ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Մանհեթենի շրջանային դատախազություն և պաշտոնապես ձերբակալվել՝ դատարանում մեղադրանքներ ներկայացնելու նպատակով, հայտնում է CNN-ը։
Սա պարտադիր ընթացակարգ է, ինչպես և մատնահետքի վերցնումը և լուսանկարելը: Այնուհետ Թրամփին պետք է ուղեկցեն դատարանի դահլիճ, որտեղ նրան մեղադրանք կառաջադրվի, որից հետո նա ազատ կարձակվի մինչև հաջորդ դատավարությունը։
Ինքը՝ Թրամփը, հայտարարել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվելու 33 կետով։
Սա աննախադեպ իրադարձություն է Միացյալ Նահանգների պատմության մեջ։ Թրամփի նկատմամբ մի շարք հետաքննություններ, որոնք կապված են ընտրական գործընթացների հետ, դեռևս շարունակվում են։
Դատարան հասած քրեական այս գործի հիմքում 2016 թվականի իրադարձություններն են, երբ Թրամփը առաջին անգամ փորձում էր նախագահ դառնալ։
Քննությունը պնդում է, որ քաղաքական գործիչը տասնյակ հազարավոր դոլարներ է վճարել ամերիկյան պոռնո աստղ Սթորմի Դենիելսին՝ վերջինիս հետ ունեցած ենթադրյալ սեռական կապի մասին լռության դիմաց։ Այս վարձատրությունը կարող էր աննկատ մնալ և հանցանք չորակվեր, եթե չպարզվեր, որ Թրամփը այդ գումարները վերցրել է նախընտրական հիմնադրամի բյուջեից՝ որպես իրավաբանական ծառայության դիմաց վճար։ Այս հանցանքի համար նախկին նախագահի փաստաբան Մայքլ Քոենը 2018 թվականին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել։