Առնվազն երեք երեխա և երեք մեծահասակ է սպանվել երեկ ԱՄՆ Թենեսի նահանգի մայրաքաղաք Նեշվիլի քրիստոնեական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Պարզվել է, որ հարձակվողը 28-ամյա տրանսգենդեր կին է, նա փոխհրաձգության ժամանակ սպանվել է ոստիկանների կրակոցից։ Նա զինված էր երկու ինքնաձիգով և ատրճանակով։
Ասուլիսի ժամանակ ոստիկանության ներկայացուցիչ Դոն Ահարոնը հայտնել է, որ հրաձգության հետևանքով զոհված երեք երեխաներն էլ 9 տարեկան էին։ Մեկ ոստիկան վիրավորվել է:
Հանցագործությունից մի քանի ժամ անց ոստիկանությունը հրապարակել է հարձակվողի անունը՝ Օդրի Հեյլ։ CNN-ը հայտնում է, որ Հեյլը մեկ տարի առաջ ավարտել է Նեշվիլի արվեստի և դիզայնի քոլեջը։ LinkedIn-ի նրա էջում գրված է, որ նա կամավոր հիմունքներով աշխատել է որպես դիզայներ, նաև աշխատել է խանութում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է մինչև մարտի վերջ երկրի բոլոր պաշտոնական հաստատությունների դրոշները կիսով չափ իջեցնել։
Նա կրկնել է հարձակողական զենքի արգելման իր կոչերը։
Նեշվիլի մասնավոր քրիստոնեական տարրական դպրոցում երեխաները սովորում են մինչև 6-րդ դասարան` մինչև 11 կամ 12 տարեկան դառնալը։ Ըստ դպրոցի կայքի՝ այն ունի մոտ 200 աշակերտ։