Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը և Մոսկվան երկարաձգում են միջուկային սպառազենի պայմանագիրը


Ռուսական RS-24 Yars տեսակի միջմայրցամաքային հրթիռները Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսում, Կարմիր հրապարակ, Մոսկվա, 24-ը հունիսի, 2020թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը երկարաձգում են «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագիրը, որն ավելի հայտնի է New START անվամբ:

Դա սպառազենի ասպարեզում միջուկային երկու հսկաների միջև ուժի մեջ մնացած վերջին փաստաթուղթն է, քանի որ 2019 թվականին կողմերն ի պաշտոնե հրաժարվել են փոքր և միջին հեռահարության հրթիռների պայմանագրից:

New START-ի երկարաձգումը նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը համաձայնեցրել են այս երեքշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Դա երկու ղեկավարների առաջին զրույցն էր Բայդենի ինաուգուրացիայից հետո:

Այդ զրույցի կապակցությամբ է Սպիտակ տունը հայտարարել, որ պատրաստ է Կրեմլի հետ հաստատել պրագմատիկ, փոխշահավետ կապեր սպառազենի կրճատման և կարևոր այլ բնագավառներում, սակայն մարդու իրավունքների հարցում չի նահանջի և շատ կոշտ կարձագանքի ռուսների կողմից ԱՄՆ-ի նկատմամբ անբարյացակամ որևէ գործողության:

New START-ը 2011 թվականի փետրվարի 5-ին Պրահայում ստորագրել են այն ժամանակվա նախագահներ Բարաք Օբաման և Դմիտրի Մեդվեդևը: Փաստաթղթի գործողությունը տասը տարի է և երկուստեք համաձայնությամբ կարող է երկարաձգել ևս հինգ տարով: Ժամկետը սպառվելու էր 2021-ի փետրվարի 5-ին, ուստի Վաշինգտոնը և Մոսկվան պետք է արագ կողմնորոշվեին:

Բայդենի ինաուգուրացիայից ընդամենը երկու օր անց Սպիտակ տան նորանշանակ մամլո խոսնակ Ջեն Սաքին հայտնեց, որ նախագահը մտադիր է օգտվել պայմանագրում ամրագրված դրույթից և հինգ տարով երկարաձգել գործողության ժամկետը:

«Նախագահը մշտապես նշել է, որ պայմանագիրը բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից, և դրա երկարաձգումը նույնիսկ ավելի իմաստալից է, հաշվի առնելով, որ ներկայիս պահին Ռուսաստանի հետ հարաբերությունները թշնամական են, սա միակ պայմանագիրն է, որը զսպում է Ռուսաստանի միջուկային ուժերը, երկու երկրների միջև ռազմավարական կայունությունն այս պայմանագրի վրա է խարսխվում», - ասել է Սպիտակ տան մամլո խոսնակը:

Ռուսական կողմն էլ է գովեստով խոսում պայմանագիրը երկարաձգելու մասին: Այդ առաջարկն օրենսդիրներին նախագահ Վլադիմիր Պուտինն է ներկայացրել:

Խորհրդարանի երկու պալատները՝ Դաշնության խորհուրդը և Պետական դուման արդեն վավերացրել են երկարաձգումը, մնում է, որ Պուտինն այն ստորագրի և դարձնի օրենք:

Դաշնության խորհրդում քննարկումների ընթացքում փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ երկարաձգումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի շահերին:

«Պայմանավորվածության էությունն այն է, որ փաստաթուղթը երկարաձգվում է ճիշտ այն տեսքով, որով ժամանակին կնքվել է առանց փոփոխությունների և լրացումների՝ հինգ տարի ժամկետով, մինչև 2016 թվականի փետրվարի 5-ը: Սա կարող ենք համարել լուրջ հաջողություն արտաքին քաղաքական ասպարեզում», - ասել է Ռյաբկովը:

Նման գնահատական է տվել նաև վերին պալատի խոսնակը։ «Կասկած չկա, որ թեպետ տարին նոր է սկսվում՝ այս պայմանագրի երկարաձգումը կդառնա ամբողջ 2021 թվականի առանցքային իրադարձություններից մեկը», - ասել է Վալենտինա Մատվիենկոն:

XS
SM
MD
LG