Մատչելիության հղումներ

«Լավ մասնագիտություն լիներ, հիմա վաղուց ինձ հանել էին». թոշակառու Վերգինե Թադևոսյանը միակ անասնաբույժն է Դսեղ գյուղում


Վերգինե Թադևոսյանը թեև արդեն թոշակառու է, բայց շարունակում է աշխատել որպես անասնաբույժ, միակն ավելի քան 1500 կենդանի ունեցող Դսեղ գյուղում։ Ասում է՝ անասնաբույժի գործն այնքան անհրապույր է դարձել, որ ջահելների մտքով չի էլ անցնում իրեն մրցակից դառնալ։

«Գալիս ենք, մտնում ենք, թրիքի մեջ կորում ենք, անասնատիրոջ հետ կռիվ ենք տալիս, որ բռնի, մեկը չի բռնում, որպեսզի ես սրսկեմ կամ արյուն հանեմ: Լավ մասնագիտություն լիներ, հիմա վաղուց ինձ հանել էին», - ասաց Թադևոսյանը:

Տարեկան 4 անգամ պտտվում է 250 հա տարածք ունեցող Դսեղում, կենդանիների արյունն անալիզի ենթարկում ու պարտադիր պատվաստում իրականացնում։ Ընթացքում համագյուղացիների կանչերին է արձագանքում՝ անասունը հիվանդ է, մի քիչ տկար է, կամ՝ հեչ լավ չի ուտում։

«Մեկին, կոպիտ ա խոսում, ջան ես ասում, մեկի հետ չոր ես խոսում, ամեն ձևով հարմարվում ես», - պատմեց նա:

4 տարի առաջ համայնքապետարաններն անասնաբույժների համար վճար սահմանեցին՝ ամսական ընդամենը 27 հազար դրամ, որը նվազագույն աշխատավարձից ավելի քան երկու անգամ պակաս գումար է։ Սահմանված չնչին վճարն ավելացնելու համար գյուղի անասնաբույժը, բացի պետական ֆինանսավորմամբ կատարվող չորս միջոցառումներից, մյուս այցերի, խորհրդատվության ու բուժման, գիշերները գոմում անցկացնելու համար համագյուղացուց պետք է գումար գանձի, մուտք անի տեղական բյուջե, որպեսզի դրա կեսը որպես հավելավճար ինքը ստանա։ Բայց 4 տարի անց համայնքների տեղական բյուջե որևէ դրամ չի մտել. - «Էս չքավոր լոռեցին որտեղի՞ց մուծի, որ դու էլ տանես մուծես»:

Հրահատը Վերգինե Թադևոսյանի օգնականն է։ Գոմը լուսավորելու և անհնազանդ կենդանիներին ամուր բռնելու դժվարին գործը նրան է վստահում։ Եղած օգուտն էլ իրար մեջ են կիսում։ Հաշվարկում են՝ հունվարից այս կողմ երկուսով 1000-ից ավելի կենդանի են համարակալել, բժշկել ու հետազոտել, բայց դեռ աշխատավարձ չեն ստացել։

«Արել ենք 1155 կարծեմ, էդ կեսը՝ ինձ, կեսն՝ իրան: Այսինքն՝ երեք ամսվա մեջ 160 հազար չի կազմում յուրաքանչյուրիս», - նշեց Վերգինեն:

2018-ի հեղափոխությունից հետո կառավարությունը հայտարարել էր, թե գնում են անասնաբուժության վճարովի ծառայության, և որ զարգացնելու են մասնավոր անասնաբուժական կենտրոններն ու դրանց միջոցով իրականացնեն պետական ծառայությունները։ Բայց այս ծրագիրն էլ թղթի վրա մնաց։ Հանրապետությունում եղած ընդամենը 12 կենտրոններն այդպես էլ պետության գործընկերը չդարձան։ Գյուղերում նախկինում գործած անասնաբուժարաններն էլ անհարմար են դարձել ծառայությունների համար։

Ամբողջ օրը գոմերում անցկացնող տարեց կինն ասում է՝ մի առանձին կռիվ էլ տալիս է կենդանիների համարակալմանը դեմ գնացողների հետ:

Պաշտոնական տվյալներով՝ 2020-2023 թվականներին նախատեսված էր համարակալել հանրապետության ավելի քան 1.5 մլն գլուխ խոշոր եղջերավորներին՝ դրանց տեղաշարժն ու համաճարակային իրավիճակը վերահսկելու, հետագայում նաև կենդանիների ապահովագրման համակարգ ներդնելու նպատակով։

«Հրաժարվողները իրենց համոզմունքի մեջ շատ խիստ են, մոտիկ չեն գալիս ոչ մի կերպ: Ասում ա՝ ինձ պետք չի, ես եմ էդ անասունը ստեղծել, ես չեմ ուզում համար դնես», - ներկայացրեց նա:

Դսեղում հնարավոր չեղավ պարզել՝ ինչո՞ւ են դեմ իրենց կենդանիների համարակալմանը։ Հրաժարվեցին հարցազրույցից։ Նրանց նկատմամբ դեռ լծակներ չեն գործում։ Անասնաբույժ Վերգինեն ասում է՝ այսպես կիսատ-պռատ ծրագրերով դեռ ոլորտն ու ծառայությունները զարգացման չեն գնա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG