Մատչելիության հղումներ

Ռուսաստանում խստացնում են զորակոչից խուսափողների նկատմամբ ձեռնարկվող միջոցները


Պետդուման վերջնական հավանություն է տվել էլեկտրոնային ծանուցումների և զինվորական ծառայության համար պատասխանատու անձանց միասնական ռեգիստրի մասին օրենքին։

Նոր օրենքով զորակոչի էլեկտրոնային կանչերը հավասարեցվում են թղթայինի հետ։ Այսինքն՝ անկախ այն բանից, թե զինակոչի ենթակա անձը ծանուցումը ստացել է առձեռն թե ոչ, նա արդեն համարվում է զինակոչից խուսափող անձ՝ եթե էլեկտրոնային կանչը գրանցվել է պետռեգիստրում, իսկ անձը երկու շաբաթվա ընթացքում չի ներկայացել զինկոմիսարիատ։

Օրինագծի հեղինակներն առաջարկում են արգելել զորակոչից խուսափող ռուսաստանցիներին լքել երկիրը, ինչպես նաև վարել տրանսպորտային միջոցներ, կնքել անշարժ գույքի հետ կապված գործարքներ, վարկեր վերցնել։ Ընդ որում, Պետդումայում այսօր հայտարարել են, թե այս փոփոխությունները կպված չեն նոր մոբիլիզացիայի հետ։

Նոր մոբիլիզացիա օրակարգում չկա, պարբերաբար հայտարարում են նաև Կրեմլում։ «Նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատում այս պահին մոբիլիզացիայի վերսկսման հարցը չի քննարկվում», - այսօր հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ամեն դեպքում այս փոփոխությունները դժվարացնում են զորակոչից խուսափելը։ Ռուսաստանցի փորձագետներն ասում են, թե այս փոփոխությունների շնորհիվ, ռուսատսանի իշխանությունների համար ավելի դյուրին կլինի ապագայում նոր մոբիլիզացիա անցկացնել։

Հակահարձակման հստակ ժամկետ Ուկրաինան դեռ չի նշում

Մինչ Ռուսաստանում տեղի են ունենում օրենսդրական փոփոխություններ, ուկրաինական կողմը պատրաստվում է հակահարձակման, որի մասին խոսում է հունվարից։ Հակահարձակման հստակ ժամկետը չի հայտարարվել, պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը երեկ ասել է, թե Կիևը շտապելու կարիք չունի:

Ալեքսեյ Նեզնիկով
Ալեքսեյ Նեզնիկով

«Ռուսաստանի «սողացող» հարձակումն ուկրաինական ճակատում գնալով ավելի է բարդանում, տապալվում են առնվազն Դոնեցկի և Լուգանսկի շրջանները գրավելու ծրագրերը, իսկ հսկայական կորուստները նվազեցնում են ռուսական բանակի ներուժը։ Այսօր ժամանակն Ուկրաինայի դաշնակիցն է, մենք հնարավորություն ունենք լավագույնս նախապատրաստվելու հակահարձակմանը», - ասել է Ռեզնիկովը։

Հակահարձակման հաջողությունը մեծամասամբ կախված է լինելու նաև արևմտյան զռնքից, որն այս օրերին ստանում է Կիևը։ Արևմուտքն ամեն օր հայտարարում է ուկրաինական բանակին նոր զենք մատակարարելու մասին։ Այսօր Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը Օդեսայում Ուկարինայի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ամռանը իր երկրի կսկսի ուկրաինական զինված ուժերին մատակարարել մոտ հարյուր Leopard 1 տանկ։ Ավելին՝ Դանիայի պաշտպանության նախարարը հավելել է, թե արևմտյան երկրների կողմից Ուկրաինային կործանիչներ տրամադրելու մասին որոշումը կարող է կայացվել մինչեւ ամառ։ Խոսքը նոր արդիական արևմտյան կործանիչների մասին է։ Ավելի վաղ Լեհաստանը և Սլովակիան հայտարարել էին ՄիԳ-29 ինքնաթիռներ Ուկրաինային տրամադրելու մասին։

Պենտագոնից գաղտնի փաստաթղթերի արտահոսքը ստիպել է Ուկրաինային փոխել հակահարձակման պլանը

CNN հեռուստաընկերությունը, վկայակոչելով Վլադիմիր Զելենսկուն մոտ կանգնած աղբյուրներից մեկը, այսօր հայտնել է, թե Պենտագոնից հույժ գաղտնի փաստաթղթերի արտահոսքից հետո Ուկրաինան ստիպված է եղել մասնակիորեն փոխել լայնորեն գովազդվող հակահարձակման պլանը։

«Ամերիկացի պաշտոնյաները վստահ են, որ գաղտնազերծված փաստաթղթերի մեծ մասը իրական է», - պնդում է Reuters գործակալությունը։

Սակայն Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Ազատության» «Նաստոյաշեյե վրեմյա» ծրագրին տված հարցազրույցում հակադարձում է, թե փաստաթղթերում չկան օպերատիվ տվյալներ. - «Այդ փաստաթղթերում օպերատիվ տեղեկություն չկա, միայն վերլուծություն։ Եվ բոլոր այն մտավախությունները որ կան, մենք բարձրայնում ենք»։

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովն էլ այսօր ասել է, թե Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի շտաբը վերջին պահին կորոշում կկայացնի պլանավորված հակահարձակման մեկնարկի մասին։ Նրա խոսքով, Ուկրաինան մշտական կապի մեջ է իր առանցքային դաշնակիցների հետ, սակայն «որոշ գործողությունների անցկացման, ներգրավված ստորաբաժանումների քանակի և ուղղության մասին տվյալները հույժ գաղտնի են»։

Դանիլովը հերքել է CNN-ի այն պնդումը, թե Ուկրաինան փոխել է իր ռազմական պլանների մի մասը Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի ենթադրյալ արտահոսքից հետո. - «Կարող եմ ասել, որ մեր ծրագրերի մասին իմացողների թիվը չափազանց սահմանափակ է։ Եվ ես չեմ կարծում, որ CNN-ի հետ զրուցած աղբյուրը կապ ուներ դրա հետ»։

Ամեն դեպքում գաղտնազերտծված փաստաղթերը որոշ մտավախություն են առաջացրել։ The Washington Post-ը, մասնավորապես, հղում անելով համացանցում հայտնված գաղտնի փաստաթղթերին, գրում է, թե ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ զորքերի կենտրոնացման հետ կապված խնդիրները, զինամթերքի և տեխնիկայի պակասը կարող են հանգեցնել նրան, որ ուկրաինական հակահարձակումը չլինի այնպիսին, ինչպես ակնկալում են Կիևում։

Ըստ թերթի, 2023 թվականի փետրվարով թվագրված հույժ գաղտնի փաստաթղթերում ասվում է, որ ուկրաինական հարձակումը, ամենայն հավանականությամբ, կարձանգրի միայն «համեստ տարածքային նվաճումներ, ավելի համեստ, քան աշնան հակահարձակումն էր, երբ ռուսական ուժերը դուր էին եկել Խերսոնի և Խարկովի մարզերի գրավված տարածքներից։

Ըստ Washington Post-ի, Կիևը հարձակման ժամանակ ծրագրում է վերադարձնել տարածքները երկրի արևելքում, ինչպես նաև հույս ունի, որ Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան առաջխաղացում կատարել հարավում՝ կտրելով ռուսական բանակի ցամաքային կապը Ղրիմի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG