Մատչելիության հղումներ

Եմենում ողորմություն բաժանելիս սկսված հրմշտոցում զոհվածների թիվը հասել է 90-ի


Եմեն - Հրմշտոցը Սանայում, 20-ը ապրիլի, 2023թ.
Եմեն - Հրմշտոցը Սանայում, 20-ը ապրիլի, 2023թ.

Եմենի մայրաքաղաք Սանայում մոտ 90 մարդ է զոհվել հրմշտոցից, որը սկսվել է դպրոցներից մեկում ողորմություն բաժանելու ժամանակ: Ավելի քան 300 մարդիկ վնասվածքներ են ստացել:

Մահմեդական ողորմությունը՝ «զաքյաթը», բաժանում են սրբազան ամսվա՝ «Ռամադանի» վերջին օրերին:

Բարեգործական միջոցառման ընթացքը կարգավորել են մայրաքաղաքը հսկողության տակ պահող հութիները՝ շիա մահմեդականների ռազմական խմբավորման զինյալները:

Հութիներն ասել են, թե հրմշտոցը սկսվել է, երբ հավաքված մարդիկ փորձել են նեղ աստիճանով հասնել բակ, որտեղ բարեգործները փող էին բաժանում. գործարարները 5 հազարական եմենական ռիալ (մոտ 10 դոլար) էին խոստացել յուրաքանչյուր կարիքավորին: Հութիներն օդ են կրակել ամբոխը հետ պահելու համար, հավանաբար, փամփուշտները հարվածել են էլեկտրական լարին, ինչից պայթյուն է եղել, և հարյուրավոր աղքատներ խուճապահար փախուստի են դիմել:

Զոհվածների թվում կան կանայք և երեխաներ:

Եմենի ոստիկանները ձերբակալել են երկու գործարարների, ովքեր մեղադրվում են ներքին գործերի նախարարության հետ չհամաձայնեցված հանրային միջոցառում կազմակերպելու համար:

Տեղական իշխանությունները ողբերգությունից հետո խոստացել են մոտ 2 հազար դոլար փոխանցել ազգականին կորցրած ամեն ընտանիքին և 400 դոլար՝ վիրավորներին:

Եմենը մոլորակի ամենաթշվառ երկրներից մեկն է, որի տարածքում տարիներ շարունակ արյունալի քաղաքացիական պատերազմ է: ՄԱԿ-ի տվյալներով՝ Եմենում «հումանիտար ճգնաժամ» է, քանի որ երկրի մոտ 30 միլիոն բնակիչների կեսը ծայրահեղ աղքատության մեջ է և սովի է մատնված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG