Մատչելիության հղումներ

Գյումրիի Քաղաքապետարանն աճուրդով օտարում է «Ճերմակ» հիվանդանոցի շենքը


Քաղաքապետարանը աճուրդով օտարում է Գյումրիի կենտրոնում գտնվող հայտնի «Ճերմակ» հիվանդանոցի շենքը։ Բացատրում են՝ դրա պահպանման համար մեծ գումար է ծախսում՝ առանց շենքից որևէ եկամուտ ստանալու։

Ավագանու վերջին նիստում որոշվեց աճուրդի մեկնարկային գինը։ Շուրջ 2400 քառակուսի մետր մակերես ունեցող շենքը և 6000 քառակուսի մետր հողատարածքը գնահատվել է 750 մլն դրամ, աճուրդի մեկնարկային գին սահմանվեց 1 մլրդ 100 մլն դրամը։

Ընդդիմադիր «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը օտարման հարցում իրավական լուրջ խնդիր է տեսնում, ընդգծում է՝ շենքի մի հատվածը տարիներ առաջ տրամադրվել է Կարմիր խաչին։

«Կարմիր խաչ կազմակերպությունը ունի շուրջ կարծեմ 10 տարուց էլ ավելի պայմանագիր վարձակալության, որը գրանցված է կադաստրով և մինչև տվյալ կազմակերպությունը համաձայնություն չտա գրավոր տեսքով, որ վաճառքի դեպքում կարող է դուրս գալ, մենք չենք կարող այդ շենքն իրավական առումով վաճառել, որովհետև դա դատական քաշքշուկների կարող է տանել: Այսինքն՝ զուտ էդ տեղը պիտի ապահովվեր, նոր բերվեր ավագանի, որ դա լիներ ճիշտ իրավական փաստաթուղթ», - նշեց Հակոբյանը:

Կարմիր խաչի գրասենյակ այցելեցինք։ Տնօրենը տեղում չէր, հեռախոսն էլ անհասանելի, մեր հարցերին պատասխանող չեղավ։

Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասում է՝ Կարմիր խաչին հատկացված հատվածը նկատի կունենան աճուրդի ժամանակ. - «Մենք աճուրդի պայմանների մեջ նաև հաշվի կառնենք Կարմիր խաչին տրված մասը և այդ անպայման հաշվի առնելով նրա գործունեությունը և տրված ժամկետները, մենք դրան մոտեցում կցուցաբերենք»:

Ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը կարևորում է շենքի նպատակային օտարումը։ Վարդևան Հակոբյանը պնդում է, որ այն պետք է շարունակի լինել հիվանդանոց, քանի որ սեյսմիկ գոտում մեկ հիվանդանոցի հույսին մնալը սխալ է։

«Մենք ապրում ենք պատերազմական երկրում, մեր հարևանների մոտ նույնիսկ երկրաշարժեր են տեղի ունենում, մեր մոտ էլ է երկրաշարժ եղել և մենք տեսել ենք: Այսինքն՝ մենք պիտի ամեն ինչ նաև գիտակցաբար շարժվենք: Միայն տուրիստական քաղաք ասելով և հյուրանոցներ կառուցելով չի լինի: Մենք մի բանով անցել են և իրավունք չունենք սխալվելու: Մենք պետք է ունենանք մեր տարածքում երկրորդ հիվանդանոցային տարածքը», - ասաց Հակոբյանը:

Ավագանու անդամը հիշեցնում է՝ անցած տարի շենքի հետ կապված նաև ներդրումային 3 ծրագիր է ներկայացվել՝ երկուսը առողջապահական, մեկը հյուրանոցառեստորանային։ Հակոբյանը տարակուսած է՝ հանրային լսում եղավ, բայց ոչ մի ծրագրի մասով պատասխան չեղավ։

«Հանրային քննարկումը որ եղավ, էդ մարդիկ ներկայացրեցին, հետո չպատասխանվեց, որ չէ, այսինքն, մերժվեց, որևէ պատասխան չի եղել: Դրանից հետո բերվել է վաճառքի», - նշեց ավագանում ընդդիմադիր անդամը:

Տարակուսած է նաև «Կուրղինյան» էնդոսկոպիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար Աշոտ Կուրղինյանը, որի ներդրումային ծրագիրն անպատասխան թողնելուց 9 ամիս անց քաղաքապետարանը հայտարարեց, թե ներդրում չլինելու պատճառով են շենքն օտարում։ Ասում է՝ իր ծրագրով 1 մլրդ դրամի ներդրում էր նախատեսվում։

«Ներկայացվել էր բազմապրոֆիլ հիվանդանոց ստեղծելու ծրագիր, արվելու էր 1 միլիարդ դրամի ներդրում, որի մեջ կմտներ և՛ շենքի կապիտալ վերանորոգումը և, բնականաբար, ներշենքային ժամանակակից առողջապահական բոլոր նորմերն ու չափորոշիչներին համապատասխան ծառայություններ ստեղծելը, առանց որի հնարավոր էլ չէր լիցենզիա ստանալը», - ասաց Կուրղինյանը:

Քաղաքապետարանից առայժմ չեն արձագանքում Կուրղինյանին։ Նրա ղեկավարած մասնավոր կլինիկան նույն շենքում 300 քառակուսի մետր տարածք է վարձակալել ու նորոգել։ Կուրղինյանն ասում է՝ մասնակցելու են աճուրդին ու Գյումրիում 2-րդ հիվանդանոց ունենալու գաղափարից չեն հրաժարվում. - «Ես չեմ համարում, որ վերջ, փակվեց էս թեման, չգիտեմ՝ ինչ ֆորմատով կմասնակցենք աճուրդին, կմասնակցենք - չենք մասնակցի, սրա մասին մտածում եմ՝ դեռ վաղ է խոսելը»:

Ավագանու նիստին նաև հայտարարվեց, թե շենքը օտարվում է, որպեսզի այդ գումարով սուբվենցիոն ծրագրերի համար գումար ապահովեն։ Ընդդիմադիր Վարդևան Հակոբյանը սա սխալ մոտեցում է համարում. - «Գումարի խնդիր է առաջացել, փաստորեն, պետք է վաճառվի, որ էդ գումարը գա բյուջե, որ կարողանան սուբվենցիոն ծրագրերն իրականացնել, այ դրան էլ կողմ չեմ: Մի կողմից դու վաճառում ես մեկ այլ կողմը կառուցելու համա՞ր»:

«Ճերմակ» հիվանդանոցի հսկայական շենքը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին վարձակալության էր հանձնվել ամսական ընդամենը 40 հազար դրամով։ Վարձակալն էլ շուրջ տասը միլիոն դրամի պարտք էր կուտակել համայնքին։ Շենքը միայն անցած տարի հետ վերցրեցին վարձակալից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG