Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պահանջած ինտեգրացիան նշանակում է Արցախի բնաջնջում. ընդդիմադիր պատգամավոր


Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանին չեն զարմացրել Բաքվի վերջին սպառնալիքները, թե եթե Արցախը չընդունի ինտեգրացիոն քաղաքականությունը, կլինեն ավելի կոշտ և կտրուկ քայլեր:

«Ադրբեջանական ինտեգրացիան ինքնին նշանակում է բնաջնջում, էթնիկ զտումներ, հայաթափում և, բնականաբար, հայրենիքի կորուստ՝ Արցախի ձևով», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էր երեկ բացել փակագծերը, թե Բաքուն ինչ պահանջներ ունի. «Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որին պետք է մենք դիմակայենք», - ասել էր նա։

Ուժի դիրքերից ու կտրուկ քայլերի հռետորաբանությունն Ադրբեջանը չի դադարեցրել նաև 44-օրյա պատերազմից հետո, ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը, իսկ Հայաստանի ու Արցախի իշխանությունները հանրությանն այլ իրականության մասին են պատմել։ «Արցախը ունի մի քանի հարթության խնդիր։ Առաջինը հենց Արայիկ Հարությունյանն է, որը նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո չսթափվեց և իրավիճակին համահունչ գործելու որևէ ջանք չգործադրեց։ Երկրորդը այն է, որ Հայաստանը Արցախի հետ կապված հարցերում լուրջ միջամտություն դրսևորելու որևէ ցանկություն չունի»։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ Արցախի շուրջ ադրբեջանական օղակը սեղմվում է Փաշինյանի քաոտիկ քաղաքականության հետևանքով։ Ընտրություններից առաջ վարչապետը ինքնորոշման սկզբունքն էր պնդում, հետո այդ էջը փակեց ու միջազգային մեխանիզմների երաշխիքների թեման բացեց, ինչն, ըստ պատգամավորի, ադրբեջանական օրակարգի հետ աղերս չունի։

«Հայաստանի իշխանությունը հանրությանը մոլորեցնում էր, թե կա խաղաղության հնարավորություն, կար խաղաղության օրակարգ, որը ոչ միայն ամբողջությամբ տապալվեց, այլև պարզվեց, որ իրականում իշխանության ասածը պատերազմի օրակարգն էր», - նշեց նա։

Իշխանական պատգամավորը Ռուսաստանին է մեղադրում, որ հասցեական հայտարարություններ չի անում

Իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը համաձայն է, որ Ադրբեջանի օրակարգն ահաբեկչական է։ Բայց ի՞նչ անի Հայաստանի իշխանությունը, հարցնում է Փաշինյանի թիմակիցը. «Էն, ինչ որ Ադրբեջանը անում է հիմա, դա ոչ մի կապ չունի, թե Հայաստանը ինչ դիրքորոշում ա վերցրել»։

Իշխանական պատգամավորը Ռուսաստանին է մեղադրում, որ հասցեական հայտարարություններ չի անում, Ադրբեջանին չի մեղադրում ահաբեկչության համար, ինչից Բաքուն ավելի ավելի անկաշկանդ է դառնում. «Ռուսաստանի վարքագիծն էլ ինչ-որ առումով Ադրբեջանի թևերի տակ ոնց որ ասում են ձմերուկներ ա դնում»։

Ըստ իշխանության ներկայացուցչի՝ Ալիևին զսպելու հույսը միջազգային ճնշումն է։ Սա այն դեպքում, երբ Բաքուն երկու շաբաթ է՝ չի կատարում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումն ու չի բացում Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։

«Մեր միակ թերևս անելիքը պիտի լինի ուժեղացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա», - նշեց իշխանական պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունը չպետք է զատեր Արցախի հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններից, շարունակեր պնդել ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Հակառակ դեպքում Արցախը մնաց Ադրբեջանի հայեցողությանը, նշեց նա:

Ըստ նրա՝ Բաքվի վերջին սպառնալիքներն էլ ցույց տվեցին, որ Ստեփանակերտի հետ հնարավոր երկխոսությունը միջազգային երաշխիքների հեռանկարով, խաբեություն է. «Որևէ մեկը ունի՞ երաշխիք, որ կարող են ստեղծվել ինչ-որ միջազգային առերևույթ երաշխիքներ, որոնք կապահովեն Արցախի անվտանգությունը։ Իհարկե, ոչ»:

«Այսինքն՝ եթե չենք զատում, բանակցություն չի լինում, հետո՞։ Ի՞նչ ենք անում... Այսինքն՝ մենք խոմ չենք կարա մեր ժողովրդին Արցախում, Հայաստանում սրի քաշենք, ասենք՝ մենք ճիշտ էինք։ Չի կարելի, անպատասխանատու բաներ են խոսում», - ասում է «Քաղաքացիական պայմանագրից» Խաչատրյանը։

Անցած շաբաթ վարչապետ Փաշինյանը Բեռլինում հայտարարեց, թե Հայաստանը համաձայնել է տարանջատել Արցախի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև ձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Թե երբ է հավանական, որ ստեղծվի այդ մեխանիզմը, ինչպես է գործելու, և որ կառույցը կամ պետությունն է ստանձնելու երաշխավորի դերը, հստակ չէ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG