Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլին վերստին դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Վրաստանի 4 դատավորների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Թբիլիսի, 10 ապրիլի, 2023թ.
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Թբիլիսի, 10 ապրիլի, 2023թ.

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «անընդունելի» է անվանել օտար երկրների միջամտությունը երկրի ներքին արդարադատության խնդիրներին:

«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ անընդունելի է և չի կարելի թույլ տալ, որ որևէ պետություն միջամտի մեկ այլ ինքնիշխան պետության դատարանի գործերին, լինի դա գործադիրից, թե իշխանության մեկ ուրիշ ճյուղից: Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել աջակցությունս մեր դատավորներին»,- ասել է Ղարիբաշվիլին Վրաստանի Արդարադատության բարձր խորհրդի անդամների հետ այսօրվա հանդիպման ընթացքում:

Այդպես նա արձագանքել է Վրաստանի 4 դատավորների նկատմամբ մուտքի վիզայի սահմանափակումներ հայտարարելու Վաշինգտոնի ապրիլի 5-ի որոշմանը:

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, թե սահմանափակող որոշումն ընդունվել է վրացի 3 գործող և 1 նախկին դատավորի կոռուպցիոն գործուղությունների կապակցությամբ:

Վրաստանի Գերագույն դատարանի նախագահ Նինո Կադագիձեն, ով նույնպես Արդարադատության բարձր խորհրդի անդամ է, վարչապետի հետ այսօրվա հանդիպումից հետո ասել է, թե «ամերիկյան կողմը, դժբախտաբար, չնայած իմ անձնական խնդրանքներին, այդպես էլ չի ներկայացրել դատավորների նկատմամբ պատժամիջոցների անհրաժեշտությունը հաստատող փաստեր»:

Վիզաների տրամադրման սահմանափակման վճիռ է կայացվել Թբիլիսիի Վերաքննիչ դատարանի նախագահ Միխայիլ Չինչալաձեի, Արդարադատության բարձր խորհրդի անդամ Լևան Մուրուսիձեի, Թբիլիսիի Վերաքննիչ դատարանի անդամ Իրակլի Շենգելիայի և պաշտոնաթող դատավոր Վալերիան Ցերցվաձեի նկատմամբ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «եթե ամերիկյան կողմը չներկայացնի որոշումը հիմնավորող արժանահավատ փաստարկներ, ապա դա վնաս կհասցնի երկու երկրների բարեկամական հարաբերություններին»:

XS
SM
MD
LG