Մատչելիության հղումներ

Բաքուն Սարաևոյին առաջարկում է համագործակցել էներգետիկ ոլորտում


Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության ղեկավար Զելիկա Ցվիյանովիչը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի օրը Սարաևոյում երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել։

«Մենք որոշել ենք ռազմավարական գործընկերներ դառնալ», - հայտարարել է Ցվիյանովիչը` վստահություն հայտնելով, որ փաստաթուղթը կօգնի բարելավել երկկողմ տնտեսական համագործակցությունը և հիմք կհանդիսանա անվտանգության ոլորտում առավել արդյունավետ համագործակցության համար։

Ալիևն, իր հերթին, հայտարարել է, որ բալկանյան այդ երկրի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության լայն հնարավորություններ կան, նշելով, որ ադրբեջանական Հարավային գազային խողովակաշարը Բոսնիա և Հերցեգովինայի սահմանների կողքով է անցնում։

«Բնական կլիներ համագործակցություն սկսել գազի ոլորտում։ Համապատասխան հանձնարարականներն արդեն տրվել են», - հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։

Նա հավելել է, որ երկու երկրները մտադիր են համատեղ հետազոտություններ իրականացնել հիդրոէներգիայի և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների ոլորտում։

Հարավային գազային միջանցքով Ադրբեջանը գազ է մատակարարում Իտալիային, Հունաստանին, Բուլղարիային, Ռումինիային։ Եվրամիությունը ծրագրում է ընդլայնել Ադրբեջանը Եվրոպային կապող այդ խողովակաշարը և կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումը։

XS
SM
MD
LG