Մատչելիության հղումներ

Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խումբը քննարկում է Ուկրաինայի «ամենակարևոր» կարիքները


Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի ամերիկյան կողմի անդամները
Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի ամերիկյան կողմի անդամները

Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խումբը սկսել է իր տասներորդ առցանց հանդիպումը Ռամշտեյնի ձևաչափով, հայտնում է Պենտագոնը։

Քաղաքական գործիչները ավելի վաղ հայտարարել էին, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են Ուկրաինայի «ամենակարևոր» կարիքները։

Իններորդ հանդիպմանը գործընկեր երկրները խոստացել են օգնել Ուկրաինային գարնանը անցնել հակահարձակման։

Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի ուկրաինական կողմի անդամները
Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի ուկրաինական կողմի անդամները

Կիևը շարունակ պնդում է, որ, չնայած բարդ իրավիճակին, ռազմի դաշտում ուկրաինական բանակը պատրաստվում է հակահարձակման։ Այս մասին ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը՝ մեկնաբանելով ամերիկյան The Washington Post թերթի հրապարակումը, որի հեղինակները գրել էին, թե ուկրաինական բանակը դժվար թե կարողանա առաջիկա ամիսներին իրականացնել հակահարձակումը, քանի որ ուկրաինացիների շարքերում մեծ են կորուստները։

«Այո, դժվար իրավիճակ է, մենք արդեն մեկ տարի է, ինչ պատերազմ ենք մղում մեծ երկրի դեմ։ Գիտեինք, որ մեզ համար դժվար է լինելու, բայց հիմա իրավիճակը սրել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունով, իսկապես հաճելի բան չէ», - ասել է Դանիլովը:

Մարտի 13-ին Washington Post-ը գրել էր, թե ուկրաինացի պաշտոնյաները սկսել են կասկածի տակ դնել Կիևի՝ երկար սպասված գարնանային հարձակումը սկսելու պատրաստակամությունը։

Իր հերթին, Մոսկվան պատերազմը ավարտելու որևէ նշան չի ցուցադրում։ Հակառակը, ապրիլի 1-ից կսկսվի նոր պայմանագրային զինծառայողներով Ռուսաստանի բանակի համալրման գործընթացը, պաշտպանության նախարարությունը մտադիր է պայմանագրեր կնքել 400 հազար մարդու հետ։ Պաշտպանության նախարարության պլանների համաձայն, Չելյաբինսկի և Սվերդլովսկի մարզերում, օրինակ, ռազմական ծառայության պետք է անցնի 10 հազար մարդ, Պերմի երկրամասում՝ 9 հազար։ Խոսքը նոր մոբիլիզացիայի մասին չէ, Կրեմլը պարբերաբար շեշտում, որ նոր մոբիլիզացիա չի լինելու, խոսքը պայմանագրային զինծառայողների մասին է։

Հունվարին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ նպատակ ունի երեք տարվա ընթացքում ռուսական զորքերի թիվը հասցնել մեկ ու կես միլիոնի։ Ենթադրվում է, որ նրանց գրեթե կեսը պայմանագրային զինծառայողներ կլինեն։

Մեկ տարուց ավելի տևող պատերազմը շարունակելու համար ռուսներին նոր ուժեր են պետք։ Կրեմլի խոսնակը երեկ հայտարարել է, թե այսօր հակամարտությունը կարգավորելու որևէ հնարավորություն չկա, և Ռուսաստանը իր նպատակներին Ուկրաինայում հասնելու է ռազմական ճանապարհով։

Մինչ այդ, հաշվի չնստելով սեփական կորուստների հետ, ռուսական զորքերը շարունակում են հարձակումը Դոնբասում։ Սակայն Բախմուտը ռուսները դեռ չեն կարողանում ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել։

Ուկրաինայի նախագահը երեկ գիշերը կրկին շեշտել է, որ բանակը քաղաքը չի թողնելու. - «Այսօր ես անցկացրել եմ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի նիստ: Հիմնական ուշադրությունը Բախմուտն էր: Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբն ունի հստակ դիրքրորոշում՝ ամրապնդել այս ուղղությունը, հնարավորինս ոչնչացնել օկուպանտին»։

Պատերազմի ուսումնասիրման Վաշինգտոնի ինստիտուտի վերջին զեկույցի համաձայն, Բախմուտում, որտեղ ընթանում են ամենակատաղի մարտերը, ռուսական ուժերը որոշակիորեն առաջ են շարժվել քաղաքում և շարունակում են հարձակումները քաղաքի հարակից տարածքների վրա։ Ինստիտուտի փորձագետները վկայակոչում են ռուս «ռազմական բլոգերներին», որոնք խոսում են «Վագների» կողմից Բախմուտի հյուսիս-արևմուտքում գտնվող «Վոստոկմաշ» գործարանի գրավման մասին։ Նույն փորձագետները սակայն արձանագրում են․ հունվարի 31-ից, երեբ սկսվեց ռուսների այս նոր հարձակումը, մինչև փետրվարի 28-ը Ռուսաստանը գրավել է մոտավորապես 234 քառակուսի կիլոմետր, ինչը համարժեք է Ուկրաինայի տարածքի ընդամենը 0,04 տոկոսին։ Իսկ մարտին լուրջ առաջխաղացում ռուսական զորքերը ընդհանրապես չեն ունեցել։

XS
SM
MD
LG