Մատչելիության հղումներ

«Ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ շահեկան դիրքեր ունենք, այդ դիրքերում ամրապնդվում ենք ու մնալու ենք»․ Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լաչինի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մասիմ Մամեդովին։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Մամեդովը մարտի 1-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ Խոջալուում կայացած բանակցությունների մասնակիցներից մեկն է։

Այսօր Ալիևը, ընդունելով իր կողմից նշանակված հատուկ ներկայացուցչին, մի շարք հայտարարություններ է արել։ Նա ասել է, որ այսօր ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ «շատ շահեկան դիրքեր ունեն», այդ դիրքերում ամրապնդվում են ու այնտեղ էլ մնալու են։

«Իհարկե, Լաչինի շրջանի անվտանգությունը ապահովելու համար կատարվում են նաև այլ քայլեր, ձեռնարկվում են միջոցներ, որոնք թույլ կտան այնտեղ վերադարձող մեր հայրենակիցներին ապրել հարմարավետ և անվտանգ»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ չնայած 44-օյա պատերազմից հետո Լաչինի շրջանը «անցել էր Ադրբեջանի վերահսկողությանը», սակայն Լաչին քաղաքը իրենց վերահսկողությունից դուրս էր, քանի որ այդտեղով էր անցնում Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը։ Քաղաքը Ադրբեջանի վերահսկողությանն է անցել օգոստոսի 26-ին։

Հիշեցնենք՝ այդ օրերին դուրս եկան Լաչինում և մոտակա երկու գյուղերում մնացած վերջին հայերը, դուրս եկան նաև ռուս խաղաղապահները նոր ճանապարհը վերահսկողության տակ վերցնելու համար, որը, սակայն, արդեն ավելի քան 3.5 ամիս արգելափակված է մի խումբ ադրբեջանցիների կողմից։

Ալիևն ասել է, որ առաջիկա տարիներին նախատեսվում է մոտավորապես 10 հազար, հնարավոր է նաև ավելի շատ տեղահանվածներ բնակեցնել Լաչինի շրջանում։ Երկու գյուղերի գլխավոր հատակագծերը արդեն հաստատել է, որոնք ընդհանուր 3800 բնակիչ են ունենալու։

Ղարաբաղյան առաջին պատերազմում Լաչինը կորցնելու մեջ Ալիևը մեղադրել է ընդդիմությանը, պնդելով, որ Ազգային ճակատն ու մուսաֆաթականները ամեն կերպ իշխանության էին ձգտում, Հայաստանին հողեր հանձնելով, ծախելով, Ադրբեջանի ժողովրդին ցնցումների մեջ գցելով, դավաճանաբար հասան իրենց նպատակին։

Իսկ նախկին բանակցությունների մասին Ալիևն ասել է, թե տարիներ շարունակ Հայաստանը Լաչինի վերադարձն անթույլատրելի էր համարում։ «Բանակցությունների երկար տարիների ընթացքում միջնորդները մշտապես հատուկ մոտեցում էին ցուցաբերում Լաչինի շրջանին, իսկ Հայաստանը ընդհանուր առմամբ այդ շրջանի վերադարձը Ադրբեջանին անթույլատրելի էր համարում»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը՝ շարունակելով, թե «հայերը մյուս շրջաններից ևս չէին պատրաստվում հեռանալ, այսօր՝ պատերազմից երկուսուկես տարի անց, դա բոլորի համար շատ ավելի ակնհայտ է դարձել»։

«Միջազգային միջնորդնները՝ ԵԱՀԿ նախկին Մինսկի խումբը, բանակցություններ վարելով, փաստորեն փորձում էին ամրագրել օկուպացիայի փաստը»,- պնդել է Ալիևը և ներկայացրել Լաչինի շրջանը Ադրբեջանի վերահսկողությանը անցնելուց հետո ընդունված ծրագրերը։

Նա ասել է, որ Լաչինում միջազգային օդանավակայան է կառուցվում։ Այդ շրջանում երբեք օդանավակայան չի եղել, ու տեղի ընտրության հարցում դժվարությունների են բախվել, քանի որ թռիչքուղու համար հնարավոր չէր հարթ տեղանք գտնել։ Բայց նա նշել է, որ բոլոր լեռնային շրջաններում օդանավակայաններ են կառուցում՝ կատարելով հողային լայնածավալ աշխատանքներ։ Ալիևի խոսքով՝ Լաչինի շրջանում կառուցվող օդանավակայանը հավանաբար շահագործման կհանձնվի գալիք տարվա վերջին կամ 2025-ի սկզբին։

Ադրբեջանի վերահսկողությանն անցած գրեթե բոլոր շրջաններում Ալիևը նախագահի հատուկ ներկայացուցիչներ է նշանակել, մնում է Քարվաճառը (Քելբաջարը), որտեղ ևս նա պատրաստվում է հատուկ ներկայացուցիչ նշանակել։

Ալիևի որոշ հայտարարություններ ակնհայտորեն վերաբերում են ոչ Լաչինին, ոչ էլ Մասիմ Մամեդովին։

«Ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա։ Ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել վերջնագրերի լեզվով։ Մենք դա ապացուցեցինք Հայաստանին ղարաբաղյան երկրորդ պատերազմում, մենք դա ապացուցեցինք Հայաստանի հովանավորներին պատերազմից հետո երկուսուկես տարվա ընթացքում»,- հայտարարել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG