Մատչելիության հղումներ

ԱԳ նախարարը Ռումինիայի վարչապետին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը


Բուխարեստում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկան մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Հայաստանի ԱԳ նախարարը Ռումինիայի վարչապետին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը:

«Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այլ դրույթների կոպտագույն խախտումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ արգրեսիաներն ու առավելապաշտական հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու ուղղությամբ հայկական կողմի ջանքերը», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը և բոլոր խնդիրները խաղաղության գործընթացի միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ ընդլայնվող համագործակությանը՝ զրուցակիցները բարձր են գնահատվել ինչպես Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և զարգացման օրակարգին ԵՄ աջակցությունը, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը:

Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն է տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG