառավարության քայլերին, բայց համբերության բաժակը շուտով լցվելու է. - «Մի քիչ էլ համբերելու ենք։ Հեսա բաժակը որ լցվի, մենք մեր գործողությունները կանենք։ Մեր գործողություն էն ա, որ պիտի զինվենք ու հետ շպրտենք մենք։ Ես ուրիշ բան չեմ տեսնում։ Եթե չեն կարողանում դիվանագիտական լեզվով իրանց հետ շպրտեն, արդեն ժողովուրդը իրա ձևով... զինվենք, հետ շպրտենք»։

Հարցին, թե արդյոք կարծում է, թե իրենց թույլ կտան, հարցով պատասխանեց. - «Խի թույլ տալով-չթույլ տալով ա՞... Նժդեհին ո՞վ ա թույլ տվել, Անդրանիկին ո՞վ ա թույլ տվել»։

Նրա փոխանցմանբ, մարդիկ անելանելի վիճակում են հայտնվել՝ շրջապատված ադրբեջանական հեանեկետերով, զրկված ապրուստի միջոցից՝ վարելահողերից ու արոտավայրերից. - «Դուք եկեք մեր տան հետևը կանգնեք տեսեք սենք ապրել կըլնի՞։ Թուրքը հարյուր մետր տներից հեռու կանգնած էդ պահին։ Արավուսի դիմաց կա 13 հատ պոստ, Տեղ գյուղի դիմաց 11 հատ, Տեղ գյուղի տակը... Կոռնիձոր ա, Խնձորեսկ ա... սենց ո՞նց կարաս դու ապրես։ Գյուղացին ապրում ա գյուղատնտեսությամբ, գյուղատնտեսությունն էլ հողն ա, անասնապահությունն ա։ Հիմա որ էդ էլ չունենք, բա մենք ստեղ մնանք իմաստը ի՞նչն ա... Ասենք, թողենք դուրս գանք, հա՞... Տենց բան չի ըլնելու, պայքարելու ենք, մեր հողի համար պայքարելու ենք

Օրերս Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Սյունիքի մարզպետը խոստացել էր, թե Տեղ գյուղում վարելահողերից զրկված բնակիչները կառավարությունից փոխհատուցում կստանան, մասնավորապես, անմշակ հողերը մշակովի կդարձնեն, ու գյուղացիները շատ չեն նեղվի։ Ռոբերտ Ղուկասյանը խոստովանել էր՝ Տեղ համայնքում առանց այն էլ հողերի պակաս կար, ու հիմա խնդիրը ավելի է սրվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG