Մատչելիության հղումներ

Զատկական փառատոնը կեզրափակվի Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիայի կատարմամբ


Սուրբ Հարության տոնին ընդառաջ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օրերս մեկնարկեց հոգևոր երաժշտության «Զատկական փառատոնը», որը նորույթ է մեր երաժշտական կյանքում։

Փառատոնի բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, հնչեցին Գաբրիել Ֆորեի «Պավանա» և «Հոգևոր օրհներգ» ստեղծագործությունները, նաև Սեզար Ֆրանկի հանրահայտ «Փրկչի վերջին խոսքը խաչի վրա» ստեղծագործությունը։

Հոգևոր երաժշտության այս խիստ ուշագրավ փառատոնին իր մասնակցությունն է բերել նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ Ներսես Շնորհալու, Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ։

«Զատական փառատոնը» կամփոփվի Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 9-ին՝ Սուրբ Հարության տոնի օրը կայանալիք համերգով, որի ընթացքում մեր երաշտասեր հանրությանը կմատուցվի Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» մեծածավալ օրատորիան՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Երևանի պետական կամերային երչախմբի, «Տիրամայր Հայաստանի» երգչախմբի և Գերմանիայից ու Ավստրիայից ժամանած մենակատարների մասնակցությամբ՝ գերմանացի հրավիրյալ դիրիժոր Քրիստոֆ Կոնցի ղեկավարությամբ։

Բախի այս հանրահայտ ստեղծագործությունը, նաև մեկ այլ՝ «Չարչարանքներ ըստ Հովհանու» օրատորիան վերջին երկու տարում գերմանացի հրավիրյալ մենակատարների մասնակցությամբ մեր երաժշտասերներին ներկայացվեցին Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի նախաձեռնությամբ՝ արժանանալով մեծ արձագանքի։

Եվ ահա առաջիկա կիրակի օրը մեր երաժշտասերները հնարավորություն ունեն կրկին ունկնդրելու այս խորապես զգայացունց ստեղծագործությունը՝ նվիրված Հիսուսի կյանքին ու չարչարանքներին։

«Չարչարանքներ ըստ Մատթեոսի» կամ «Չարչարանքներ ըստ Հովհաննեսի» Քրիստոսի խաչելության պատմությունն է, նրա մկրտությունից սկսած մինչև մահ պատմությունն է արծարծվում ամբողջ ստեղծագործության մեջ։ Ինքը իզուր չի անվանված «չարչարանքներ», որովհետև Քրիստոսի չարչարանքները, նաև ընդհանրապես այս ստեղծագործությունը իրա մասշտաբով, բանով շատ մեծ ստեղծագործություն է... Ես կողմ եմ, որ մեր երկրում միայն բարձր որակի երաժշտություն հնչի։ Եվ պարզ է, որ մենք երկու անգամ և շատ լուրջ մասնակցություն ունեցանք «Հովհաննես փասիոնի» և «Մատթեոս փասիոնի» հետ կապված։ Ինչո՞ւ էր շատ բարդ։ Որովհետև ես պարտադիր ուզում էի, որ եվրոպացի մենակատարներ լինեին երգողները և նվագողները։ Էնտեղ միայն գերմանացիներ էին, որովհետև իրենց նման ոչ ոք չի կարողանում իրականությունը բերել-հասցնել մեր հարթություն։ Դեմ չեմ, որ մենք ունենք հանճարեղ հայ երգիչներ, շատ լավ երաժիշտներ, բայց եկեք հասկանանք, որ մի հատ սպեցիֆիկ պահ գոյություն ունի, որ Բախի երգեցողությունը և Բախի կատարումը առանձնակի մոտեցում ունի։ Հատուկ Բախի դպրոցը անցած, պրոֆեսիոնալ վարժ երաժիշտներ են, որոնք գիտեն կատարման ձևերը։ Եվ ես դրանում համոզվեցի՝ երկու անգամ կազմակերպելով գերմանացիների մուտքը Հայաստան։ Միանշանակ կարելի է դա նորից կրկնել, և ինչքան շատ կրկնել, էդքան մեր ազգին օգուտ։ Որովհետև մենք կսովորենք ի վերջո Բախին մոտենալ հավուր պատշաճի, ճիշտ»։

Մլքեյանի համոզմամբ, հոգևոր երաժշտությունը հոգեկան մեծ բավարարություն կարող է պատճառել յուրաքանչյուրին, առավել ևս՝ մեծանուն Բախի այս ստեղծագործությունը. - «Եվ վերջապես մենք կամաց-կամաց մոտենանք իրապես Բախի երգելու բոլոր էդ հնարները սովորենք։ Հատուկ գերմանացիներ ունեն, որոնք գալու են էդ սպեցիֆիկ գործիքների վրա նվագելու համար, և գալու են նաև երգիչներ-մենակատարներ, էն սոլիստները, որոնք որ գլխավոր դերակատարներն են էդ «Չարչարանքների» ամբողջ երաժշտական կտավի։ Բախի երաժշտությունը ոչ ոք չի երգում այնպես, ինչպես գերմանացիք։ Դա միանշանակ է, դա ապացուցել պետք չի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG