Մատչելիության հղումներ

Գյումրու թատրոնի տնօրենն ահազանգում է՝ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը վնասվել է, պահպանության խնդիր ունեն


Յոթ տարի առաջ Գյումրիի դրամատիկական թատրոնի ճեմասրահ տեղափոխված Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը վնասվել է ու դարձյալ վերականգնման կարիք ունի, ահազանգում է թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։

«Ցավոք սրտի, անզեն աչքով էլ պարզ կլինի, որ նկարն արդեն վնասվածք ունի», - «Ազատությանն» ասաց Հարությունյանը։

Հակոբ Հակոբյանը այս որմնանկարը նկարել է 1973 թվականին Գյումրիի գործարաններից մեկի պատին։ Երկրաշարժից հետո որմնանկարում պատկերված հովիվը, կթվորուհիներն ու ոչխարների հոտը տասնամյակներով լքված էին մնացել վթարային, չգործող գործարանի տարածքում։ 2016-ին, որմնանկարը վերանորոգվեց Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ, տեղափոխվեց Դրամատիկական թատրոն։

Ճիշտ է, պահպանության պատասխանատուն թատրոնն է, բայց ի վիճակի չենք, պնդում է տնօրենը։ Ավելին, Հարությունյանն ասում է՝ որմնանկարի պատճառով չեն կարողանում լիարժեք օգտագործել իրենց ճեմասրահը։

Որմնանկարի վնասված հատվածը
Որմնանկարի վնասված հատվածը

«Ի սկզբանե տեղադրելուց պետք է հասկանային, որ այստեղ չկա ջեռուցում, և թատրոնն այս մասին խոսել է՝ որ ցավոք սրտի, չենք կարող, և խնիրը միայն ֆինանսական չէ, այլ նաև տեխնիկապես հնարավոր չէր ամբողջությամբ պահպանել», - ասաց թատրոնի տնօրենը։

Հիմա որմնանկարը տեղափոխելու տարբերակներ են փնտրում։ Շիրակի մարզպետը կրթության նախարարություն գրություն է ուղարկել՝ այն նախկին Տեքստիլագործների պալատ տեղափոխելու համար։ Մարզպետ Մուշեղ Մուրադյանն ասաց՝ սպասում են մասնագետների եզրակացությանը։

«Եթե մասնագետները որոշեցին, որ տեղը հարմար է, ապահով ձեռքում կլինի, միանշանակ արագ կկազմակերպենք տեղափոխումը», - ասաց Մուրադյանը։

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վնասված հատվածներից
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վնասված հատվածներից

Որմնանկարը պետք է շուտ տեղափոխվի, մտահոգվում է թատրոնի տնօրենը, այլապես, երբ սկսեն փոխել իրենց շենքի ապակիները, տեղափոխումը կա՛մ կդժվարանա, կա՛մ անհնարին կդառնա․ օրերս կառավարությունը գումար հատկացրեց թատրոնի ճակատային ապակիները փոխելու համար։ Տնօրենի խոսքով՝ դրանք այլևս անվտանգ չեն, ցանկացած պահի կարող են ընկնել մարդկանց վրա։ Լյուդվիգ Հովհաննիսյանն ասում է՝ թատրոնի ապակիները փոխելու պահին է հնարավոր անվնաս տեղափոխել «Սարերում»-ը։ Բայց թե հայտնի գեղանկարչի գործը այս անգամ որտեղ կհայտնվի ու ինչպես կվերանորոգվի, առյաժմ հայտնի չէ։

Գյումրիի խորհրդային շրջանի գործարարանների պատերից էլի են որմնանկարներ տեղափոխվել։ Օրինակ, Մինաս Ավետիսյանի՝ դարձյալ լքված ու վնասված որմնանկարները վերանորոգումից հետո տեղափոխվեցին «Զվարթնոց» օդանավակայան և կառավարության շենք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG