Մատչելիության հղումներ

Կիլոմետրանոց հերթեր՝ Գյումրիում գործող Հյուսիսային մաքսատանը


Գյումրիում գործող Հյուսիսային մաքսատանը ներմուծվող մեքենաների կիլոմետրանոց հերթեր են։ Մաքսատան ներսում էլ կայանելու տեղ գրեթե չկա։

Ո՞րն է այս հերթերի պատճառը, ինչո՞ւ է կտրուկ ավելացել ավտոմեքենաների ներմուծումը, արդյո՞ք Հայաստանում այդքան պահանջարկ կա. ավտոներկրողները հիմնականում խուսափում էին խոսել տեսախցիկի առջև:

Նրանցից մեկը, որ չցանկացավ ներկայանալ ու տեսանկարահանվել, պատմեց՝ ներմուծված ավտոմեքենաների 70-80 տոկոսն արտահանում են պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստան. - «Ակտիվությունը սկսվել է անցած տարվա կեսից հետո: Հիմնականում արտահանվում են մեքենաները, եթե սխալ չասեմ, մոտ 70-80 տոկոսը Ռուսաստանի Դաշնություն: Հենց դա է պատճառ հանդիսացել, որ հոսքն ավելանա, այսինքն մեքենաներն ավելի արագ թափով են գնվում արտասահմանյան երկրներից՝ արտահանման նպատակով: Ներմուծվում, մաքսազերծվում է ԵԱՏՄ տարածքում ու արտահանվում է երրորդ երկիր»:

Ըստ Պետեկամուտների կոմիտեի տրամադրած վիճակագրության՝ մեքենաների ներկրումը կտրուկ ավելացել է անցած տարի, երբ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմ սկսեց. այսպես՝ եթե նախապատերազմական 2021-ին ընդամենը 7897 մեքենա է ներմուծվել Հայաստան, ապա 2022-ին այդ թիվը հասել է 45 հազար 298-ի՝ մոտ վեց անգամ ավելի։ Ընդ որում՝ անցած տարի ներմուծված մեքենաների գրեթե 1/3-ը արտահանվել է ԵԱՏՄ տարածք, չնչին մասը՝ այլ երկրներ։ ՊԵԿ-ը առանձին տեղեկություն չի տալիս, թե ԵԱՏՄ որ երկրներ են արտահանվել մեքենաները։

Հայաստանցի ավտոներկրողները խոստովանում են՝ արևմտյան կոշտ պատժամիջոցները լավ հնարավորություն են ստեղծել, ու քանի դեռ սահմանափակում չկա, գործարարներն օգտվում են այդ հնարավորությունից. - «Էսօրվա դրությամբ Ռուսաստանն է հանդիսանում հիմնական շուկան: Երբ որ արգելք կլինի տվյալ մասով, մարդիկ կսկսեն նորից Հայաստանի ներսում առնել-ծախելը, բայց քիչ քանակությամբ: Քանի որ հնարավորությունը հիմա մեծ է դուրս արտահանելու, մեծ թվով մեքենաներ են գալիս»:

Մի կողմից բիզնեսի համար հնարավորություն է ստեղծվել, մյուս կողմից էլ վտանգ կա, որ Հայաստանը կդիտարկվի որպես Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելուն օժանդակող երկիր։ Օրերս ԱՄՆ-ն այլ երկրների շարքում նաև Հայաստանին էր հորդորել չնպաստել շրջանցող մեխանիզմներին։ Ի՞նչ են անում իշխանությունները, որպեսզի Հայաստանի համար խնդիրներ չստեղծվեն, հետաքրքրվեցինք ՊԵԿ նախագահից:

«Մենք որևէ պրոցես չենք շրջանցում, մենք որևէ օրենսդրական կարգավորում չենք շրջանցում, մենք մեր որևէ միջազգային ստանձնած պարտավորություն չենք խախտում և եթե խոսքը վերաբերում է երկակի ռազմական նշանակության ապրանքներին, ապա խստիվ հետևում ենք բոլոր այն կարգավորումներին, որ առկա է, ու, բնականաբար, առանց համապատասխան թույլտվության կամ փաստաթղթերի, առանց նման պրոցեսներ անցնելու որևէ ներմուծման կամ արտահանման պրոցես չի սպասարկվում», - պատասխանեց Ռուստամ Բադասյանը:

ՊԵԿ նախագահը բնական է համարում մաքսատան հերթերը. ԱՄՆ-ից, Դուբայից ու Վրաստանից ներմուծվող մեքենաներն այստեղ մաքսազերծվում են ու օգտվելով ԵԱՏՄ տարածքում գործող արտոնություններից, արտահանվում, սա է այս աշխուժության հիմնական պատճառը:

«Գյումրիում, բնականաբար, մեծ հերթեր են, այո, կապված է նաև նրա հետ, որ ԵԱՏՄ որոշ երկրներ այնուհետև ապրանքները վերաարտահանվում են, նաև Ռուսաստանի Դաշնություն: Հիմա օրական 200-ից ավելի տարանցման հայտարարագիր է գրվում Գյումրիի մաքսատան վրա, օրը 200-ից ավելի մաքսազերծման պրոցես է սպասարկվում, այսինքն հսկայական, մեծ հոսք է, որը նախկինում չենք ունեցել», - նշեց Բադասյանը:

Ավտոներկրողները դժգոհում էին, որ օրերով սպասում են բեռնատարների դատարկման իրենց հերթին։ Մաքսատան տարածքում մեքենաների բեռնաթափման համար լրացուցիչ տեղի անհրաժեշտություն է տեսում նաև ՊԵԿ նախագահը։ Ասաց՝ բանակցում են Գյումրիի քաղաքապետարանի հետ, որ մրցույթ անցկացնեն ու տարածքը ընդլայնեն։

Դատելով ավտոներկրողների հետ զրույցներից՝ դեպի Ռուսաստան մեքենաների արտահանումն այս տարի ավելի կմեծանա:

XS
SM
MD
LG