Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում Չինաստանի դեսպանը կասկածի տակ է առել, թե Ղրիմը պատկանում է Ուկրաինային


Ղրիմը արբանյակից արված լուսանկարում, արխիվ
Ղրիմը արբանյակից արված լուսանկարում, արխիվ

Ֆրանսիայում Չինաստանի դեսպանի հայտարարությունը դարձել է դիվանագիտական սկանդալի պատճառ, պաշտոնական Պեկինը, սակայն, դեռ լռում է:

Ֆրանսիայում Չինաստանի դեսպան Լու Շայը կասկածի տակ է առել հետխորհրդային հանրապետությունների անկախությունը և այն, որ Ղրիմը պատկանում է Ուկրաինային։

Բալթյան երկրները, Ուկրաինան և Ֆրանսիան հանդես են եկել խիստ հայտարարություններով՝ դատապարտելով չինացի դիվանագետի այս դիրքորոշումը։

Ուրբաթ երեկոյան Լու Շայը ֆրանսիական հեռուստաալիքին ասել է, որ նախկին ԽՍՀՄ երկրները «միջազգային իրավունքի համաձայն արդյունավետ կարգավիճակ չունեն, քանի որ չկա միջազգային համաձայնագիր, որը կոնկրետ ձև կհաղորդի նրանց ինքնիշխան կարգավիճակին»։

Ղրիմի կարգավիճակի մասին հարցին էլ պատասխանելիս Լու Շայը հայտարարել է․ - «Կախված է նրանից, թե ինչպես եք նայում դրան: Կա պատմություն: Ղրիմն ի սկզբանե պատկանում էր Ռուսաստանին: Խրուշչովն էր, ով Ղրիմը տվեց Ուկրաինային Խորհրդային Միության ժամանակ»:

Հաջորդ իսկ օրը Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Փարիզը մտահոգությամբ է ընդունել չինացի դիվանագետի այս հայտարարությունները և խնդրել է պաշտոնական Պեկինին հստակեցնել Ղրիմի հարցով դիրքորոշումը:

Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները կտրուկ դատապարտել են Չինաստանի դեսպանի հայտարարությունը։ Էստոնիայի արտաքին գործերի նախարարն այն անվանել է անհասկանալի, Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Լու Շայի հայտարարությունը պատճառներից մեկն է, թե ինչու Բալթյան երկրները չեն վստահում Ուկրաինայում խաղաղության հաստատման Չինաստանի միջնորդությանը, Լատվիայի արտաքին գործերի նախարարն էլ դեսպանի խոսքերն անվանել է «բացարձակապես անընդունելի»:

Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Օմելչենկոն, իր հերթին, ասել է, թե դեսպանը «աշխարհագրության հետ կապված ակնհայտ խնդիրներ ունի», և նրա հայտարարությունը հակասում է պաշտոնական Պեկինի դիրքորոշմանը:

1954 թվականի ապրիլի 26-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ Ղրիմն օրինական կերպով մտավ Ուկրաինայի կազմ:

Խորհրդային Միության փլուզումից հետո Ուկրաինան և Ռուսաստանը ստորագրեցին մի քանի նոր պայմանագրեր, որոնք ճանաչում էին պետությունների տարածքը 1991 թվականի դրությամբ։

Մինչ օրս միայն վեց երկիր է պաշտոնապես ճանաչում Ղրիմը որպես Ռուսաստանի մաս՝ Վենեսուելան, Նիկարագուան, Սիրիան, Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան և Կուբան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG