Մատչելիության հղումներ

Աբրահամյանը չի ընդունում, թե իր ընտանիքն ապօրինի ունեցվածքի տեր է


Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում, Կառավարության նիստի ժամանակ, արխիվ
Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում, Կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը չի ընդունում, թե իր ընտանիքն ապօրինի ունեցվածքի տեր է, նրա ներկայացուցչի խոսքով՝ սկսել են ուսումնասիրել Դատախազության՝ իրենց տրամադրած նյութերը 59 միավոր անշարժ գույքի և այլ ունեցվածքի մասին։

«Նոր ենք ստացել նյութերը, բավականին շատ նյութեր են դրանք՝ 5 հազարից ավել փաստաթուղթ է, հարյուրավոր էջերով հայցադիմումն է, դրանք պետք է ուսումնասիրենք, որ կարողանանք լիարժեք դիրքորոշում հայտնենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախկին վարչապետի փաստաբան Արմեն Հարությունյանը:

Փաստաբանն ասում է՝ նյութերն ուսումնասիրելիս մի քանի խնդիր արդեն նկատել են. օրինակ՝ իրավապահները հաշվի չեն առել, որ 95 թվին պետական պաշտոնյա դառնալիս Աբրահամյանն արդեն 40-ին մոտ էր և ունեցվածքի տեր։ Այնուամենայնիվ, Հարությունյանը տեսականում չի բացառում նաև հաշտեցման սցենարը, բայց ասաց՝ նախ պետք է հասկանան, թե իրավապահներն ինչ հաշվարկներ են արել։

«Այն, ինչ որ հրապարակվել է՝ այդ քանակությամբ գույք, և այլն, և այլն, այդ բոլորը հենց այդ փոխկապակցված բոլորի գույքերն են, բայց այնտեղ ակնհայտ, ասենք, օրինակ, գույքեր կան, որոնք Աբրահամյանի հետ որևէ առնչություն չունեն», - նշեց փաստաբանը:

59 միավոր անշարժ գույք, ավելի քան 52 միլիոն դոլար, 20 ընկերության բաժնետոմս, փոխառություններ․ ըստ Գլխավոր դատախազության՝ պետական համակարգում 20 տարվա աշխատանքից հետո Հովիկ Աբրահամյանն առնվազն այսքան կարողություն է կուտակել։

Հակակոռուպցիոն դատարանն այս ամիս վարույթ է ընդունել Աբրահամյանի ընտանիքից ու հարազատներից այս սեփականությունը բռնագանձելու գործը: Դատական առաջին նիստը դեռ նշանակված չէ։

«Ունեցվածքի ցանկը կազմել ենք մոտ երկու տարվա քննությունից հետո», - «Ազատությանը» տեղեկացրեց այս գործով դատախազ Տիգրան Ենոքյանը՝ շարունակելով. - «Մնացածը դատարանում են՝ դետալային ապացուցման այդ հանգամանքները, դա ավելի ծավալուն պրոցես է, որը, կարծում եմ, դռնբաց դատական պրոցեսի ընթացքում ավելի առարկայական կներկայացնենք, հանրությունն էլ կհասկանա ինչ է կատարվում»:

Հայտնի առանձնատան գնորդն, ըստ իրավապահների, բարեխիղճ է

Մինչ իրավապահները երկու տարի քննություն էին իրականացնում, Աբրահամյաններին հաջողվեց կալանքից հանել ու վաճառել կասկածելի համարվող այդ գույքի թերևս «ամենայուղոտ պատառը»: Ո՞վ թույլ տվեց Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արտաշատի նախկին քաղաքապետին պատկանող՝ քրեական գործով կալանքի տակ եղած առանձնատունը հանել կալանքից ու վաճառել. սա պարզելու համար Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրգործում առայժմ առաջընթաց չկա։

Հայտնի առանձնատունը պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով կալանքի տակ էր հայտնվել 2021 թվականին, ապա Աբրահամյանի որդին դիմել էր դատարան՝ պահանջելով հանել տունը կալանքից: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր դիմումը, և մինչ Գլխավոր դատախազությունը կդիմեր Վերաքննիչ, գործով զբաղվող քննիչը տեղեկացնել էր Կադաստրի կոմիտեին, թե գույքի վրա կալանք չկա, և հաշվված օրերի ընթացքում շքեղ առանձնատունը վաճառվել էր։ Քննիչը, որը փաստացի ճանապարհ էր հարթել վաճառքի համար, շարունակում է աշխատել Հակակոռուպցիոն կոմիտեում:

«Հարց են բարձրացնում քննիչ, դատախազ, դատավոր՝ այս երեք կարևոր սուբյեկտների գործողությունների վերաբերյալ և հիմնավոր կասկած են առաջադրում, որ այստեղ կա հանցավոր համաձայնություն, այդ թվում նաև, բնականաբար, Աբրահամյանների հետ, որ որոշ ժամանակով գույքի նկատմամբ կալանքի որոշումը չեղարկեն», - «Ազատության» հետ զրույցում նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Հիմա Դատախազությունը պահանջում է Աբրահամյանի ընտանիքից 2 միլիարդ դրամ փոխանցել պետբյուջե` այս առանձնատան վաճառքի դիմաց: Իրավապահները կարծում են՝ չի հիմնավորել, որ Ազգային ժողովի շենքի նմանությամբ կառուցված առանձնատունը խորհրդարանի նախկին խոսնակի ընտանիքը կառուցել կամ ձեռք էր բերել օրինական եկամուտներով, օրինակ՝ Կառավարությունից կամ Ազգային ժողովից ստացված աշխատավարձով։

«Մենք առաջնորդվել ենք մեր ուսումնասիրության շրջանակներում Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տվյալներով, համաձայն որոնց՝ այդ գույքը արդեն իսկ օտարված է եղել. կար պայմանագիր, պայմանագրում հստակ նշված էր, թե գումարը երբ պետք է փոխանցվեր վաճառող կողմին, տվյալ դեպքում՝ Հովիկ Աբրահամյանի որդուն», - ասաց դատախազ Ենոգյանը:

Ինչո՞ւ է Դատախազությունը պահանջում բռնագանձել առանձնատնից ստացված 2 միլիարդ դրամը, ոչ թե առանձնատունը, դատախազը պատասխանում է՝ որովհետև տունը գնած նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանը համարվել է բարեխիղճ գնորդ։ Եթե նրան իրավապահները չհամարեին բարեխիղճ գնորդ, օրենքը թույլ էր տալիս բռնագանձել առանձնատունը։

«Հիմա կոնկրետ այս առանձնատան գործարքը հենց բարեխղճության տիրույթում է, այսինքն՝ մենք տվյալներ չենք ստացել, որ գնորդը եղել է անբարեխիղճ, և այդ գործարքի արդյունքում նշված առանձնատունը շարունակում է պատկանել Աբրահամյաններին. մենք նման ապացույցներ ձեռք չենք բերել, նման տվյալներ չենք ստացել», - ընդգծեց դատախազը:

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, սակայն, փաստում է` «անձը չի հանդիսանում բարեխիղճ ձեռք բերող, եթե իրավասու մարմինն ապացուցում է, որ այդ անձը գույքը ձեռք բերելու պահին գիտեր կամ ողջամտորեն կարող էր իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին»։ Հարց է` նոր սեփականատերը հեղափոխությունից հետո ողջամտորեն չէ՞ր կարող իմանալ, որ Մոնումենտում կառուցված շենքը նախկին վարչապետինն է և անցնում է քրեական գործով: Եթե նույնիսկ այդ մասին չի իմացել առքուվաճառքի ժամանակ, ինչպե՞ս է ամիսներ առաջ, երբ արդեն աղմկահարույց քրեական գործը հարուցված էր, թարմացրել Աբրահամյանների հետ առքուվաճառքի պայմանագիրը և գրանցել այդ փոփոխությունները Կադաստրում: Այս մասին անցյալ շաբաթ գրել է «Հետք»-ը, պետական որևէ կառույց չի հերքել:

Եվս մի հանգամանք, որ կասկածելի է դարձնում գնորդի բարեխղճությունը, նկատում է Արթուր Սաքունցը: «Այսինքն՝ ինքը վստահություն է ունեցել, որ ինքը այն, ինչ որ գնում է, և այդ գույքը, որը գնում է, այդ գույքի հետ կապված հարցեր կան, և այդ ռիսկերը, կամ հնարավոր գործոնները կարող են ազդել իր գործարքի հաջողության վրա, դրանք միանշանակ չեզոքացվելու են: Բայց այդ դեպքում ես հարց եմ բարձրացնում՝ իսկ արդյո՞ք բարեխիղճ ձեռքբերման մասին է խոսքը: Որովհետև ոչ գնորդն է ոչ հայտնի, այսինքն՝ բավական հայտնի է, և վաճառողն էլ՝ գույքի տերը», - շեշտեց իրավապաշտպանը:

Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ Աբրահամյանները ևս մեկ առանձնատուն ունեն, որը պատկանում է Հովիկ Աբրահամյանի կնոջը։ Այդ տունը, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի ու մի շարք այլ նախկին պաշտոնյաների տները քննության առարկա են նաև մեկ այլ քրեական գործով Հակակոռուպցիոն կոմիտեում։ Իրավապահները փորձում են պարզել, թե 2000-ականներին դեռ հանրային տարածք այս թաղամասի հողերի սեփականաշնորհումն ու կառուցապատումը օրինակա՞ն, թե՞ անօրինական եղանակով է արվել։ 4 տարի է՝ քննում են, դեռ նորություն չկա։

XS
SM
MD
LG