Մատչելիության հղումներ

Գյումրիի ավագանին քաղաքապետի երկրորդ տեղակալ ընտրեց Վահագն Մկրտչյանին


21 կողմ, 4 դեմ, 3 ձեռնպահ. Գյումրիի ավագանին այսօր քաղաքապետի երկրորդ տեղակալ ընտրեց Վահագն Մկրտչյանին։ Նորընտիր փոխքաղաքապետը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է։ Առաջին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանն էլ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականն է։ Երկուսն էլ «Քաղպայմանագրից» են։

Տեղական ընտրություններից հետո կայացած քաղաքական համաձայնությամբ այդ քվոտաները հաղթած «Բալասանյան» դաշինքի հետ կոալիցիա կազմած ՔՊ-ինն են. Արդյո՞ք սա նեպոտիզմի դրսևորում չէ, հարցրեցինք նորընտիր փոխքաղաքապետին. Վահագն Մկրտչյանն ասում է, որ՝ ոչ:

«Տիկին Հակոբյանը քաղաքական հարցերով ընդհանրապես չի զբաղվում, նույնիսկ քննարկում չի եղել, մամուլից տեղեկացված եղել է, բայց քննարկում չի եղել», - ասաց Մկրտչյանը:

Այդուհանդերձ, 28-ամյա ՔՊ-ականն ասում է՝ եթե անհրաժեշտություն լինի, ազգակցական կապը կփորձի օգտագործել քաղաքի խնդիրների լուծման համար. - «Ի շահ քաղաքի՝ դեր կունենա անպայման: Տվյալ իրավիճակում, եթե կարիքը կտա, որ տեղյակ պահեմ, որ թեկուզ հրավիրեմ, շահագրգռեմ, օգտագործեմ բարեկամական կապն ի շահ քաղաքի զարգացման, այդ ժամանակ անպայման տեղյակ կպահեմ»:

Վահագն Մկրտչյանի թեկնածությանն այսօր չորս ընդդիմադիրներ դեմ քվեարկեցին. երկուսը «Ապրելու երկրից», երկուսը՝ Հանրապետականից։

Հանրապետական խմբակցության ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը դեմ քվեարկելու 2 պատճառ նշեց. նախ, ասաց՝ համայնքի ղեկավարը պատշաճ չհիմնավորեց, թե ինչու է ընտրությունը կանգ առել հենց Վահագն Մկրտչյանի վրա, և երկրորդ՝ պնդեց՝ իշխանությունները խախտում են իրենց իսկ կողմից հայտարարած խնամի-ծանոթ-բարեկամի պաշտոնի չնշանակելու խոստումը:

«Իշխանությունների բոլոր հայտարարությունները արդեն հասարակությունը հասկացավ, որ կարելի է հասկանալ գրեթե 100 տոկոսով հակառակ ուղղությամբ: Խնամի-ծանոթ-բարեկամների նշանակումները շարունակվում են, շարունակվում են ահռելի քանակով: Այսինքն՝ նշանակվում են պաշտոնների այն մարդիկ, որոնք գործող իշխանության համար ցանկալի են», - նշեց Նարեկ Միրզոյանը:

Նորընտիր փոխքաղաքապետը, սակայն, հակադարձում է. - «Թե՛ մեր քաղաքը, թե՛ մեր երկիր այնքան փոքր է, ցավոք սրտի, իհարկե, դրա համար եթե գտնենք մարդ, որն ընդհանրապես ազգակցական, ընկերական կամ մտերմիկ հարաբերություն չունի ինչ-որ մի պաշտոնյայի կամ ինչ-որ մի իշխանության հետ, ինձ թվում է, բացառված է»:

Ի դեպ, ավագանու նիստում ընդդիմադիր «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը հետաքրքրվեց, թե ինչ հիմնավորմամբ է առաջնորդվել քաղաքապետը առաջադրելով Մկրտչյանի թեկնածությունը։

«Հաշվի է առնվել, որ պարոն Մկրտչյանը ունի կազմակերպչական փորձ, դրանից ելնելով մենք էլ մեծ հույս ենք կապել, շփվելով, տեսնելով իր գիտելիքները, փորձը, որի արդյունքում մենք իր թեկնածությունն ենք առաջադրել», - պատասխանեց քաղաքապետը:

Պաշտպանության նախարարի ազգական, քաղաքապետի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի հետ զրուցել չհաջողվեց։ Նա նաև ավագանու անդամ է, այսօր եկավ, մասնակցեց քվեարկությանն ու արագ հեռացավ նիստերի դահլիճից։

XS
SM
MD
LG