Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգի պնդմամբ՝ Ֆինլանդիան և Շվեդիան կատարել են Անկարայի բոլոր նախապայմանները


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

«Ֆինլանդիան և Շվեդիան կատարել են Անկարայի բոլոր նախապայմանները և կարող են անդամակցել ՆԱՏՕ-ին», - նախօրեին Հելսինկի կատարած այցի ընթացքում հայտարարում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք առաջընթաց ենք արձանագրում։ Մոտ երկու շաբաթ առաջ ես հանդիպեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, և մենք պայմանավորվեցինք, որ արդեն հաջորդ շաբաթ Բրյուսելում թուրքական կողմը բանակցություններ կանցկացնի Ֆինլանդիայի և Շվեդիայի ներկայացուցիչների հետ։ Իմ ուղերձը հետևյալն է՝ թե՛ Ֆինլանդիան և թե՛ Շվեդիան կատարել են այն ամենը, ինչ խոստացել էին Թուրքիայի հետ նախորդ տարվա հունիսին Մադրիդում ստորագրված համաձայնագրի շրջանակում։ Այնպես որ, եկել է [Ֆինլանդիայի և Շվեդիայի] հայտերը վավերացնելու և նրանց որպես դաշինքի անդամներ ողջունելու ժամանակը», - ասում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ միաժամանակ խոստովանելով, որ չնայած իր այս լավատեսությանը՝ սկանդինավյան երկու պետությունների՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ժամկետները մինչ օրս հստակ չեն։

«Անհնար է պատկերացնել, որ Ֆինլանդիայի կամ Շվեդիայի դեմ ուղղված որևէ սպառնալիք կարող է մնալ առանց ՆԱՏՕ-ի արձագանքման։ Դրա հետ մեկտեղ, [անդամակցության] հստակ ժամկետներ ես նշել չեմ կարող։ Մենք աշխատում ենք, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է արագ», - հայտարարում էր Ստոլտենբերգը։

Անկարայի դիրքորոշումն այս հարցում, սակայն, շարունակում է բավականին կոշտ մնալ։ Շաբաթասկզբին Անկարայում հյուրընկալելով Հունգարիայի արտգործնախարարին՝ թուրքական դիվանագիտության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարում էր, թե իր երկիրը շարունակում է ընդդիմանալ նախևառաջ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարին։

«Այն բոլոր գործողությունները, որոնց մասին մենք զգուշացնում էինք, Շվեդիայի տարածքում շարունակվում են։ Խոսքը միայն Ղուրանն այրելու մասին չէ։ Մենք խոսում ենք նաև այն պարտավորությունների մասին, որ ստանձնվել են ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շրջանակում։ Մենք չենք կարող դրական պատասխան տալ Շվեդիայի հայտին, քանի դեռ նրանք ընդառաջ քայլեր չեն կատարել», - հայտարարում էր Թուրքիայի ԱԳ նախարարը՝ միաժամանակ նշելով, որ Ֆինլանդիայի անդամակցության հարցում Անկարան այլևս առարկություններ չունի։

Թուրքական կողմի՝ Ստոկհոլմին ուղղված հիմնական պահանջը Շվեդիայի տարածքում բնակվող ավելի քան երեք տասնյակ քուրդ ակտիվիստների և Ֆեթուլահ Գյուլենի ղեկավարած ցանցի անդամների արտահանձնումն է։ Չնայած ամռանը թվում էր, որ շվեդական կառավարությունն արագ կկատարի Թուրքիայի պահանջները, հետագայում Շվեդիայի դատարանները սկսեցին խոչընդոտել այդ փորձերին։ Ամենաաղմկալի դեպքը դեկտեմբերի վերջին էր, երբ Շվեդիայի գերագույն դատարանն արգելափակեց երբեմնի ամենաազդեցիկ թուրքական թերթերից մեկի՝ Zaman-ի նախկին խմբագիր Բյուլենթ Քենեշի արտահանձնման գործընթացը։ Շվեդ դատարավորները պնդում էին, որ իրենց երկրի տարածքում փախստականի կարգավիճակ ունեցող Քենեշը արտահանձնման դեպքում Թուրքիայում կարող է հետապնդվել ոչ թե քրեական բնույթի հանցանքների, այլ քաղաքական հայացքների համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG