Մատչելիության հղումներ

Գյումրիում բեմադրվել է Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանին» պիեսը


Սահմանազատում, տան և ունեցվածքի կորուստ. հայկական իրականության մեջ այժմ շատ արդիական այս թեմաներով «Տունը սահմանին» ներկայացումն է բարձրացել Գյումրիի դրամատիկական թատրոնի փոքր բեմ։

Թեև լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի ստեղծագործությունը գրվել է շուրջ 60 տարի առաջ, այդուհանդերձ պատմությունը կարծես մեր օրերի մասին լինի, ասում է երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանը։

Ըստ պատմության, փոքրիկ փայտյա տունը, որտեղ ապրում է 4 հոգանոց ընտանիքը, հայտնվում է մի քանի երկրների սահմանին, և այն կիսելու են գալիս դիվանագետները։

Բեմադրության ռեժիսոր Արտուշ Միքայելյանի խոսքով, ստեղծագործությունը չեն փորձել հայաֆիկացնել. - «Պիեսի գաղափարական գիծը, որ ի սկզբանե եղել է, ասելիքը և այլն, էդ ամեն ինչը մնացել է հեղինակինը։ Մենք չենք փորձել իրան շեղել... մեր կողմից մենք մեր տարբերակն ենք առաջարկել իր ասելիքի։ Ու շատ նորովի շեշտադրումներով, նորովի անդրադարձներով խոսվում է էդ ամեն ինչի, էդ միասնականության, մեր արժեքների, մեր ինքնության, մեր բոլորի մասին, բոլոր մարդկանց»։

Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի խոսքով, փորձել են ներկայացմամբ նաև ցույց տալ, որ միասնական լինելու դեպքում հնարավոր է տունը չկորցնել. - «Երբեք որևէ մեկը չի կարող վնասել, գալ ու քեզանից խլել ինչ-որ բան, եթե դու ամուր ես, եթե դու միասնական ես։ Արտաքին թշնամին, կամ ինչ-որ մեկը պիեսում եթե մտնում են ու ասում են՝ սա այլևս քոնը չի, ուրեմն դու պիտի հասկանաս որտեղ է քո սխալը, ինչպես եղավ, որ նա հասավ քո տուն, մտավ քո տուն, ինչպես որոշեց, որ պիտի արդեն տունը քոնը չլինի։ Խնդիրը փորձում ենք վերլուծել, խնդրին փորձում ենք նայել շատ ռեալ, խնդրին փորձում ենք նայել շատ այսօրեական շեշտադրումներով, և կարծում եմ, որ յուրաքանչյուր հանդիսատես կհասկանա, որ մեր ասելիքը, մեր մտահոգությունը մեկ բանում է, որ ամուր պիտի լինենք մեր արժեքների մեջ, մեր ունեցածի մեջ։ Խնդիրը նրանում է, որ դու պիտի կարողանաս միասնական լինել, մենակ չես կարող շատ հարցեր լուծել»։

«Տունը սահմանին» բեմադրությունը Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ներկայացուցիչներն օրեր առաջ թատերական «Արտավազդ» մրցանակաբաշխությունից 5 մրցանակով են վերադարձել։

XS
SM
MD
LG