Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ոստիկանությունը կրկին ցրել է ցուցարարներին, բազմաթիվ մարդիկ բերման են ենթարկվել


Վրաստան - Մարտի 8-9-ի իրադարձությունները Թբիլիսիում
Վրաստան - Մարտի 8-9-ի իրադարձությունները Թբիլիսիում

Թբիլիսիում երեկ երեկոյան ցուցարարները շրջափակել էին խորհրդարանի շենքը, ջարդել պատուհանների ապակիները, քարեր և այլ առարկաներ նետել շենքի ուղղությամբ:

Ոստիկանական ուժերը, ինչպես նախորդ անգամ, ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել, ջրցան մեքենա, հատուկ միջոցներ: Ցուցարարները պարեկային ծառայության ավտոմեքենա են շրջել:

Կեսգիշերի սահմաններում հատուկ ջոկատայինները ցրել են ցուցարարներին, ազատել խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը, դիմացի հրապարակը և Ռուսթավելի պողոտայի այդ հատվածը:

Վրացական լրատվամիջոցներն այդ ժամերին հաղորդում էին, որ ոստիկանները զանգվածաբար բերման են ենթարկում մարդկանց, փողոցներում հետապնդում են ցուցարարներին, նրանց վրա գազային նռնակներ արձակում:

Ցուցարարների մի մասը ապաստան էր գտել Կաշվեթիի եկեղեցում, որտեղ տուժածներին առաջին օգնություն է ցուցաբերվել:

Վրաստանի խորհրդարանում մարտի 7-ին առաջին ընթերցմամբ ընդունված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերը, բողոքի, անհնազանդության ակցիաները շարունակվում են:

Ցուցարարները, ընդդիմությունը, Վրաստանի ռազմավարական դաշնակից երկրները և միջազգային կառույցները գտնում են, որ այդ օրենքը Վրաստանում սահմանափակելու է ժողովրդավարությունը և ազատությունները:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ երկրի ամբողջ պատմության ընթացքում քանի անգամ որ վրաց ժողովուրդը դուրս է եկել փողոցներ, նրա ընտրությունը և հայտարարությունը եղել է հետևյալը՝ «Մենք ցանկանում ենք Եվրոպա»:

«Օրենքը, որը նախաձեռնվել է, և որի վրա ես խոստացել եմ վետո դնել, հակասում է Եվրամիության կողմից պաշտպանվող բոլոր սկզբունքներին: Եվ սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք սպասում ենք {ԵՄ անդամության} թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն: Մի քանի ամիս առաջ թեկնածուի կարգավիճակ ստացան Ուկրաինան և Մոլդովան, Վրաստանը՝ ոչ: Վրաստանի ժողովուրդը գիտի, թե որքան կարևոր է դա մեզ համար: Նրանք գիտեն, որ իրենց երեխաների ապագան կախված է նրանից, ինչ մենք կձեռնարկենք առաջիկա շաբաթներին և ամիսներին: Նրանք շատ հստակ հասկանում են, որ իրենց պետք է Եվրոպա», - ասել է Զուրաբիշվիլին CNN-ի հարցազրույցում:

XS
SM
MD
LG