Մատչելիության հղումներ

Անհրաժեշտ է ետ քաշել երկու կողմերի ԶՈւ-երը սահմանից անվտանգ հեռավորության վրա. ԱԺ նախագահ


44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ագրեսիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի 150 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքի օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգության ճգնաժամն ու իրողությունները նոր սպառնալիքներ են խոստանում ամբողջ տարածաշրջանի համար, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա մեղադրել է Ադրբեջանին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը խախտելու և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները չկատարելու համար, և նման կերպ «ադրբեջանական իշխանությունները ջրաքիսի մուշտակներով «բնապահպանների» կերպարով, շինծու պատրվակներով արդեն ավելի քան չորս ամիս շրջափակել են Լաչինի միջանցքը», նշել է նա:

«Լաչինի միջանցքի շրջափակմանը զուգահեռ Բաքուն ահաբեկչության է ենթարկում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը: Ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը: Հաճախ գնդակոծության են ենթարկվում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչները: Այս առնչությամբ կան ռուսական խաղաղապահ զորակազմի բազմաթիվ հայտարարություններ», - շեշտել է խորհրդարանի խոսնակը:

Նա նաև անդրադարձել է ապրիլի 11-ի բախմանը Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում. - «Ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանային անցակետերը ճշտելու պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինծառայողներին, հրազենից, ապա նաև խոշոր տրամաչափի զենքից հրահրել և կրակ բացել»։

Հայաստանի ռազմական գերատեսչությունն ապրիլի 11-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, ինչին հայկական կողմը համարժեք պատասխանել է: Հաջորդած գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, Բաքուն հայտնում է իր 3 զոհի մասին: Ժամեր անց հաղորդվեց իրավիճակի հարաբերական կայունացման մասին: Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման համար:

«Անհրաժեշտ է իրականացնել երկու կողմերի զինված ուժերի հետքաշումը սահմանից անվտանգ հեռավորության վրա՝ որպես իրավիճակի կայունության հուսալի երաշխիք», - ասել է Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով միջազգային հանրությանը և տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների և հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, դրանով իսկ կանխել իրավիճակի հետագա էսկալացիան, որը կարող է տարածվել աշխարհի այլ տարածաշրջաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG