Մատչելիության հղումներ

Պենտագոնը հրապարակել է MQ 9 Reaper անօդաչու սարքի կործանման կադրերը


Արխիվ
Արխիվ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը մի քանի ժամ առաջ հրապարակեց MQ 9 Reaper մակնիշի հետախուզական անօդաչու սարքի կողմից՝ կործանումից առաջ արված վերջին կադրերը։ Դրանք գալիս են վկայելու ամերիկյան կողմի նախկինում արված հայտարարությունների իսկությունը։

Ռուսական Սու-27 կործանիչներն իրոք ընդհուպ մոտենում են դրոնին՝ դրանից ընդամենը մի քանի մետրի վրա վտանգավոր մանևրներ իրականացնելով։ Մոսկվայում, սակայն, հատուկ ընդգծում են՝ ռուսական օդանավերի և ամերիկյան անօդաչու սարքի միջև որևէ ֆիզիկական կոնտակտ միջադեպի ընթացքում չի եղել։ Այժմ, ըստ ռուսական կողմի, իրենց առաջնահերթությունն ամերիկյան դրոնի բեկորները Սև ծովի հատակից բարձրացնելն է։

«Ես չգիտեմ՝ մենք կկարողանանք այն բարձրացնել, թե ոչ, բայց դա հարկավոր է անել, և մենք դրանով միանշանակորեն զբաղվելու ենք։ Իհարկե, հուսով եմ, որ հաջողության կհասնենք», - երեկ երեկոյան Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարում էր Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

Ամերիկյան կողմի պնդմամբ՝ MQ 9 Reaper մակնիշի հետախուզական դրոնի դուրս բերումը Սև ծովի հատակից կարող է շատ դժվարին գործ լինել թե ռուսների և թե հենց իրենց՝ ամերիկացիների համար։

«Անօդաչու սարքի բեկորները գտնվում են մոտավորապես 1200-ից 1500 մետր խորության վրա։ Դրանց, ծովի հատակից, նման խորությունից բարձրացնելու գործողությունը, ով էլ դա ձեռնարկի, կարող է կապված լինել լուրջ դժվարությունների հետ։ Դա առաջին բարդությունն է։ Բացի այդ, ձեզ հայտնի է, որ մենք այդ շրջանում որևէ նավ չունենք, սակայն այդ տարածաշրջանում բազմաթիվ դաշնակիցներ ու բարեկամներ կան», - Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Միացյալ Նահանգների զինված ուժերի Գլխավոր շտաբի՝ Շտաբերի հրամանատարների միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլին։

Ամերիկացի զինվորականի խոսքով՝ ի դեպ, Պենտագոնում լուրջ մտավախություն չունեն, որ եթե դրոնի բեկորները հայտնվեն ռուսների ձեռքում, ապա Մոսկվան կարող է ինչ-ինչ հույժ գաղտնի տեղեկատվության տեր դառնալ։

«Ըստ ամենայնի, դրոնը շարքից դուրս է եկել, և այնտեղ առանձնապես բարձրացնելու բան էլ չի մնացել։ Եթե խոսքը զգայուն տեղեկատվության մասին է, ապա մենք վնասը մեղմելուն ուղղված միջոցներ ենք ձեռնարկել, և ես գրեթե վստահ եմ, որ այն ամբողջ արժեքավոր տեղեկատվությունը, որ կրում էր [կործանված անօդաչու սարքը], այլևս այդպիսին չի հանդիսանում», -հայտարարում էր Միլին։

Իսկ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնում առայժմ չեն շտապում Ղրիմի ափերի մոտ տեղի ունեցած միջադեպից հեռուն գնացող հետևություններ անել։

«Միջադեպի հետաքննությունը շարունակվում է, և մենք կսպասենք դրա ավարտին՝ որևէ հետևություն անելու համար, հասկանալու, թե որոնք էին այդ գործողությունների իրական նպատակները, եթե դրանք իհարկե եղել են։ Այս հարցում մենք մեր գործընկերների և դաշնակիցների հետ սերտ և համակարգված աշխատանք ենք իրականացնում», - հայտարարում էր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հատուկ ընգծելով, որ MQ 9 Reaper անօդաչու թռչող սարքի կործանմանը հանգեցրած ռուսական օդանավերի գործողությունները «անխոհեմ էին և վտանգավոր»։

Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովի խոսքով, սակայն, ռուսական օդուժը նման գործողություններ իրականացնելու լիակատար իրավունք ուներ։

«Ամերիկացիները ամբողջությամբ անտեսում են այն փաստը, որ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո մեր զինվորականները Սև ծովի ափամերձ որոշ հատվածներ օդային միջոցների կիրառման սահմանափակ կարգավիճակ ունեցող շրջաններ էին հայտարարել։ Եվ Վաշինգտոնի կողմից այս օբյեկտիվ իրողության նման ցուցադրական անտեսումը ստիպում է մտածել, որ ամերիկյան կողմը մշտապես սադրանքեր է որոնում՝ իր կոնֆրոնտացիոն մոտեցումները սրելու համար։ Գլոբալ անվտանգության տեսանկյունից որևէ միջադեպ, որը բախում է սադրում երկու մեծ տերությունների, աշխարհի երկու խոշորագույն միջուկային տերությունների միջև, իր մեջ մշտապես լուրջ ռիսկեր է պարունակում»,- հայտարարում էր Ռուսաստանի արտգործնախարարը։

Միաժամանակ ընդունելով, որ Սև ծովի այն հատվածը, որտեղ տեղի էր ունեցել մարտի 14-ի միջադեպը, չեզոք գոտի է եղել, և միջազգային իրավունքի նորմերից ելնելով, ամերիկյան օդուժը կարող էր այնտեղ գործել, Լավրովը նաև ակնարկում է հնարավոր հայելային քայլերի մասին։

«Դուք լսել եք, թե ինչպես էին Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարում, որ ամերիկացիները կշարունակեն թռիչքներ իրականացնել, որտեղ որ ցանկանան՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Բայց եթե մենք առաջնորդվենք նույն տրամաբանությամբ, ապա Միացյալ Նահանգների շուրջ գտնվող [օդային] տարածքը ունի նույն կարգավիճակն, ինչ Սև ծովի վրա գտնվող տարածքը», - հայտարարում էր Լավրովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG