Մատչելիության հղումներ

Հուսով ենք՝ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր դիտողություններին. Ալիև


«Այսօր ես պարոն նախագահին տեղեկացրել եմ Հարավային Կովկասին վերաբերող, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Հուսով ենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր դիտողություններին», - այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լատվիացի պաշտոնակից Էգիլս Լևիտիսի հետ բանակցություններից հետո։

Թե ինչ դիտողություններ ունի Բաքուն, Ալիևը չի պարզաբանել։

«Որոշ ժամանակ առաջ մենք ներկայացրել ենք մեր առաջարկները, որոնք հիմնված են միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա։ Հայաստանն ուղարկել է իր մեկնաբանությունները։ Ի պատասխան մենք մեր մեկնաբանություններն ենք ուղարկել։ Այնպես որ, գործընթացը շարունակվում է»,- ասել է Ադրբեջանի առաջնորդը։

Անցած օրերին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ խաղաղաղության պայմանագրի տեքստում 3-4 կետերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանն առայժմ համաձայնության գալ չեն կարողանում՝ հրաժարավելով մանրամասնել, թե կոնկրետ որ կետերի մասին է խոսքը։

Լատվիայի նախագահն, իր հերթին, Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ռիգան հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին՝ «տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցնեի՝ նա նշել է, որ «եկել է նման խաղաղ համաձայնագրի հասնելու ժամանակը»՝ հավելելով, որ «կաջակցեն խաղաղ համաձայնագրի, որում երկու կողմերն էլ համաձայնության կգան»։

XS
SM
MD
LG