Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն հորդորում է պահպանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները. ինչպես կարող է դա ազդել Հայաստանի վրա


Արխիվ
Արխիվ

ԱՄՆ-ն հորդորել է պահպանել պատժամիջոցները

Էկոնոմիկայի նախարարությունը չի մեկնաբանում Միացյալ Նահանգների պաշտոնական հորդորը՝ պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու այդ երկիր չարտահանել արգելված ապրանքներ։ Գերատեսչությունում ԱՄՆ-ի արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունների բարձրացրած հարցերին տեղյակ են, բայց իրենց քայլերի մասին չեն բարձրաձայնում։

Միացյալ Նահանգները նախօրեին հայտարարել է, որ որոշ «դերակատարներ շարունակում են փորձել խուսափել Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցներից՝ փորձելով շրջանցել արտահանման վերահսկողությունը», այդ թվում՝ երրորդ կողմի միջնորդությամբ:

Հրապարակված ուղեցույցում Չինաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի կողքին նշված է նաև Հայաստանը։ Ամերիկյան պետական գերատեսչությունները ներկայացնում են պետությունների կողմից կիրառվող հնարքները՝ դրանք ոչ միայն ծառայում են որպես տարանցման երկիր, այլև փոփոխում են որոշ ապրանքների մասեր, ծագման երկրի մասին տվյալներն ու նոր փաթեթավորմամբ ուղարկում Ռուսաստան։

Վարչապետ Փաշինյանը, սակայն, օրերս Բեռլինում Գերմանիայի կանցլերի հետո համատեղ ասուլիսին հերքել էր Հայաստանի մասնակցությունը այս սխեմաներին՝ դրանք անվանելով խոսակցություններ և հիշեցրել անցած գարնանը Հայաստանում ձերբակալված ռուսական ըներության կողմից օգտագործվող օդանավի պատմությունը։

«Արևմտյան մի սեփականատեր ՀՀ-ից է վերցրել կամ իր տիրապետության տակ վերցրել ՌԴ ավիաընկերություններից մեկի կողմից օգտագործվող օդանավ: Մենք ցույց ենք տվել, որ հարգելով մեր բոլոր հարաբերությունները, մեր բոլոր գործընկերներին՝ գործողությունների և գործունեության օրինականությունը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն», - նշել էր նա:

Օլաֆ Շոլցն, իր հերթին, հատուկ շեշտել էր, որ Հայաստանի ղեկավարի հետ բանակցություններում քննարկել են Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների շրջանցման թեման:

«Բնականաբար, մենք խոսել ենք այս հարցի շուրջ, Գերմանիան հետևում է իրավիճակին», - առանց հստակ մանրամասների ասել էր Գերմանիայի կանցլերը։

Նաև այս պատժամիջոցներն են խթանել Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճին. Մակարյան

Հայաստանի դեպքում պարզ չէ, թե ինչ ապրանքների մասին է խոսքը։ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, սակայն, ասում է՝ Հայաստանը միակ երկիրը չէ, կան շատ երկրներ, որոնք տարբեր մեխանիզմներով շարունակում են առևտուրը Ռուսաստանի հետ։

«Ես չեմ ժխտում, որ կարող է դա համապատասխանում է իրականությանը, և նաև, որ հայկական ընկերությունների մի մասը ինչու չէ, կարող է վերափաթեթավորում է կամ վերագրանցում է և այլն, և վաճառում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Ամերիկյան պատժամիջոցների տակ են հեռախոսները, ռադիոտեխնիկան, բժշկական սարքեր, ոսկին ու ամերիկյան և եվրոպական արտադրության մի շարք այլ ապրանքատեսակներ։ Նաև այս պատժամիջոցներն են խթանել, որ Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն անցած տարի ավելացել է, ասում է Մակարյանը։ 2022-ին այս ցուցանիշը աճել է երեք անգամ՝ կազմելով ավելի քան 4 միլիարդ դոլար։

«Դրանք կարող են լինել պահեստամասեր, տարբեր սարքավորումներ, որովհետև Ռուսաստանի ավելի ժամանակակից մասն արդյունաբերության, որը վերաբերում էր ավտոմոբիլային արդյունաբերության, էլեկտրանիկային, արևային պանելներին կամ ռազմական տեխնիկային, այդտեղ կիրառվում են ավելի ժամանակակից էլեկտրոնային կամ էլեկտրատեխնիկական սարքեր, կան նաև բժշկական սարքեր, որոնք հաճախ Ռուսաստանը ներմուծում էր այլ երկրներից», - նշեց Մակարյանը:

Գործատուների միության նախագահի խոսքով՝ Եվրոպան էլ է շարունակում Ռուսաստանի հետ առևտուրը, և Հայաստանին ճնշելը ձեռնտու չի լինի նաև քաղաքական առումով՝ հաշվի առնելով պաշտոնական Երևանի չեզոք դիրքորոշումը. «Եվրոպան էլ նույն ձևով նույն խնդիրները ունի, մասնավորապես գազի ներմուծում և այլն, բայց աչքերը փակում են, ոչ ոք իրեն սանկցիաների տակ չի դրել»:

Ռուսաստանից Արևմուտք մի շարք ապրանքներ ևս էլի Հայաստանի միջոցով են արտահանվում. տնտեսագետ

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ որպես Եվրասիական տնտեսական միության երկիր՝ Հայաստանը չի կարող բիզնեսին սահմանափակել այս կամ այն ապրանքի արտահանումը, բայց կա մի առանձնահատկություն՝ Հայաստան ներմուծված ամերիկյան ընկերության արտադրանքը չի կարող վաճառվել Ռուսաստանին, այս դեպքում տնտեսվարողը կենթարկվի պատժամիջոցի։

«Որոշակի սահմանափակումներ, այնուամենայնիվ, կարող է անել՝ թույլ տալով, որ սանկցիաների որոշակի ռեժիմներ կան, որոշակի խնդիրներ կարող են առաջանալ, այսինքն՝ իրազեկման աշխատանքներ տնտեսվարողների հետ, բայց այդպիսի աշխատանքներ չեն տանում», - նկատեց նա:

Հայաստանի կառավարությունը ոգևորված է Ռուսաստանի հետ գրանցած առևտրի աճով, բայց ամերիկյան այս նախազգուշացմանը կարող են հետևել պատժամիջոցները բիզնեսի և նրա ներկայացուցիչների դեմ, ասում է տնտեսագետը. «Դա երկկողմանի է, այսինքն՝ ոչ միայն Արևմուտքից Ռուսաստան, այլ նաև Ռուսաստանից Արևմուտք մի շարք ապրանքներ էլի Հայաստանի միջոցով են արտահանվում, դրա վառ օրինակը ոսկին է. ռուսական ոսկին գտնվում է սանկցիաների տակ, և անցած տարի մենք, օրինակ, մոտավորապես 61 միլիոն դոլարի չափով ոսկի ենք արտահանել Թուրքիա: Սա աննախադեպ ցուցանիշ է»:

Մեկ տարի է՝ Արևմուտքը աննախադեպ խիստ պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի դեմ չհրահրված պատերազմ սկսած Ռուսաստանի նկատմամբ։ Պատժամիջոցների տակ հայտնվող ընկերությունների ու անհատների ցանկերը պարբերաբար թարմացվում են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է արյունալի պատերազմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG