Մատչելիության հղումներ

Արցախի կարգավիճակի հնարավորությունը փակ է, ինքներս մեզ չխաբենք. Վարդան Հարությունյան


Պատերազմի և պարտության արդյունքում հասել ենք նրան, որ այսօր փակել ենք հնարավորությունները՝ խոսելու Արցախի կարգավիճակից, «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Նրա հետ զրույցից հատված ներկայացնում ենք ստորև.

«Ազատություն» - Դուք ավելի վաղ արդեն քննադատել էիք վարչապետի հայտարարությունը պարտության մեղավորների, մասնավորապես «հինգերորդ շարասյան» մասին։ Երեկ նրա լրացուցիչ մեկնաբանությունները Ձեզ չհամոզեցի՞ն։

Վարդան Հարությունյան - Չէ, իհարկե, դա ինձ երբեք չի կարող համոզել, չեմ էլ պատրաստվում համոզվել, և վստահ եմ, որ որևէ մեկը չի կարողանա երբևէ ապացուցել, թե Հայաստան վխտում են «հինգերորդ շարասյուները» և դասալիքները, կամ մեկ բանակը բաղկացած է դասալիքներից։ Դավաճանների մասին չեմ վիճում, շատ հնարավոր է, որ լինեն դավաճաններ՝ մեկ հոգի, հինգը, տասը, նրանք ամենուր են, ցանկացած երկրում կան, հատկապես պատերազմական իրավիճակներում, հատկապես պատերազմող երկրներում միշտ էլ կարելի է նրանց մասին խոսել, բայց «հինգերորդ շարասյուներ», դասալիքներ, և ընդհանրապես պարտության մեղքը դնել այդ հորինվածքի վրա նշանակում է ուղղակի հրաժարվել պատասխանատվությունից։ Ես կարծում եմ, որ այսօրվա իշխանությունները պատերազմից անմիջապես հետո շատ ավելի ազնիվ էին, եթե կարելի է նրանց պարագայում ազնիվ բառն օգտագործել, իրենք իրենց հետ և հանրության հետ, քան արդեն այսօր։ Այն ժամանակ չկարողանալով կամ համարձակություն չունենալով, կամ ուժ չունենալով ընդունել ողջ պատասխանատվությունը՝ օրինակ՝ Փաշինյանն ասում էր՝ ես համար մեկ պատասխանատուն եմ, բայց ոչ համար մեկ մեղավորը։ Ինչ-որ ձևով փորձում էր շրջանցել, բերում էր իր հետ որպես մեղավորներ նախկիններին, նախկինների նախկիններին, բայց հիմա արդեն կարծում եմ՝ իրենք քննարկել և եկել են եզրակացության։ Ես չեմ կարծում, թե այս հայտարարությունները պատահական են։ Եկել են եզրակացության, որ ընդհանրապես պետք է հրաժարվել պատասխանատվության և մեղքի բառից՝ մեղավոր է հանրությունը, մեղավոր է հայաստանցին, որ դասալիքների հավաքածու է, որտեղ վխտում են «հինգերորդ շարասյուները», որի բանակը կռվել չի կարողանում, վախկոտ է, որը չունի բանակ, ըստ էության։

Սա է նրանց ասածը, սրանով նրանք փորձում են մաքրվել պատասխանատվությունից, և որ ամենասարսափելին է, երևալ շատ ավելի լավը, քան այն հանրությունն է, որի ուսերին նստած նրանք հայտնվել են իշխանությունում։

«Ազատություն» - Պարոն Հարությունյան, - բայց այդ հայտարարությունների տակ դրվում են փաստեր և քրեական գործեր առանց վարչապետի, պաշտպանության նախարարի հրամանի հրամանատարը գրաված բարձունքը հրամայել է հանձնել, հատուկ խուճապ են տարածել զորամասում, պայմաններ ստեղծել, որ նահանջեն։ Թվում էր չէ՞ վարչապետը։

Վարդան Հարությունյան - Դե նման հայտարարություններ միշտ կարող ես անել, բայց դրանք նախ պետք է ապացուցվեն դատարանով, հետո նոր դրա մասին խոսվի, մինչև քրեական գործերը չհասնեն դատարան և դատարանով չհիմնավորվեն, մարդու մեղքը չապացուցվի դատարանով, նախապես դա դարձնել քննարկման նյութ չարժե և չի կարելի, որովհետև բոլորովին չի բացառվում, որ այդ մարդը կարողանա իր անմեղությունն ապացուցել, և երկրորդը՝ բացի վարչապետի հայտարարություններից, մենք գործ ենք ունենում և շփվում ենք, ճանաչում ենք մարդկանց, ովքեր մասնակցել են այդ պատերազմին, եղել են պատերազմի թոհուբոհում և զինվորի կարգավիճակով, և հրամանատարի կարգավիճակով, մեր հանրությունն է տեղյակ, թե ինչ բարքեր են աշխատել այդ 44 օրերի ընթացքում, ինչ կազմակերպվածության մակարդակ է եղել, և հիմա եթե իրար փոխանցած, տարի առ տարի թույլ տված սխալների հետևանքով բերել և մեզ հասցրել ենք այս պատերազմին և այս պարտությանը, ընդ որում սխալների հեղինակները իշխանություններն են, որոնք իրար հերթով փոխանցել են, և հանկարծ պարզվում է, որ ոչ ոք մեղավոր չի՝ նախկինները մեղադրում են Փաշինյանին՝ անվանելով նրան դավաճան, Փաշինյանը մեղադրում է հանրությանը, բանակին, «հինգերորդ շարասյանը»՝ էլի դավաճաններ է ման գալիս։

Եվ նրանք՝ հիմնական պատասխանատուները, իրար մատնացույց անելով, վերջին հաշվով պարտվողական են հանում, դավաճան են հանում, դասալիք են հանում մեզ բոլորիս։ Պատերազմի և պարտության արդյունքում հասել ենք նրան, որ այսօր խոսել Արցախի կարգավիճակից, ցանկություն է դա, մենք բոլորս կարող ենք խոսել այդ մասին, բայց պետք է լինենք ազնիվ ինքներս մեզ հետ, ինքներս մեզ գոնե չխաբենք։ Մենք զրկել ենք մեզ Արցախի կարգավիճակ ապահովելու հնարավորությունից, մենք փակել ենք բոլոր այդ հնարավորությունները. սկսած 1998 թվականից յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր գործողություն, դիվանագիտական յուրաքանչյուր պրոցես կամաց-կամաց բերել և հասցրել է մեզ պատերազմին, իսկ պատերազմը և պարտությունը դրեցին դրա վերջակետը։

Հիմա եթե միջազգային հանրության աջակցությամբ կլինի, մեր դիվանագետների հմտությամբ կլինի, եթե կա այդպիսի հմտություն, եթե մենք կկարողանանք այդ հմտություններով, այդ աջակցությամբ հասնել նրան, որ ապագա հաշտության փաստաթղթում Ադրբեջանը համաձայնի, որ լինի Արցախի կամ Ղարաբաղի մասին ինչ-որ դրվագ, ենթավերնագիր կամ ինչ-որ հոդված, որտեղ խոսք կլինի արցախահայերի անվտանգության մասին, այսօրվա հնարավորությունների պարագայում դա կարելի է համարել մեծ հաջողություն։

XS
SM
MD
LG