Մատչելիության հղումներ

Ռյաբկով. «ԱՄՆ պետք է հրաժարվի մեզ պարտություն հասցնելու նպատակից»


ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, արխիվ, Մոսկվա:
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, արխիվ, Մոսկվա:

«Հաշվի առեք անվտանգության հարցում Ռուսաստանի շահերը»

Ռուս-ամերիկյան աշխարհաքաղաքական առճակատումը շարունակում է սրվել, և դրա խորհրդանիշն այս օրերին դարձել է Սև ծովում ամերիկյան անօդաչուի ոչնչացման պատմությունը:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր պետական պարգևների է ներկայացրել ՍՈւ-27 մարտական ինքնաթիռների օդաչուներին, որոնց գործողությունների հետևանքով մարտի 14-ին MQ-9 տեսակի ամերիկյան հետախուզական ԱԹՍ-ն կործանվել է:

Իսկ ավելի ընդհանուր պատկերը բավական հոռետեսական տպավորություն է թողնում: Մոսկվան կասեցրել է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազենի կրճատման և սահմանափակման պայմանագրին: Եվ հիմա ռուսներն ամերիկացիներին այսպիսի ընտրություն են առաջարկում՝ «ուզո՞ւմ եք վերադառնանք պայմանագրին, ուրեմն հաշվի առեք անվտանգության հարցում մեր շահերը»:

Արտաքին գերատեսչությունը հրապարակել է փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի գրավոր պատասխանները "Коммерсант" պարբերականին:

«Եթե Միացյալ Նահանգներն իսկապես հետաքրքրված է սպառազենի պայմանագրի վերականգնմամբ, ապա պետք է հրաժարվի մեզ ռազմավարական պարտություն հասցնելու սին նպատակից և ընդունի, որ անվտանգության ասպարեզում Ռուսաստանի շահերը հաշվի առնելն այլընտրանք չունի», - հայտարարել է Ռյաբկովը:

Նրա փոխանցմամբ, այսօր, երբ Արևմուտքը Միացյալ Նահանգների առաջնորդությամբ տոտալ հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ, Մոսկվան չի կարող վերադառնալ պայմանագրին:

Այն կասեցնելու մասին նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է փետրվարի 21-ին խորհրդարանի երկու պալատներին հասցեագրված ամենամյա ուղերձում:

«Ռուսաստանն անվստահելի միջուկային տերություն է»

Արևմտյան երկրներն անմիջապես դատապարտել է Կրեմլի որոշումը և կոչ են արել անհապաղ վերականգնել լիարժեք մասնակցությունը պայմանագրին:

«Ընդամենն օրեր առաջ նախագահ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինն ազդարարել է, որ Ռուսաստանը միակողմանի կասեցնում է մասնակցությունը պայմանագրին: Ռուսաստանն այդպիսով ևս մեկ անգամ աշխարհին ցույց է տալիս, որ անվստահելի միջուկային տերություն է», - փետրվարի 27-ին ասել է ԱՄՆ սպառազինությունների վերահսկման հարցերով պետական քարտուղարի տեղակալ Բոննի Ջենքինսը:

Մինչդեռ, փոխարտգործնախարար Ռյաբկովն այսօր "Коммерсант"-ին տված հարցազրույցում պնդել է, որ Միացյալ Նահանգներն է խախտել պայմանագրի դրույթները և այդ պատճառով է Ռուսաստանը կասեցրել պայմանագիրը:

Ըստ Ռուսաստանի փոխարտգործնախարարի, Մոսկվան բազմիցս ամերիկյան կողմին ներկայացրել է պայմանագրի կասեցման իրավական հիմնավորումները:

«Մեր կողմից սպառազենի պայմանագրի կասեցումը լիովին համապատասխանում է Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի 1969 թվականի կոնվենցիային, և իրականությունն անտեսող Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի իրավաբանների մոգոնած թեզերը չեն կարող փոխել իրական պատկերը», - ասել է Ռյաբկովը:

Առավելագույնը 1550-ական մարտագլխիկ

Խնդրո առարկա պայմանագիրը 2010 թվականի ապրիլի 8-ին Պրահայում ստորագրել են այն ժամանակաշրջանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման և Դմիտրի Մեդվեդևը: Օբաման հույս է հայտնել, որ դա միայն առաջին քայլն է, և կողմերն ապագայում կշարունակեն մահաբեր զենքի կրճատումը:

Այդ փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2011-ի փետրվարի 5-ին: Պայմանագրով Վաշինգտոնը և Մոսկվան պարտավորվել են առավելագույնն ունենալ 1550-ական միջուկային մարտագլխիկներ և դրանք կրող 700-ական ցամաքային տեղակայման միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև սուզանավերով և ծանր ռմբակոծիչներով փոխադրվող բալիստիկ հրթիռներ:

10տարով ստորագրված պայմանագիրը հնարավոր էր երկարաձգել ևս 5 տարով, ինչն էլ արվել է 2021-ին:

Պայմանագիրը ենթադրել է փոխադարձ տեսչական այցեր, սակայն դրանք կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020-ին դադարեցվել են, ապա, երբ 2022-ի փետրվարի 24-ին մեկնարկել է ռուս-ուկրաինական պատերազմը, Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ, Ռուսաստանը նույն միջոցին է դիմել, կողմերը միմյանց մեղադրել են այցերն արգելելու և այդպիսով պայմանագիրը խախտելու համար:

«Ոչ միայն Ամերիկան, այլև Բրիտանիան ու Ֆրանսիան միջուկային զենք ունեն»

Ռուսաստանը պնդում է, որ նախքան ռազմավարական հարձակողական սպառազենի կրճատման և սահմանափակման պայմանագրին վերադառնալը, պետք է քննարկել դրանում ոչ միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի, այլև ՆԱՏՕ-ի մյուս միջուկային տերությունների՝ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային զինանոցը հաշվի առնելու հարցը:

Այդ երկու եվրոպական պետություններն էլ ունեն միջուկային սպառազեն և ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցն են հանդիսանում:

Հայտարարել, որ միջուկային պատերազմում հաղթել հնարավոր չէ

Մինչդեռ, ըստ Վաշինգտոնի, ռուսների կողմից սպառազենի պայմանագրի կասեցումը ստեղծել է անվտանգային լուրջ ճգնաժամ:

Արևմուտքը պահանջում է, որ ռուսները միանշանակ և հստակ հայտարարեն, որ միջուկային պատերազմում հաղթել չի կարելի և այն երբեք չի կարելի սկսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG