Մատչելիության հղումներ

Դատավորների աշխատավարձի մոտ 60 տոկոսով բարձրացումը կլուծի՞ ծանրաբեռնվածության խնդիրը. կարծիքներ


Իշխանությունը մտադիր է 60 տոկոսով բարձրացնել առաջին ատյանի դատավորների աշխատավարձը։ Այժմ ընդհանուր իրավասության 220 դատավորները միջինը 600 հազար դրամ աշխատավարձ են ստանում։ Եթե փոփոխությունն ընդունվի, գումարը կհասնի մոտ մեկ միլիոնի։

Նախագիծը մշակած Արդարադատության նախարարությունը հիմնավորում է, որ դատավորները գերծանրաբեռնված են, և նրանց աշխատավարձերը վերանայելու կարիք կա։ Բայց արդյոք դատավորների պակասի պայմաններում աշխատավարձի բարձրացումը լուծելո՞ւ է գերծանրաբեռնվածության խնդիրը, երբ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ քաղաքացիական մասնագիտությամբ դատավորները տարեկան մոտ 2000 գործ են քննում, իսկ քրեականը՝ մինչև 200։

Սա ծանրաբեռնվածության խնդիրը չի լուծի, կարծում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը. - «Բնականաբար, եթե մի դատավոր կարողանում է տարեկան, օրինակ, քրեաիրավական ոլորտում, քննի, ավարտի հարյուր գործ, եթե նույնիսկ կրկնակի-եռակի ավելի բարձրացվի, չի կարող քննի և ավարտի, օրինակ, 200 գործ, վարձատրությունը դրա հետ կապ չունի»։

Նախկին դատավոր Աննա Փիլոսյանն անցած տարի լիազորություններից զրկվեց չորս քաղաքացիների վճիռները 1-2 տարի ուշացմամբ տրամադրելու պատճառով։ Բարձրագույն դատական խորհուրդը սա էական խախտում էր համարել, ինքը՝ Փիլոսյանն ասում է՝ թերացման պատճառը հենց գերծանրաբեռնվածությունն էր։ Նախկին դատավորի կարծիքով՝ բարձր աշխատավարձը կարող է նպաստել դատավորների թվի ավելացմանը, բայց դա գործոններից միայն մեկն է։

«Հաշվի առնելով այս պահին մեր երկրում դատավորի ենթադրյալ մնացած գործոնները՝ ծանրաբեռնվածությունը, անկախության երաշխիքները, դատական իշխանությանը վերաբերող մնացած երաշխիքների իրական լինելը, այս տեսանկյունից միգուցե գործոն է, բայց միակը չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը կարևորում է հենց առաջին ատյանի դատավորների վարձատրության բարձրացումը, քանի որ դատական համակարգում հենց նրանք են ամենաշատը ծանրաբեռնված։ Բարձրացման նպատակը իրենց կատարած աշխատանքին համապատասխան վարձատրելն էր։ Բայց ուշագրավ է, որ գերատեսչությունն այս պահին դատավորների թվի ավելացում չի նախատեսում. - «Այո, օրակարգում կան այդպիսի քննարկումներ՝ դատավորների քանակն ավելացնելու, բայց դրանք ընդամենը օրակարգային քննարկման ֆորմատի հարցեր են»։

Մինչ պաշտոնյան ասում է, որ թվայնացման շնորհիվ առաջիկայում դատավորների ծանրաբեռնվածությունը կպակասի, «Իրավունքներ առանց սահմանների» ՀԿ-ի իրավական փորձագետ Աննա Մելիքյանն ընդգծում է՝ առաջին հերթին պետք է դատավորների թիվն ավելացնել. - «Ինչը թույլ կտա արդարադատությունը մատուցել ավելի արագ, որպեսզի բնակչությունն էլ ավելի գոհունակ լինի դատական համակարգից», - նկատեց նա։

2021 թվականին ՀԿ-ն հետազոտություն էր իրականացրել՝ հասկանալու, թե դատավորների պատշաճ վարձատրությունը ինչքանով կերաշխավորի դատական համակարգի անկախությունը։ Պարզել էին, որ թեև տարեցտարի աշխատավարձերը բարձրանում են, սակայն դատավորների թիվը միայն վերջերս է սկսել ավելանալ։ Դատական համակարգում այս պահին 34 թափուր հաստիք կա։

«Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մակարդակում անհամեմատ ցածր էր», - նշեց նա։

Փորձագետը նկատում է՝ հաճախ Կառավարության առաջարկած ծրագրերը չեն համապատասխանում այդ պահին դատաիրավական համակարգում եղած կարիքներին։ Երբեմն անհրաժեշտ փոփոխությունները ուշանում են, ընդունվելու դեպքում էլ՝ ձևափոխվում, մի նախաձեռնությունը կիսատ թողած ևս մեկն է ներկայացվում. - «Կառավարությունը և դատական իշխանությունը պետք է ավելի սերտ աշխատեն մինչև հաստատելը ինչ-որ բանի, որպեսզի սահուն լինեն այդ նախաձեռնությունները, և անտեղի բեռ չլինի բյուջեի համար»։

Դատավորների աշխատավարձի բարձրացման համար տարեկան 1.4 մլրդ դրամ հավելյալ գումար կտրամադրվի բյուջեից։ Իրավական ակտերի հրապարակման e-draft հարթակում արդեն ավարտվել է նախագծի հանրային քննարկումը, կողմ քվեարկածները մոտ երկու անգամ ավելի շատ են։ Նախագիծը առաջիկայում դեռ պետք է հաստատվի նախ կառավարության, ապա Ազգային ժողովի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG