Մատչելիության հղումներ

Հայկական կաթնամթերքն արգելելու Ռուսաստանի որոշումը կապ ունի՞ լարված հարաբերությունների հետ. արձագանքներ


Ռուսաստանն ապրիլի 5-ից արգելել է հայկական կաթնամթերքի մատակարարումն իր շուկա։ Պատճառն, ըստ Ռոսսելխոզնադզորի, «կողմերի բանակցությունների ու ստուգումների անբավարար արդյունքներն են»։

Ռուսաստանցի մասնագետները մարտին 4 օր ուսումնասիրել են հայկական երկու ընկերության կաթնամթերքի որակն ու հայտնաբերել իրանական ծագման հումք, որն արգելված է Ռուսաստանում։

Ինչո՞ւ է արգելվել հայկական ամբողջ կաթնամթերքի ներկրումը, այլ ոչ միայն այն ապրանքներինը, որի մեջ խախտում է գտնվել, ռուսական կողմը երեկ տարածած հաղորդագրության մեջ այս հարցին չի անդրադարձել։ Իսկ Հայաստանի Սննդի անվտանգության պետական տեսչությունում միայն հավատացնում են՝ բանակցությունները շարունակվում են, բայց չեն մանրամասնում՝ արդյո՞ք քննարկվում է ուսումնասիրության չենթարկված ապրանքատեսակների ներկրման արգելքը վերացնելու հարցը։

Հայկական կաթնամթերքի մեջ կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել, վստահեցնում են տեսչական մարմնից։ Ավելին, պնդում են, թե առաջին անգամն է, որ խախտում հայտնաբերվում է մի քանի ընկերությունում, բայց արգելվում է հայկական բոլոր տեսակի կաթնամթերքի մատակարարումը։

Երեք օր առաջ հայտնի դարձավ, որ Մոսկվան քննարկելու է Հայաստանից կաթնամթերքի մատակարարումը սահմանափակելու հարցը։ Դրանից հետո Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ Հայաստանում կաթնամթերքի արտադրությունն իրականացվում է անհրաժեշտ նորմերին համապատասխան։

«Չեմ կարծում, ոև ընկրությունները խախտում են կաթնամթերքի արտադրության ստանդարտները։ Համենայն դեպս, Սննդի անվտանգության տեսչական մարմինը դրան ուշադիր հետևում է», - ասել էր նախարարը, - «Պետք է քննարկենք գործընկերների հետ։ Իրանական կազմակերպություններ կան, որ գտնվում են եվրասիան ռեեստրի մեջ, և թույլատրված է իրենցից կաթնային սերուցք ներմուծել և օգտագործել դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանվող ապրանքի մեջ, մենք պետք է քննարկենք, այսինքն՝ մենք այս աշխատանքը տեսնում ենք ավելի շատ աշխատանքային մակարդակի վրա, և կարծում եմ, որ լուծումներ կգտնենք»։

Էկոնոմիկայի նախարարը միևնույն ժամանակ հերքել էր վարկածները, թե Մոսկվայի կողմից մտցվող այս արգելքը քաղաքական պատճառ ունի։

«Մնք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, հաջորդ շաբաթ հանդիպում ենք ունենալու, ես կարծում եմ, որ այդտեղ որևէ քաղաքական ենթատեքստ չկա, ամեն ինչը զուտ սննդի անվտանգության բարձր չափանիշներ ապահովելու համար է», - նշել էր նա։

Այնուամենայնիվ, հայաստանյան կաթնամթերքի ոլորտում կան խնդիրներ, ինչը մեկ ամիս առաջ արձանագրել էին հետաքննող լրագրողները, ասում է սպառողների իրավունքների պաշտպան Բաբկեն Պիպոյանը. - «Եթե մենք ունենայինք շատ լավ հարաբերություններ, հարաբերություններում ոչ մեկը ոչ մեկի որևէ ազդակ չուզենար տար, ապա ներքին խողովակներով ինչ-որ բաներ տեղի կունենային, և արդեն կխոսվեին այն կարճ ժամկետների մասին, որոնցով մեր խնդիրները կլուծվեին»։

Հայ-ռուսական հարաբերությունները կրկին սրվեցին, երբ Հայաստանի Սահմանադրական դատարանը մայր օրենքին համապատասխանող ճանաչեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու որոշում կայացրած միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը։ Մոսկվան նաև զգուշացրել է «բացասական հետևանքների» մասին, եթե Հռոմի կանոնադրությունը վավերացվի։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը չի բացառում, որ հայկական կաթնամթերքի ներկրման արգելքը կապ ունի հայ-ռուսական առկա լարվածության հետ։

«Առնվազն խոսում է նրա մասին, որ այդ երկու մարմինների միջև ոչ գործընկերային հարաբերություններ են, բայց քանի որ այդ երկու մարմինները պետական մարմիններ են, դա ցույց է տալիս, որ կառավարությունների մակարդակում հարաբերություններում գործընկերային չեն։ Որ կարող է պայմանավորված լինել նաև Հայաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ ոչ այդքան գործընկերային քաղաքականությամբ, չեմ բացառում, որ դա կարող է նաև պատճառ հանդիսացած լինել, պատճառ կամ նույնիսկ առաջնային պատճառ»։

Իսկ սպառողների իրավունքներով զբաղվող Պիպոյանը նկատում է՝ խնդիրը հրապարակայնացնելը կարող է դիտարկվել որպես հարցի քաղաքական կողմ, բայց գործընթացը՝ ոչ. - «Հաշվի առնելով քաղաքական իրավիճակը՝ մենք այս ամեն ինչը բաց խողովակներով տեսանք, և այս ամեն ինչը կարող է ունենալ հետևանքներ, բայց նաև կարող ենք փաստել, որ հաղորդագրությունն ինքնին իր մեջ ենթադրում է տարրեր, որ տեղի են ունենում բանակցություններ, իսկ դա նշանակում է, որ որոշումը, որը կայացվել է այս պահին սահմանափակելու, քաղաքական չէ»։

Եթեր չլիներ առկա լարվածությունը, ապա գործընթացն այլ ընթացք կունենար, ասում է Պիպոյանն՝ ընդգծելով՝ ցուցիչ կարող են լինել հետագա գործողությունները։

«Եթե որոշ արտադրողներ, այնուամենայնիվ, կբացվեն, դա կնշանակի, որ քաղաքական կոմպոնենտ չկա, իսկ եթե կհրաժարվեն նոր մոնիթորինգի գալուց, այսինքն՝ տեսնեն՝ համապատասխանում է, թե չէ, դա կնշանակի՝ մենք ունենք էլ ավելի մտահոգվելու կարիք, որովհետև կաթնամթերքին համապատասխանելու են այլ ապրանքամթերքներ», - ասաց նա։

Ըստ ռուսական Ռոսսելխոզնադզորի՝ հայկական կաթնամթերքի մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի հետագայում՝ հայտնաբերված խախտումների վերացմանն ուղղված աշխատանքների արդյունքներից հետո։

XS
SM
MD
LG