Մատչելիության հղումներ

Շվեդիայի վարչապետը հավանական է համարում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը առանց Շվեդիայի


Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Ստոկհոլմում այսօր կայացած հանդիպմանը հավանական է համարել, որ Ֆինլանդիան առանց Շվեդիայի, առաջինը անդամակցի ՆԱՏՕ-ին՝ հաշվի առնելով այդ հարցում Թուրքիայի մոտեցումները։

Անցած տարվա մայիսից ի վեր, երբ Ստոկհոլմը և Հելսինկին պաշտոնապես դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, մինչ հիմա սկանդինավյան այդ երկու երկրները հայտնել են, որ Հյուսիսատլանտյան դաշինքին կմիանան միասին՝ ձեռք ձեռքի տված։

Բայց այսօրվա ասուլիսում Շվեդիայի վարչապետն ասել է․«Վերջին շաբաթների ընթացքում ինչպես բոլորը լսել են, բացառված չէ, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը վավերացվեն տարբեր փուլերում։ Վերջին շաբաթներին թուրքական կողմից պարզ էր, որ նրանք Ֆինլանդիայի հարցում գործն ավարտված են համարում, իսկ Շվեդիայի հարցով՝ դեռ ոչ»։

Ուլֆ Քրիստերսոնը նշել է, որ Շվեդիան պատրաստ է նման զարգացմանը, մեծ հաշվով խոսքը ոչ թե ՆԱՏՕ-ին անդամակցելու, այլ միայն ժամկետի մասին է։

ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր 30 անդամների համաձայնությունը, բայց երկու երկիր՝ Թուրքիան և Հունգարիան, մինչ հիմա չեն վավերացրել Շվեդիայի ու Ֆինլանդիայի հայտերը։

Մարտի 9-ին Թուրքիայի, Շվեդիայի ու Ֆինլանդիայի ներկայացուցիչները Բրյուսելում հանդիպում են ունեցել՝ քննարկելով սկանդինավյան երկու երկրների ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում ստեղծված իրավիճակը: Հանդիպումից հետո առաջընթացի մասին գնահատականները զուսպ էին։

XS
SM
MD
LG