Մատչելիության հղումներ

Սյունեցիները դժգոհում են կաթի մթերման գնի իջեցումից


Մարտի 1-ից Սյունիքում վերամշակող գործարանները կաթը գյուղացուց մթերում են 160 դրամով, նախկին 200-ի փոխարեն։

Տեղ գյուղից Նազիկ Բաղդասարյանը միանգամից 40 դրամով էժանացումը անխղճություն է համարում. - «Խիղճը լավ բան ա։ Որ գետնի տակից դուրս է գալիս, կես լիտր ջուրը արժե 180 դրամ, իսկ մեկ լիտր կաթը արժե 160 դրամ։ Տես դա խելքին մոտիկ բան ա՞... մարդ մի քիչ խիղճ պետք ա ունենա»։

Տիկին Նազիկի համագյուղացին՝ Սլավիկ Գզիրանցը քառասունչորսօրյա պատերազմից առաջ 100 կով և 1100 ոչխար ուներ։ Արոտավայրերն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու հետո ստիպված կրճատել է անասունների գլխաքանակը։ Հիմա ընդամենը տասը կով ու մեկ ձի ունի։ Ասում է՝ անասնապահությունը սահմանի այս գյուղերում արդեն ոչ միայն եկամտաբեր չէ, այլև վտանգավոր է դարձել։

Քիչ չեն դեպքերը, երբ անասուններն անցնում են սահմանը, հայտնվում ադրբեջանցիների մոտ։ Գյուղացին մենակ և անտեսված է մնացել, դժգոհում է 72-ամյա տղամարդը։ Դիզվառելիքն ու անասնակերը թանկ են, գյուղմթերքը՝ անհամամեմատ էժան։

Այսքանից հետո իրենք նույնիսկ իրենց արտադրանքի գինը որոշելու հնարավորություն չունեն. - «Օրեկան մի հետ գին են փոխու՞մ։ Մի մայկա ենք առնում, ասում ա էսինչ գինն ա, բայց մեր կաթի գինը չկա: Մթերք են պերում ծախում, ասում են էս գինն ա, գնում ես խանութ ասում ա՝ էս գինն ա։ Իմ կաթս արժի՞ ոչ մի բոթուլ ջերմուկ»։

Սյունիքի մարզում կաթ մթերող ամենախոշոր գործարանի սեփականատերը հրաժարվեց մեկնաբանել էժանացումը։ Մեկ այլ՝ ավելի փոքր գործարանի սեփականատերը, որ չցանկացավ ներկայանալ, ընդունեց, որ միանգամից 40 դրամով նվազեցումը նոր խնդիրներ կստեղծի առանց այն էլ վնասներ կրած գյուղացիների համար. - «Թեկուզ ես եմ մթերում կաթը, ցանկալի երևույթ չի։ Թող լիներ էն, ինչ որ կար»։

Գործարարը կաթի գնի իջեցման պատճառ է համարում տեղի խոշոր ընկերություններից մեկի իրացման խնդիրները, որի հետևանքով տուժելու նաև են նաև իրենք՝ փոքր գործարանատերերը. - «Գնի իջեցում արեց, ինքը իրա էդ մնացած ապրանքը, որ մի հատ վաճառքի հանի։ Իրա էդ ամեն ինչը կարգավորելու ա, նորից գինը բարձրացնի։ Ու էդտեղ տուժում են մնացած գործարանները։ Եթե ես, ասենք, օրվա մեջ մթերում եմ, օրինակ, մի տոննա կաթ, ժամանակ ա գալու, որ էդ մի տոննան, որ պիտի ավելանա, դառնա երկու, երեք, չի լինելու»։

Սամվել Թունյանը Սյունիքում գործող մեկ այլ փոքր գործարանի սեփականատեր է։ Նա կաթի էժանացումը շուկայում ապրանքների գների նվազման և արտահանման դժվարությունների հետ է կապում։ Ասում է՝ փոքր գործարանները մթերում են այն գնով, ինչ գին որոշում են խոշորները. - «Մենք շատ քիչ, օրեկան 200 կիլո կաթ ենք ունենում, մեր համար էդ 200 կիլոն ոչ մի բան չի։ Ոնց կողքինները որոշում են, մենք էլ էդ որոշումուվ անում ենք։ Գյուղացիները խի չե՞ն տենում, որ ամեն ինչը էժանացել ա, ամեն ինչը։ Ի՞նչը չի էժանացել։ Չի արտահանվում, լճացել ա, դրա համար ամեն ինչն էլ էժանացել ա»։

«Խանութում մի լիտր կաթը 500 դրամ ա, բայց գյուղացուց 150 դրամ... Ո՞նց են ասում, որ մեր գործարանները բանկրոտի ա ենթարկվելու, փակվելու ա։ Եթե 160 դրամով վերցնում ես 500-550 դրամով կաթ ես վաճառում, ո՞նց ես դու սնանկանում», - վրդովվում է Տեղի բնակիչ Նազիկ Բաղդասարյանը։

Նազիկ Բաղդասարյան
Նազիկ Բաղդասարյան

Նրա կարծիքով, գյուղմթերքի գների նկատմամբ պետական վերահսկողություն է պետք, որպեսզի գյուղացին գյուղում մնա։ Ասում է՝ թանկ անասնակեր են գնել, ծախսեր արել, բայց երբ պետք է եկամուտ ստանան, իրենց ապրանքն արժեզրկում են։

Կինը համագյուղացիների օրինակով է ցույց տալիս սահմանի այս գյուղերում ստեղծված վիճակը. - «Էստեղ Տեղ համայնքում, մանավանդ Տեղ բնակավայրում յուրաքանչյուրը 100, 150 խոշոր ա ունեցել, 1000-2000 մանր եղջերավոր անասուններ են ունեցել։ Հիմա կա՞ էդպիսի մեկը, որ ֆերմա ունենա։ Ոչ։ Ամենաշատը 10-15 կով են պահում, տանը, էդ էլ արդեն կամաց-կամաց կրճատվում ա»։

Գյուղոլորտը համակարգող Էկոնոմիկայի նախարարությունից չեն հստակեցնում, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել այս հարցը լուծելու համար։ «Ազատությանը» միայն փոխանցեցին, որ խնդրին տեղյակ են, ուսումնասիրում են։

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ կաթի մթերումը Հայաստանում տարեցտարի նվազում է, ընդ որում, 2022-ին վերջին հինգ տարիների ամենացածր ցուցանիշն է գրանցվել՝ մթերվել է 623 հազար տոննա կաթ՝ ավելի քան 50 հազար տոննայով քիչ 2021-ից։

Այս ֆոնին գյուղատնտեսությամբ զբաղվողներն ահազանգում են սահմանային գյուղերի դատարկման վտանգի և դրան հետևանքով առաջացող անվտանգային խնդիրների մասին։

«Ինքնըստինքյան ստացվում է, որ պետք ա սահմանամերձ գյուղից մարդիկ թողնեն գնան քաղաք՝ աշխատանքի համար։ Արդեն արտագաղթ ա սկսվելու։ Բա սահմանները ո՞վ պիտի պահի։ Դրա մասին չեն մտածո՞ւմ։ Դե գոնե կաթի գինը բարձրացրեք, մարդկանց աշխատատեղ ստեղծեք, որ կարողանան էստեղ ապրեն, սահմանները պահեն, որ դուք կարողանաք երևաններում ապրեք», - ասում է Նազիկ Բաղդասարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG