Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Լավրովը կքննարկեն եռակողմ հանդիպման կազմակերպումը


Միրզոյան-Լավրով հանդիպում Երևանում, 9-ը հունիսի, 2022թ․
Միրզոյան-Լավրով հանդիպում Երևանում, 9-ը հունիսի, 2022թ․

Այսօր Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները:

Ռուսական կողմի հաղորդմամբ, արտգործնախարարները պլանավորում են վերլուծել տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը:

Հայկական կողմը երեկ հաղորդել է, որ հանդիպմանը կհաջորդի երկու երկրների արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիսը:

Ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ սպասվում է, որ հանդիպման հիմնական թեմաներից մեկը կլինի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, ինչպես նաև այդ նպատակով Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպման կազմակերպումը։

Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները նախատեսում են մանրամասն վերլուծել տարածաշրջանային խնդիրները՝ «ներառյալ Լաչինի միջանցքի շուրջ և առհասարակ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը»։

Սերգեյ Լավրովի, Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էր նախատեսված անցած տարվա դեկտեմբերին, սակայն հայկական կողմը խնդրել էր հետաձգել այն՝ շեշտելով, որ «առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է»:

XS
SM
MD
LG