Մատչելիության հղումներ

Ջերմուկում թավշյա սեզոնը և ձմեռը գրեթե առանց զբոսաշրջիկների անցան


Ջերմուկցի 65-ամյա Սեդա Լևոնյանի անհանգստությունը օրերը տաքանալուն զուգահեռ աճում է՝ որտեղի՞ց պետք է նորից ավելուկ ու բուժիչ խոտաբույսեր հավաքի։ Անցած սեպտեմբերին ադրբեջանցիների հարձակումից հետո առողջարան-քաղաքում նոր հոգսեր են ի հայտ եկել. ադրբեջանցիները դիմացի սարի գլխին են։

Սեդա Լևոնյան
Սեդա Լևոնյան

«Որ նայում ես դեպի վերև, ընդամենը չորս ու կես կիլոմետր ա հեռավորությունը», - ասում է Լևոնյանը՝ հավելելով, որ վախենում էինք սկզբի օրերին, իսկ հիմա համակերպվել են։

Նա 80-ականներից Ջերմուկում է ապրում և սեփական մաշկի վրա զգացել է և՛ Խորհրդային Միության փլուզման, և՛ առաջին ղարաբաղյան պատերազմի դժվարությունները, բայց հիմա, ասում է, ավելի դժվար է, քանի որ անորոշ է. - «Սեպտեմբերյան դեպքերից հետո ընդհանրապես գործ չկա, հանգստացողները պակասել են։ Պատերազմական վիճակում ո՞նց ա ըլնում...»

Հանքային ջրի սյունազարդ տաղավար տանող ճանապարհին մասուրի, կոնի մուրաբա, չրեր, խոտաբույսեր վաճառող մի քանի մարդ էր մնացել։ Ամիսներնեով առևտուր չկա, որովհետև տուրիստ գրեթե չկա, տիկին Սեդայի խոսքերն էին կրկնում։

Բայց Վրեժ Մանգասարյանը լավատես է։ Ասում է՝ մի կետից պիտի շարունակել. - «Ես էս հող ու ջրից գնալու տեղ չունեմ»։

Ավելի քան ինը հազար ջերմուկցիների մեծ մասը սեպտեմբերյան ռմբակոծությունից հետո վերադարձել է տուն։ Բայց շատ խանութներ դեռ հիմնականում փակ են, եթե հաճախորդ լինում է, զանգով բացում են։ Ե'վ թավշյա սեզոնը, և' ձմեռը այս տարի գրեթե առանց զբոսաշրջիկների անցավ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքում վնասվել էին հյուրատներ, քաղաքացիական մի շարք այլ շինություններ, ճոպանուղին:

Նարեկ Միրզոյան
Նարեկ Միրզոյան

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի տնօրեն Նարեկ Միրզոյանն ասում է՝ մարկետինգի մեխը հիմա քաղաքի անվտանգ ու ապահով իմիջը վերականգնելն է. - «Մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ Ջերմուկ քաղաքի հյուրանոցային տնտեսությունները գրեթե աշխատում էին հարյուր տոկոս ծանրաբեռնվածությամբ։ Դրանից հետո բնական է, որ չեղարկումներ եղան, մինչև ընդհուպ նոյեմբեր ամիսը, ու եթե մենք համեմատենք նույն ժամանակաշրջանի նախորդ տարիների հետ, ապա այս պահին քաղաքը շատ քիչ զբոսաշրջիկներ ունի։ Անցյալ տարի, օրինակ, այս ժամանակաշրջանում քաղաքի բոլոր հյուրանոցային տնտեսությունները աշխատում էին»։

Մի կարգին ձյուն էլ չեկավ, որ գոնե դահուկասպորտը տուրիստներին Ջերմուկ բերեր, ասում է «Օլիմպիա» առողջարանի ավագ մատենավար Քրիստինե Իվանյանը։

Քրիստինե Իվանյան
Քրիստինե Իվանյան

Զբոսաշրջիկներով ապրող առողջարանային քաղաքում հյուրանոցների աշխատողների աշխատավարձերն են նվազեցրել, աշխատատեղեր են փակվել։ Պաշտոնական տվյալներով, Ջերմուկում մոտ 3 անգամ նվազել է հյուրանոցների շրջանառությունը։ Հունվարին կառավարությունը մոտ 60 միլիոն դրամ հատկացրեց երկու տասնյակ տնտեսվարողների չորս ամսվա կոմունալ ծախսերի փոխհատուցման համար։

Ջերմուկում շրջում էին նաև Եվրամիության դիտորդները։ Ջերմուկցիները մի մասը հավատում է, որ գուցե նրանց ներկայությունը զսպի, որ նոր կրակոցներ չլինեն։ «Մարդիկ արդեն սովորեցին էդ մտքին, որ կարելի է այցելել, որովհետև անվտանգություն ասվածը բավականին հարաբերական գաղափար է Հայաստանում», - ասում է Իվանյանը։

Ջերմուկի տաք ջրերով, առողջարար պրոցեդուրներով, մաքուր օդով հիմնականում ռուս տուրիստներն են հետաքրքրված։ Ամրագրումների մեծ մասը հենց Ռուսաստանից է։

«Հատուկ երկու շաբաթով եկել ենք Ջերմուկ՝ առողջությունը վերկանգնելու», - ասում է ռուսաստանցի Իրինան։

«Քիչ են մարդիկ, իհարկե, բայց ջուրը, բնույթունը, մարդիկ հիասքանչ են։ Ինչ-որ մեզ պետք է մենք ստանում ենք, մնացածը՝ մեզնից կախված չէ», - նշում է ուկրաինացի Վլադիմիրը։

Ուկրաինացի Վլադիմիրն ու ռուսաստանցի Իրինան ասում էին՝ անհանգիստ ժամանակներ են ամենուր, բայց կյանքը շարունակվում է։

Հստակ վիճակագրություն չկա, թե քանի զբոսաշրջիկ է կորցրել Ջերմուկն անցած ամիսներին։ Առաջիկայում առողջարանային քաղաքի կողքին կսկսվի Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը։ Տեղացիները այս թեմայով հիմնականում նախընտրում են լռել։

XS
SM
MD
LG