Մատչելիության հղումներ

Տեղի հողատարածքներում ադրբեջանական ու հայկական կողմերը շինաշխատանք են կատարում գրեթե հարևանությամբ


Տեղ համայնքի հողատարածքներում ադրբեջանական ու հայկական կողմերը շինաշխատանք են կատարում գրեթե հարևանությամբ: Գյուղից տեսանելի է հայկական երկու եռագույնների միջև խրված ադրբեջանական դրոշը։ Ենթադրվում է, որ սահմանի ճշգրտման աշխատանքը դեռ չի ավարտվել։

«Հայաստանի կառավարության մեղքն ա, պիտի առաջինը մենք դնեինք պոստերը, ոչ թե իրանք», - ասաց Տեղ համայնքի բնակիչ Վոլոդյա Զեյնալյանը:


«68 տարի այս գյուղում եմ ապրում», - ասում է Վոլոդյա Զեյնալյանը, խորհրդային տարիներին հարևան ադրբեջանական Ջաղազուրի բնակիչների հետ համերաշխ հող էին մշակում՝ ամեն մեկն իր տարածքում:

«Էդ հողերն իրար կպած են եղել, խորհրդային տարիներին իրար մոտ աշխատել ենք, իրար հետ էլ հաց ենք կտրել, իսկ հիմա դա անհնարին է», - ​նշեց Տեղի բնակիչը:

Հիմա, ասում է Վոլոդյան, ադրբեջանցիները հայկական տարածք են մտել՝ այնտեղ, որտեղ չեն եղել նախկինում ոչ մի օր. - «Մոտ 70 հա վարելահող են թռցրել մեզանից, մի էդքան էլ, հլը մի քիչ էլ ավելի արոտավայրեր»:

Վոլոդյա Զեյնալյանը ենթադրում է՝ այս ադրբեջանցի զինվորները ուղղակի չգիտեն, թե հողն ումն է, այ որ իր նախկին հարևանները գային. - «Եթե կոնկրետ առաջվա Զաբուղ գյուղում ապրող թուրքը լինի, չի մտնի երբեք էդ տարածք, որովհետև նա գիտի, որ դա Տեղ գյուղինն է»:​

Ոչ մի հարևանություն Տեղի բնակիչը չի պատկերացնում քանի Ադրբեջանի զինուժը գյուղի դաշտում է, վստահ է, ոչ բարեկամական տրամադրությամբ:

«Էնտեղ հակահայկական քարոզչություն է գնում, նրանք թշնամի են մեզ համարում, չեն կարա մեզ հետ հաց կտրեն», - նշեց նա:​

Լուծումն, ասում է, դարձյալ կառավարության ձեռքում է, թող բոլոր հարցերը մի կողմ դնեն ու բանակն ուժեղացնեն. - «Անջախ ճանապարհներ են շինում, չե՞նք կարա խճուղով գնանք, թող փողը դնեն պաշտպանության վրա, պաշտպանենք մեր երկիրը, մինչև Երևան հասնելու են՝ կամաց-կամաց, տոտիկ-տոտիկ»:​

Ադրբեջանցիների զբաղեցրած դաշտում խորհրդային տարիներին Կոլյա Բալայանն էլ է աշխատել՝ հարևանությամբ ադրբեջանցիներն էին հացահատիկ մշակում. - «Իրենք իրենց հողերն են մշակել, մենք էլ մեր հողերը՝ առանց որևէ խոսակցության»​:


Հիմա ուզում է հուշեն իրեն թե ում դիմի, որ Տեղում խրամատավորվող հարևանները հեռանան:

«Թուրքը պիտի հեռանա, քանի որ մեր պապական հողերն են, ո՞ւմ միջոցով ա եկել էստեղ, չենք հասկանում, չենք իմանում, թե ինչ անենք», - ասաց Բալայանը:​

Սյունիքից հնչող տագնապների վերաբերյալ իշխանության ներկայացուցիչները ոչինչ չեն ասում, նաև Պաշտպանության անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահը. - «Դուք պետք է ապավինեք մեր պաշտոնական աղբյուրների տեղեկատվությանը»:​

Պաշտոնական տեղեկատվություն տարածել է միայն Ազգային անվտանգության ծառայությունը՝ ադրբեջանական ներխուժման օրը, մարտի 30-ին, հայտարարել, որ սահմանի 5 կետով մինչև 300 մետր առաջ են տեղակայվել. մեկ օր անց ասացին՝ Տեղ-Կոռնիձոր հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է: Ի՞նչ բարելավման մասին է խոսքը, 4 օր է ոչ ոք չգիտի, ոչ ոք չի պարզաբանում, գյուղացիներն էլ չեն նկատում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG