Մատչելիության հղումներ

«Պիտի որ չապրեինք, բայց իրենով ապրում ենք». Մայրության օրը՝ Նկարիչների միությունում


Մայրության օրը Նկարիչների միության ցուցասրահի կտավներին շատ երիտասարդ տղաներ են՝ ժպիտով, տագնապով, թախծոտ՝ բոլորը զոհված 44-օրյա պատերազմում:

24-ամյա Հայրապետ Միքայելյանին մայրը վերջին անգամ «Զվարթնոց» օդանավակայանում է տեսել, հրետանավոր սպան Աստրախանի զորավարժություններից էր վերադառնում՝ պատերազմի առաջին օրերն էին... կտավի վրա հենց այդ օրերի Հայրապետն է:

«Մազերը խառը, գլխարկը հանեց գլխից, մի քիչ էլ հիվանդ էր, հազում էր, մրսել էր երևի թե», - պատմում է մայրը:

Օդանավակայանից՝ ուղիղ մարտի դաշտ՝ Ջաբրայիլ, այստեղ էլ զոհվել է։ Երկրորդ երեխան պիտի ծնվեր, միայն իմացավ, որ աղջիկ է լինելու, պատմում է մայրը՝ սպայի երկու դուստրերը մտածում են՝ հայրիկը հեռու մի տեղ է թռել այդ օդակայանից, կվերադառնա։

Արմինե Գալստյանի որդու առաջին զինվորական նկարն է կտավին:

Լևոնը կրտսեր սերժանտ էր Ջաբրայիլում, զոհվեց Հադրությում՝ շրջափակման մեջ։ Մարմինը գտան 9 ամիս անց։

«Ինձ համար էլ տոներ չկան, ես ո՛չ տոն ունեմ, ո՛չ կյանք ունեմ, ուղղակի ապրում եմ», - ասաց Արմինե Գալստյանը:

Մայրն ասում է՝ «պիտի որ չապրեինք», բայց հենց որդին է ուժ տալիս. - «Պիտի որ չապրեինք, բայց ապրեցինք, իրենով ապրում ենք, օրական մի բան մտածում, իրենով ապրում»:​

Մեկ այլ կտավի վրա Վահագն Խաչատրյանն է՝ բանակից առաջ է նկարվել՝ ընկերների հետ սրճարանում:

«Էս նկարը շատ-շատ էի սիրում, իրան միշտ ասում էի՝ ոնց որ կինոյի մեջի տղան լինես», - նշեց մայրը:​

Հետո զինծառայության շրջանի նկարներում մի տեսակ հոգնած է՝ ասում է մայրը՝ Ալինա Գրիգորյանը: Վահագնը ընդամենը 2.5 ամսվա ծառայող էր, զոհվեց Հադրութում։ Մարմինը տասն ամիս անց կարողացան հողին հանձնել։ «Ավագ որդիս էր, ինձ մայր դարձնողը», - ասում է Ալինան:

«Իմ ընկերը, իմ խորհրդակիցը, իմ կյանքի իմաստը»​, - նշեց նա:

Էրիկի ամենաերջանիկ օրն է այս նկարում, շրջանավարտ է՝ հետո նրան այլևս այսքան ուրախ չտեսան:

«Վերջին անգամ տեսել եմ իրան սեպտեմբերի 19-ին, այդ ժամանակ ինքը ինքը չէր, տխուր-տխուր», - պատմեց մայրը:

Պատերազմից օրեր առաջ էր քրոջն ասել, որ համար մեկ են տվել, զորքը դեպի անտառ է քաշվում: «Ի՞նչ իմանայինք, թե համար մեկն ինչ է, ոչ մի վատ բան չմտածեցինք», -.ասում է մայրը՝ Անուշ Սահակյանը։ Էրիկը նրա միակ որդին էր, տան փոքրը:

«Հիմա մենակ դատարկություն ա, ոչ մեկն իրա տեղը չի կարա լրացնի», - ասաց մայրը:​

«Ընդամենը 20 տարեկան էի, երբ առաջնեկս ծնվեց», - պատմում է Մարինեն՝ որդու նկարի մոտ, այդտեղ նա շրջափակման մեջ է:

«Պատերազմի օրվա նկար ա, էս նկարում էնքան բան կա միահամուռ պատկերված. իր ապրումները: Ուղղակի ճանաչելով իմ տղային, ես իրա հայացքից եմ էդքանը հասկանում», - նշեց Մարինեն:​

«Սա միակ նկարն է, որտեղ տղաս ուրախ չէ, այնքան կենսուրախ էր՝ ընկներին համախմբողն ու զվարթ պահողը», - հիշում է մայրը։

Մայրության օրվա մի քանի ժամը զոհված զինծառայողների ծնողները միասին ու իրենց առաջնեկների, կրտսերների, միակների մասին հիշողություններով անցկացրին: Ողջ ընթացքում անթարթ, անխոս որդու կտավին էր նայում 18-ամյա հրետանավոր Արտաշես Մարտիրոսյանի մայրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG