Մատչելիության հղումներ

Այսօր Հուշարձանների պահպանության միջազգային օրն է


Ապրիլի 18-ը Հուշարձանների պահպանության միջազգային օրն է, որը 1983 թվականից նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկությամբ։ Նպատակն է գործունեության տարբեր ձևերով հանրահռչակել հուշարձանների պահպանության կարևորությունը և նպաստել այդ հսկայական ժառանգության պահպանության իրականացմանը։ Հայաստանում այս օրը նշվում է 1993 թվականից։

Հայաստանում 25 հազարից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան, որոնց թիվն ավելանում է տարեցտարի՝ շնորհիվ ամենամյա տարբեր հնագիտական պեղումների և ուսումնասիրությունների։

Պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, ամրակայումը մեծ ծախսեր պահանջող մշտական գործընթաց է, որի շնորհիվ հնարավոր է դառնում պահպանել մեզ հասած հսկայական ժառանգությունը։ Ամեն տարի Հայաստանում ավելանում են պատմամշակութային հուշարձանների պահպանության համար պետական բյուջեից հատկացվող գումարները։

Ինչպես ընդգծում է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, այս տարի մոտ մեկ միլիարդ դրամ է հատկացված այս նպատակով, ինչը նրա խոսքով, բացառիկ երևույթ է, բայց և խիստ անհրաժեշտ, քանի որ ավելի քան 550 հուշարձան ենթակա են հրատապ վերանորոգման և ամրակայման։

Իսկ թե ինչպես են ընտրվում ամենահրատապ վերականգնման և ամրակայման անհրաժեշտություն ունեցող հուշարձանները, ապա նրա խոսքով. - «Մեր գործընկերի կազմած ցանկերով և մշտադիտարկումների արդյունքում առանձնացվում են հրատապ միջամտության ենթակա և վերականգնման ենթակա հուշարձանների ցանկ, որոնք վտանգված են։ 2022 թվականի տվյալներով, դրանք 550-ից ավելի են, և բոլորը այս ցանկից են ընտրվում։ Նաև մյուս չափանիշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններին հատուկ ուշադրություն դարձնելն է։ Սանահինի պարագայում, օրինակ, մեծ ծրագրեր կան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կապված, իրականացվում են և պլանավորվում են»։

Հարցին, թե ոլորտի ամենահրատապ խնդիրներից որոնք կարող է առանձնացնել, Հարություն Վանյանն արձագանքեց. - «Կոնկրետ եթե վերականգնման մասին ենք խոսում, նախ ունենք վերականգնող ճարտարապետների դպրոցի կայացման հարց, դա խթանելու համար նախորդ տարի դրամաշնորհով Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին պատվիրվեցին որոշ նախագծերի իրականացումներ։ Նպատակներից մեկը նոր, երիտասարդ ճարտարապետներ ներգրավելն էր և էդ հմտությունները փոխանցելը։ Դա մի հիմնախնդիր։ Մյուսը վերականգման մեջ այն է, որ վերականգնողների, հենց քարգործ բանվորների հետ կապված խնդիր ունենք։ Շատ չեն, և այդ հմտությունները փոխանցելու նույնպես կարիք կա։ Դրա վերաբերյալ նույնպես լուծումներ փնտրում ենք։ Այս տարի երկու հուշարձանի դեպքում շինարարական կազմակերպություններ չունենք մասնակցող, ինչը նաև խոսում է, որ համապատասխան վարպետներ ու մասնագետներ չեն գտնում, որոնք կմոտենան բարդագույն եկեղեցիների վերականգնմանը։ Նաև խնդրի լուծման հետ կապված հիմա քննարկում ենք կրթության միջին մասնագիտական օղակներում մասնագիտություններ ավելացնելու, որոնք հենց կունենան էն պատրաստվածությունը, որ կարող են հետագայում աշխատել հենց եկեղեցիների, քարի վերականգնման, քարի հետ աշխատանքի գործում»։

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանի խոսքով, չափազանց մեծ ու ծավալուն այս ոլորտի խնդիրների լուծման համար լուրջ դեր ունի թե' մեր հանրությունը, թե' իրենց լուրջ համագործակցությունը միջազգային մասնագետների և կազմակերպությունների հետ. - «Առաջին հերթին խնդիր ունենք քաղաքացիներին իրազեկելու, այսինքն՝ համայնքը, որպես առաջին օղակ հուշարձանների պահպանության։ Դրա ուղղությամբ փորձում ենք իրականացնել գիտակրթական ծրագրեր, որպեսզի հուշարձանների նկատմամբ ուշադրությունն առավել հասանելի լինի տվյալ համայնքի բնակիչներին։ Հուշարձանների ոլորտում մենք այս տարի նույնպես բավականին ծավալուն աշխատանքներ ունենք իրականացնելու, այդ թվում միջազգային ծրագրեր ունենք անելու։ Եվ արդեն իսկ այս պահին մենք համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, աշխատում ենք ինտենսիվ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների հետ։ Աշխատում ենք նաև Ֆրանսիայի Ժառանգության ինստիտուտի հետ, շուտով կմեկնարկի հայ-իտալական նոր ծրագիրը, որը ուղղված է հիմնականում վերականգման ոլորտի մասնագետների կարողությունների ավելացմանը, այդ թվում՝ ճարտարապետների, հնագիտական գտածոների վերականգնողների։ Աշխատում ենք ճապոնացի գործընկերների հետ։ Ծրագրերը բավականին շատ են, հատկապես միջազգային ուղղվածության։ Եվ այս ամենից մենք փորձում ենք հնարավորինս առավելագույնը քաղել այն բոլոր ոլորտներում, որտեղ ունենք բաց»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG