Մատչելիության հղումներ

Վարչապետի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը դեռ մեղադրանք չի առաջադրվել


Վարչապետի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը դեռ մեղադրանք չի առաջադրվել, հայտնում են Քննչական կոմիտեից։ Պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով երեկ քրեական վարույթ էր նախաձեռնվել. հանցանքը կատարողին 2-ից 5 տարի ազատազրկում է սպառնում։

Նարինե Ասատրյանը միջադեպից հետո ձերբակալվել, հետո ազատ է արձակվել։ 47-ամյա բերձորցի կինը այսօր պնդեց՝ միջադեպի դրդապատճառն անձնական չէ, նման քայլի է գնացել տարածքային ու մարդկային շարունակական կորուստների համար։ Բայց հրաժարվեց տեսախցիկի առաջ խոսել, ասաց՝ պաշտպանն է հորդորել։

Կնոջ ամուսինը՝ Սուրեն Զաքարյանը, Նարինեի արարքը զայրույթի պոռթկում է որակում։ Շեշտում, թե ինքը երեկ տարածքում է եղել, բայց ականատես չի եղել բուն միջադեպին։ Կինը մի փոքր հեռու է կանգնած եղել։ Ընտանիքը Բերձորից անցած տարի է Մալիշկա տեղափոխվել, այնտեղ են թողել ոչ միայն իրենց տունը, այլ նաև աշխատանքը․ հարազատների աճյուններն են միայն հասցրել տեղափոխել։

52-ամյա տղամարդը պատմեց՝ մեղվապահությամբ է զբաղվել Բերձորում, հիմա աշխատանք չունի. - «Դու պիտի մտնես մարդու հոգու մեջ, տեսնես էդ մարդու հետ ինչ ա կատարվում, ինչ պրոբլեմներ ունի, մի հատ հասկանաս իրան, հետո նոր դատես»:

Տղամարդն ասաց՝ ինքը երեկ մոտեցել էր Նիկոլ Փաշինյան ու իր դժգոհությունները հայտնել, տուն գնելու համար սերտիֆիկատ են ստացել, սակայն ամիսներ շարունակ սպասում են՝ քաշքշոցների ավարտին։ Բերձորցի հարազատները, ծանոթներն էլ նույն իրավիճակում, մարդիկ կան, որ չեն կարողանում 500 հազար դրամ կանխավճարը վճարել։ Ասում են՝ իրենց, սակայն, երկրի անկայուն վիճակն է մտահոգում, մյուս հարցերը երկրորդական են:

«Ինչ եղել եղել ա, թող ամեն մարդ իր արածի համար... ոչ ես եմ մտածում, ոչ էլ ինքը՝ ինչ պատասխանատվության առաջ կկանգնի, էդ չի հարցը, հարցը էս ժողովրդի դարդ ու ցավն ա, որ էս օրին են ընկել էդ մեր «խելացի» ղեկավարների կողմից», - ասաց Սուրեն Զաքարյանը:

Մալիշկայում էլ օրվա թեման երեկվա միջադեպն էր։ Գյուղամեջում ու փողոցներում տղամարդիկ քննարկում էին՝ ինչպե՞ս մի օրում իրենց գյուղը դարձավ հանրաճանաչ։ Մեզ հանդիպած գյուղացիներն ասացին՝ չեն ընդունում բողոքի արտահայտման այդ ձևը։ Բերձորցի ընտանիքին ասացին՝ չեն ճանաչել, միայն լսել էին, որ նման ընտանիք է տեղափոխվել իրենց գյուղ։ Համոզված են, թե կնոջը ինչ-որ մեկը դրդել է նման քայլի։ Մինչդեռ և՛ նրա ամուսինը, և՛ հենց ինքը՝ Նարինեն, հերքեցին, թե որևէ քաղաքական ուժի են հարում։

Իրավապաշտպանի կարծիքով՝ վարչապետը միջադեպից անմիջապես հետո պետք է թույլ չտար, որ կնոջը ձերբակալեին

«Շատ երկրներում մենք տեսնում ենք այդ օրինակը, որ նախագահների վրա ձու են նետում, իսկ ո՞վ է քրեական գործեր հարուցում այն էլ կնոջ, բազմազավակ մոր վրա, գիտի՞ արդյոք վարչապետն՝ ով է այդ կինը», - ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանը համոզված է՝ այն իրավիճակը, որում հայտնվել է բերձորցի բազմազավակ կինը, կարող էր վրդովունքի ու բողոքի արտահայտման առիթ դառնալ։

«Նա դիտավորյալ ինչ-որ միտումներ չի ունեցել վարչապետի վրա մահափորձի, ինչպես էդ հարուցված քրեական գործն է, բռնության փորձ, նա ոչ կարող էր խիստ պաշտպանված վարչապետին, այսպես ասած, բռնության փորձով սպառնալ և ոչինչ: Պետք է իր քաղաքացիների նկատմամբ վարչապետը կարեկցանք ունենա», - ասաց Ալեքսանյանը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ վարչապետը միջադեպից անմիջապես հետո պետք է թույլ չտար նրան ձերբակալեին, պետք է լսեր կնոջ խնդիրները, մտներ նրա դրության մեջ։

«Մենք հիշո՞ւմ ենք վարչապետն ինչեր էր ասում, ինչ խոստումներ էր տալիս՝ սիրում են ձեզ, հարգում, չգիտեմ, խոնարհվում եմ ձեր առաջ և այլն, հիմա ի՞նչ է պատահել, ի՞նչ կարող էր անել այդ անպաշտպան կինը վարչապետին, որ քրեական գործ են հարուցել և դեռ պետք է մեղադրանք առաջադրեն: Եվ վարչապետի մեծահոգությունը, հանդուրժողականությունը շատ մեծ պետք է լիներ և կարծում եմ, որ դրանով նա ավելի հարգանքի կարժանանար, քան այն, ինչ մենք տեսնում ենք հիմա», - հայտարարեց Ժաննա Ալեքսանյանը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG